×


Արմինե Գեւորգյանի զարդը` Էվելինա Խրոմչենկոյի ցուցահանդեսին :)

Նկարիչ-մոդելավորող Արմինե Գեւորգյանը, որին BRAVO.am-ն անդրադարձել է երգչուհի Լանա Խաչատրյանի տեսահոլովակներից մեկի հրապարակման ժամանակ, վերջերս մասնակցել է Ռուսաստանում ոճի եւ նորաձեւության խորհրդանիշ համարվող Էվելինա Խրոմչենկոյի կազմակերպած ցուցահանդեսին:

Էվելինա Խրոմչենկոն եւ Արմինե Գեւորգյանը


Նա BRAVO.am-ին պատմել է, որ նորաձեւության էքսպերտը հավանել է համացանցում ներկայացված իր զարդերը եւ հրավիրել Մոսկվա.“Գիտեի, որ Էվելինան սոցիալական ցանցերի միջոցով հետեւում է տարբեր ազգերի մոդելավորողների գործերին: Հաճելի էր, որ առաջարկեց մասնակցել ցուցահանդեսին, որը տեղի ունեցավ Մոսկվայի պատմական հուշարձան համարվող “Петровский пассаж” կենտրոնում”:

Արմինե Գեւորգյանի հեղինակած զարդերից


Արմինե Գեւորգյանը, որը նաեւ որպես նկարիչ աշխատում է Հենրիկ Մալյանի անվան թատրոնում, մոսկովյան ցուցահանդեսին ներկայացրել է գունավոր ապակիներով, ոսկեզօծ թելերով ու բյուրեղյա քարերով պատրաստած վզնոց.“15 զարդիցս Խրոմչենկոն ընտրեց հինգ նմուշ “Նորաձեւ վճիռ” ծրագրի նկարահանման համար, իսկ մեկը տրամադրեցի ցուցահանդես-վաճառքի համար”:

Արմինե Գեւորգյանի հեղինակած զարդերից


Նկարիչ-մոդելավորողի փոխանցմամբ` ցուցահանդեսին ներկայացված է եղել ինչպես Էվելինա Խրոմչենկոյի անձնական վինտաժային հավաքածուն, այնպես էլ տարբեր ոճերում ստեղծագործող Իսրայելից, Միացյալ Նահանգներից, Ուկրաինայից եւ այլ երկրներից 22 դիզայների ձեռագործ աշխատանքներ.“Կային մարդիկ, որոնք մասնագիտությամբ դիզայներ չէին, բայց պատրաստում են յուրօրինակ բիժուտերիա: Ոգեշնչված վերադարձել եմ ու հիմա աշխատում եմ նոր հավաքածուիս զարդերի ստեղծման վրա: Ուրախ եմ, որ մարդկանց հետաքրքրությունը ցուցահանդեսից հետո մեծացել է: Փորձում եմ պատրաստել այնպիսի զարդեր, որոնք կզարդարեն ցանկացած անշուք զգեստ”:

Արմինեն իր զարդերը պատրաստում է կաշվից, կիսաթանկարժեք քարերից, պարաններից, փետուրներից, ապակուց, մետաղական ուլունքներից եւ մշակված հայելուց` առաջնորդվելով “Հիմնական լրացում հագուստին” կարգախոսով:

BRAVO.am
Լուսանկարները տրամադրել է Արմինե Գեորգյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին