×


Նկարչուհի-դիզայներ Արմինե Աղայանցը

Արմինե Աղայանցն իր արվեստով գրավում է աշխարհը

Երեւանի Ավան թաղամասի իրենց տան երկրորդ հարկի արվեստանոցում ստեղծագործում է Երեւանի Գեղարվեստի ակադեմիայի շրջանավարտ Արմինե Աղայանցը, ով, ստանալով մասնագիտական լուրջ կրթություն պրոֆեսիոնալ վարպետներ Էդուարդ Վարդանյանի, Արմեն Բուբուշյանի ու Սարո Գալենցի ակադեմիական դպրոցում, իսկ ուսման ժամանակ համագործակցության ծրագրով (Ակադեմիայի  եւ Ֆրանսիայի Լիմոժ քաղաքի գեղարվեստի բարձրագույն դպրոցի միջեւ), եղել է  ֆրանսիայում, բազմաթիվ գեղանկարչական ու դիզայներական, քանդակագործական ու լուսանկարչական ցուցահանդեսների մասնակից եւ մրցանակակիր է: Արմինեի 27 տարին դեռ չի լրացել, բայց արդեն հանրահայտ գեղանկարիչների կողմից ընդունված նկարչուհի է:

Նկարչուհի-դիզայներ Արմինե Աղայանցը


Առանձնատունը յուրօրինակ ցուցասրահ է, իսկ արվեստանոցը ստեղծագործ մարդու բնութագիրը ներկայացնող մի անկյուն է, ուր աշխատանքային սեղանը ծանրաբեռնված է բազմաթիվ ու տարատեսակ էսքիզներով ու համակարգչով: Սա այն միջավայրն է, որտեղ լինում են ստեղծագործական ու նաեւ ոչ ստեղծագործական, հոգեբանական մարդկային հուզումների ու ապրումների քննարկումներ: Այստեղ գալիս են նկարչուհու ընկեր-ընկերուհիները:

Արմինեն այժմ գտնվում է Միացյալ Նահանգներում, որտեղ այս տարվա ապրիլին մասնակցել է Նյու Յորքի հանրահայտ Արտէքսպո ցուցահանդեսին: Այնուհետեւ՝ սեպտեմբերի վերջին, նույն կազմակերպիչների կողմից Սան Դիեգոյում իրականացված ցուցահանդեսին, իսկ գալիք տարեսկզբին կներկայանա Լաս Վեգասում կայանալիք ցուցահանդեսներին:

Արմինեի ստեղծագործական հեքիաթը սկսվել է Հակոբ Կոջոյանի անվան նկարչական դպրոցից, որից հետո ավարտել է Գեղարվեստի պետական ակադեմիայի դիզայներական բաժինը գերազանցությամբ, Ֆրանսիայի Լիմոժ քաղաքի Գեղարվեստի բարձրագույն դպրոցի փորձառությունը, ու սկսել է նկարչի դժվարին ճանապարհը՝ ցուցահանդեսներ, տարատեսակ ստեղծագործական բնույթի աշխատանքներ, Հայաստանի դիզայներների միության անդամություն, արտասահմանյան ցուցահանդեսներ, մրցանակներ...

Արմինե Աղայանցի աշխատանքներից


Առաջին ակնհայտ հաջողությունը հին արվեստների երկրում էր՝ Իտալիայում: Վենետիկի «Մուրանո» հանրահայտ ապակեգործական ընկերության կողմից կազմակերպված միջազգային ցուցահանդես-մրցույթն էր, որի կազմակերպվածությունն ու անաչառությունն անհամեմատելի են: Մրցույթին մասնակցել էին աշխարհի գրեթե բոլոր քիչ թե շատ մշակույթ ունեցող երկրների երեք հարյուրից ավելի արվեստագետներ: Առաջադրված է եղել ընդամենը ինը անվանակարգ՝  նույնքան  ոսկե մեդալ մրցանակով: Ընդհանուր աշխատանքներից պետք է ընտրվեին երեսուն առավել հաջողված աշխատանքներ, որոնցից ինը կունենային ոսկե մեդալներ: Եվ այդ ինը ոսկե մեդալներից երկու անվանակարգում հաղթող է ճանաչվել մեր հայրենակիցը, երկու անգամ Վենետիկի ցուցասրահում հնչել է «Արմինե Աղայանց, Արմենիա» բառերը, իսկ մրցանակների հանձնումից հետո բացվում է ցուցահանդեսը, եւ առաջին պլանում Արմինեն տեսնում է ինն անվանակարգերում հաղթած արվեստագետների աշխատանքները՝  Մուրանո ապակեգործական ընկերության լավագույն ապակեգործների կողմից պատրաստված: Ապակուց ստացված բարձրարժեք երկու աշխատանք Արմինե Աղայանցի մտահղացմամբ ու նկարներով է: Սա մեծ ոգեւորություն էր Արմինեի կարիերայի համար: Հետագայում նրան հրավիրում են «Մուրանո» ընկերությունում աշխատելու, սակայն նա հրաժարվում է, քանզի նպատակները հեռուներն էին տանելու նրան, չէ՞ որ ընդամենը քսանմեկ տարեկան էր: Ամեն օր նա քնել է երազանքներով եւ արթնացել այդ երազանքներն իրականացնելու նպատակասլացությամբ ու համառությամբ:

Հաջորդը պետք է լիներ Ֆրանսիայում: Փարիզի Լուվր այցելության ժամանակ նկարչի սուր դիտողականությունն ու նաեւ պրոֆեսիոնալ լուսանկարչական ձիրքը նրան կրկին տարավ այնտեղ, այս անգամ արդեն ցուցադրվելու՝ Արմինեի լուսանկարը 2015-ին ցուցադրվեց Լուվրի նախասրահում կազմակերպված լուսանկարների միջազգային ցուցահանդեսում, այնուհետեւ տեղ գտավ ցուցահանդեսի կողմից տպագրված լավագույն լուսանկարների երկու տարբեր ալբոմներում: Շատերն են դիտել այդ լուսանկարներն ու իրենց զարմանքն ու հիացմունքն արտահայտել մեր հայրենակցուհու դիտողունակության վերաբերյալ:  


Ինչպես ինքն է ասում.«Մանկության երազանքներիս մասին շատ բան չեմ հիշում, երազում էի հեծանիվ ունենալ եւ երեք անիվանի հեծանվով էլ ավարտվեց մանկական այդ մի երազանքը, մեկ էլ լավ հիշում եմ իմ առաջին պլաստիլինի տուփը՝ գունավոր պլաստիլիններով, որոնք շուտով խառնվեցին իրար ու դարձան մեկ համասեռ գորշ գույնի պլաստիլին, ինչը մինչեւ հիմա էլ ուղեկցում է ինձ եւ իմ հեքիաթի անբաժան մասն է կազմում»:

Իսկ նրա ուսանողական շրջանի երազանքն էր լինել Լուվրում եւ մասնակցել Նյու Յորք ԱրտԷքսպո ցուցահանդեսին, որտեղ իրենց առաջին մկրտությունն են ստացել 20-րդ դարի մի շարք նշանավոր նկարիչներ, որտեղ անցած տարի կայացած ցուցահանդեսին յուրաքանչյուր օր այցելուների քանակը հասել է մինչեւ քսանութ հազարի: Ու փաստորեն նա արդեն այդ երազանքներն իրականացրել է: Իսկ Նյու Յորքի Արտ էքսպոն շարունակական է, եւ Արմինեն հրավիրվել է մասնակցելու նաեւ սեպտեմբերի վերջին Կալիֆորնիայի Սան Դիեգո քաղաքում կայանալիք ցուցահանդեսին:  

Բնականաբար, առաջին անգամ մասնակցելու իրավունք ստանալը հեշտ չի եղել: Թե  ինչպիսի ճանապարհ է անցել, ինչ դժվարություններ ու խոչընդոտներ է նա հաղթահարել ճշմարիտ արվեստի դժվարին ճանապարհին, միայն իրեն է հասկանալի, սակայն նա ցուցահանդեսներին մասնակցել է մեծ պատասխանատվությամբ , համառ աշխատանքով, իր մասնագիտությանը անմնացորդ նվիրումով ու նպատակասլացությամբ: Նա մասնակցել է թե՛ ուսանողական, թե՛ երիտասարդական, եւ թե՛ ավագ գործընկերների հետ համատեղ ցուցահանդեսներին՝ հասկանալով, որ իր սիրելի մասնագիտության մեջ հաջողության հասնելու անկյունաքարը հենց ցուցահանդեսների մասնակցությունն է, քանզի մինչեւ մասնակցությունը պահանջվում է ստեղծագործ ու պրպտումներով լի քրտնաջան աշխատանք, որն  արվեստագետին մղում է գեղանկարչական արվեստի եւ ընդհանրապես արվեստի հզոր ուժի հորձանուտը, որտեղ նկարիչը միայնակ է իր կտավի ու ներկապնակի հետ եւ ինչքան ազնիվ ու անաչառ է, այնքան հաջողությունը նրա ուղեկիցն է, իսկ այդ հորձանուտը երջանիկ պահերով լեցուն հորձանուտ է:

Նկարչուհի-դիզայներ Արմինե Աղայանցը


Ինչպես ինքն է ասել.«Մարդկային խնդիրները ամենուրեք նույնն են, իսկ արվեստագետի ստեղծագործությունների ասելիքը պետք է համամարդկային խնդիրների մասին լինի»:

Մեր օրերում, երբ դրամի մրցավազքում կարծես թե արվեստը զիջել է իր դիրքերը, մեր իրականության մեջ Արմինե կա, ում դրական աուրան ոչ միայն իրեն է կայծ տալիս ապրելու ու արարելու, այլ նաեւ իրեն շրջապատողներին, ու բնավ էլ այնպես չէ, թե ճշմարիտ արվեստն իր տեղը զիջել է, ընդհակառակը միշտ էլ արվեստն իր դոմինանտ դերն ունի բոլոր երկրների բարգավաճման գործընթացներում, եւ Աստված մի արասցե, որ արվեստն իր տեղը զիջի մարդու ձեռքով իսկ ստեղծված իրին՝ դրամին:

Հետո Արմինեի արվեստն այսօր պահանջված է: Այսօր Հանրապետությունում, եւ ոչ միայն, բոլոր լավագույն մասնագետները ճանաչում եւ գնահատում են Արմինե Աղայանցի արվեստը: Նրան առաջարկվող աշխատանքները բազմապիսի են՝  ինտերիերի եւ էքստերիերի դիզայն, քանդակ եւ գեղանկարներ եւ նույնիսկ ժյուրի, ասել է թե արդեն կայացած ու առանձնահատուկ՝ յուրատեսակ նկարչուհի: Անհրաժեշտության դեպքում միշտ էլ օգտակար է եղել կամ էլ համագործակցել է թե՛ իր ուսուցիչների, եւ թե՛ գործընկերների հետ: Գործընկերների բնութագրմամբ՝ մասնագիտական որեւէ հարցի դեպքում ակնթարթային այնպիսի լուծում կառաջարկի, որ միայն զարմանալ ու հիանալ է պետք...

Արմինե Աղայանցի աշխատանքներից


Թերեւս Արմինե Աղայանց նկարչուհի-դիզայների դիմանկարը լիարժեք չէր լինի, եթե չանդրադառնայինք նրա ստեղծագործական ոճին: Երբ մի առիթով նրան հարցրի, թե որն է իր ոճը, նա պատասխանեց.«Արվեստը համամարդկային արժեքների ստեղծման ու ներկայացման մի յուրատեսակ ցուցասրահ է, իսկ ոճերն էլ մարդիկ են ընտրում կամ որոշում: Եթե արվեստագետի աշխատանքները ասելիք չունեն, եթե այդ ասելիքը համամարդկային չէ, ապա ոչ մի ոճ կամ ուղղություն արդարացված չէ»:

Նրա աշխատանքները հաճախ նմանեցնում են Գուստավ Կլիմտի եւ երբեմն էլ մեր հայրենակից Ժանսեմի աշխատանքներին... Սակայն իմ խորին համոզմամբ Արմինե Աղայանցի ստեղծագործություններում կա մի յուրահատուկ, առանձնահատուկ ձգողական ուժ, ինչի մասին անպայման դեռ կլսենք: Նրա երազանքներից է նաեւ անհատական ու մեծ ցուցահանդես ունենալը:  Հաջողություններ մաղթենք մեր հայրենակցին իր համամարդկային ստեղծագործություններում:

Առայժմ այսքանն էր երիտասարդ, բայց արդեն ճանաչված յուրատեսակ մարդ ու նկարչուհի-դիզայներ Արմինե Աղայանցի դիմանկարը:
 
Մարինա Առաքելյան
Լուսանկարները՝ Արմինե Աղայանցի արխիվից
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին