×


Արմեն Ռոչը Եղեռնի 100-ամյա տարելիցին 1 500 000 թեյի փաթեթիկով պատրաստված արվեստի գործ կներկայացնի

Ֆրանսահայ նկարիչ Արմեն Ռոչը նպատակ ունի ստեղծել արվեստի հսկայական մի գործ, որը կնվիրվի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Նա հավաքում է թեյի օգտագործված եւ չորացված փաթեթիկներ, որոնցից յուրաքանչյուրը դառնում է իր ստեղծագործության մասնիկը։ BRAVO.am-ի հետ զրույցում նկարիչը նշել է, որ տեւական ժամանակ է` աշխատում է թեյի ծրարիկներով, սակայն այն, ինչ պատրաստում է այժմ, առավել մեծ խորհրդավորություն եւ նշանակություն ունի իր համար։

Արմեն Ռոչը 1 500 000 թեյի փաթեթիկով պատրաստված արվեստի գործ կներկայացնի


Ստեղծագործությունը կերտելու համար հարկ կլինի հավաքել 1 500 000 թեյի փաթեթիկ մինչեւ գալիք տարվա սկիզբ, կամ 2000-ից 4000 փաթեթիկ` մեկ օրում. "Թվում է` անհնարին առաքելություն է, սակայն հենց այսքան մարդ է կոտորվել այդքան քիչ ժամանակահատվածում թուրքերի կողմից",-հավելել է նա։

Վերացապաշտական(աբստրակտ) ոճում ստեղծագործող նկարիչը 2015 թվականին կներկայացնի կերպարվեստական մի աշխատանք, որը ճանաչելու, հիշողության եւ հարգանքի կոչ է, նաեւ խոնարհումի ու մեծարման տուրք։ Արվեստագետը հուսով է, որ տարբեր երկրներից հազարավոր մարդիկ իրենց մասնակցությամբ կոգեկոչեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը` հավաքելով ու "գրանցելով" իրենց համերաշխությունը յուրաքանչյուր թեյածրարիկի հետեւում."Ամեն մի ծրարիկ իր պատմությունն ունի` պարուրված մարդկային շնչով եւ ներկայությամբ: Այս ենթատեքստում տեսանելի են հազարավոր փոքր ու նման պատմություններ, որոնք, դրվելով կողք կողքի, վերածվում են հավաքական պատմության":

Արմեն Ռոչը 1 500 000 թեյի փաթեթիկով պատրաստված արվեստի գործ կներկայացնի


Արդեն 18 հազարից ավելի նմուշ է հավաքվել. ամենատարբեր ազգությունների եւ նախասիրությունների տեր մարդիկ ուղարկում են ծրարիկները կամ հենց նրա տուն բերում։ Նկարչի կինը` Ջիլդա Գեղամյանը, զբաղվում է արվեստի մասնիկ դարձող այս ծրարիկների հավաքմամբ, պահպանմամբ եւ ծրագրի համակարգմամբ։ Նա բազմիցս դիմել է ֆրանսիական պետական հաստատությունների` իրենց գործը ներկայացնելու նպատակով տեղ հատկացնելու համար, սակայն դեռ հստակ չէ, թե որտեղ է լինելու ցուցադրությունը։ 

Արմեն Ռոչն արդեն պատկերացնում է, որ այս յուրօրինակ նյութով կփորձի քարանձավատիպ տարածք ստեղծել."Խորհրդավոր եւ կենդանի վայր կլինի, յուրաքանչյուր մասնիկ մի զոհի կյանք է մատնանշելու, իսկ թեյածրարներից կախված թելերը քամու օգնությամբ նրանց շունչը կդառնան"։

Թեյի շուրջ զրույցի հրավեր 

Իր ստեղծագործությամբ, սակայն, նա մտադիր չէ բացասական մթնոլորտ ստեղծել, հակառակը` սա մի բաժակ թեյի շուրջ զրույցի հրավեր է։ Դեռ վաղուց թեյն ու թեյախմությունը նկարչի համար հետաքրքիր առանձին աշխարհ են, դրա հետ կապված ավանդույթներն ու սովորույթները տարբեր ազգերի համար կարող են տարբեր լինել, բայց բուն իմաստը մեկն է` թեյն իր շուրջ է համախմբում մարդկանց եւ ջերմություն հաղորդում նրանց սրտերին ու մտքերին։ Ահա այսպիսի երկխոսության, մտերմիկ եւ ընկերական զրույցի պակաս է նկատում մեր զրուցակիցը, որը կարող է լուծել ազգերի միջեւ ծառացած խնդիրները։ Այս անսովոր նյութով աշխատելիս նա դրանում տարբեր իմաստներ է տեսնում` ծրարիկները հաճախ ասոցացնելով մետաքսի հետ։ Օգտագործում է նաեւ դրանց պարունակությունը` չորացած թեյը դարձնելով մոխրին կամ փոշուն փոխարինող նյութ։

Արմեն Ռոչը 1 500 000 թեյի փաթեթիկով պատրաստված արվեստի գործ կներկայացնի


Թեյի ծրարիկը բաժակի մեջ դնելով էլ Արմեն Ռոչը սկսում է իր օրը. առավոտյան շատ վաղ արթնանալով` մտնում է խոհանոց եւ թեյ պատրաստում։ Հենց այդ պահից էլ սկսում են նրա ստեղծագործական պրպտումները թեյի արվեստն օգտագործելու, այն իր արվեստում ընդգրկելու շուրջ։ Ծրարիկներն ընդունվում են բոլորի կողմից եւ ցանկացած երկրից, այնպես որ, դուք էլ կարող եք Ձեր մասնակցությունն ունենալ եւ հարստացնել Արմեն Ռոչի ստեղծագործությունը։

Տեքստը` Էլլադա Ղուկասյան-Բարսեղյանի/Bravo.am-ի սեփական թղթակիցը Փարիզում/
Լուսանկարները` Արմեն Ռոչի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին