×


Արմինկա. “Ես կարող եմ ընդունել ազատությունն իր բոլոր դրսեւորումներով, սակայն անընդունելի եմ համարում վուլգարությունը”

“Դու քաղաքի ամենասիրուն մաման ես”. այս խոսքերն Արմինկան հաճախ է լսում: Փոքրիկ Ալեքսը շատ ուշադիր է տան անդամների նկատմամբ եւ հաճախ է երգչուհի-մայրիկին, մորաքրոջն ու տատիկին հաճոյախոսություններ անում: Հայկական շոու-բիզնեսի նորաձեւ եւ ոճային երգչուհին վերջերս Bravo.am-ի ֆոտոխցիկի առջեւ անկեղծացել է` խոսելով ոճի, նորաձեւության եւ գրագետ հագնվելու մասին:

Արմինկան


Ասում են, որ ամենաոճային երգչուհիներից եմ

1992 թվականին “Հայեր” խմբի կազմում մուտք գործեցի հայկական շոու-բիզնես: Այն ժամանակ այս խումբը, թերեւս, ամենահայտնին էր: Խմբով հանդես գալու տարիներին ստիպված էինք միանման հագնվել, միեւնույն ոճով ներկայանալ:

Անհատական կարիերայով զբաղվելով` սեփական ոճն ունենալու ազատություն ընձեռվեց ինձ: Այդ կոչմանն արժանանալու ճանապարհը, սակայն, այնքան էլ հեշտ չի եղել: Հատկապես այդ տարիներին, երբ բոլորի համար սուղ էին պայմանները, շատ քչերը կարող էին իրենց թույլ տալ հատուկ ընտրված զգեստ եւ մշակված կերպար:

Ոճաբանի հետ չհամագործակցելու դեպքում հիմնականում ինքս եմ որոշում, թե ինչ կերպարով եմ հանդես գալու տեսահոլովակներում եւ ինչ տեսքով եմ ներկայանալու համերգներին:

Քրոջս` Լուսինեի հետ հաճախ եմ խորհրդակցում, սակայն հիմնական որոշումն իմն է լինում: Նա զբաղվում է բացառապես իմ սանրվածքով:

Այն ամենն, ինչ անում ես, պետք է համահունչ լինի քո ապրելակերպին ու ներաշխարհին:

Բեմի մարդկանց համար փոփոխությունները շատ ավելի կարեւոր են: Համարձակություն է պետք դրա համար:

Արմինկան


Այո՛, համարձակ եմ, որովհետեւ առաջիններից եմ եղել, ով փիրսինգ է արել: Շատ ընկերուհիներ ունեմ, ովքեր ցանկացել, սակայն չեն համարձակվել դիմել այդ քայլին:

10 տարի առաջ փիրսը Հայաստանում, հայաստանցի աղջկա համար բավականին համարձակ քայլ եմ համարում:

Ունեմ նաեւ փոքրիկ դաժվածք, որ շատ քչերը գուցե նկատած լինեն: Երբեք չեմ արել ինչ-որ բան միայն ցույց տալու համար: Գաղափարը դուր է եկել, իրագործել եմ:

Եթե մարդ ունի ճաշակի զգացողություն, ապա նորաձեւությունն օգնում է նրան ձեւավորել իր սեփական ոճը:

Երբեք նորաձության զոհ չեմ եղել: Չեմ հագել այնպիսի զգեստ, որն ինձ չի սազում, որքան էլ այն նորաձեւ լինի: Ես գիտեմ` ինչն է ինձ սազում, ինչը` ոչ, ինչն է կարելի, ինչը` ոչ:

Առօրյայում ես հարմարավետ եմ հագնվում, նույնը եւ բեմում է: Ոչ թե զգեստը պետք է ինձ ներկայացնի, այլ` հակառակը, հետեւաբար այն պետք է նաեւ հարմարավետ լինի:

Այսօր ամեն ինչ շատ ավելի հասանելի է: Հատկապես դուր է գալիս Ռիհաննայի համարձակությունը:

Արմինկան


Չեմ սիրում բրենդամոլություն, գլամուր ասվածը, որ այսօր այնքան արժեզրկված է: Հիմա ավելի հաճելի է տեսնել  բնական, ավելի խնամված, քան պճնված աղջիկների, ինչո՞ւ չէ, նաեւ տղաների:

Ամեն մարդ պետք է ունենա իր դեմքը, ոչ թե փորձի նմանվել մյուսներին: Այսօր ամենուր միօրինակություն եմ նկատում, անգամ համաշխարհային շոու-բիզնեսում. նույն սանրվածքը, նույն դիմահարդարումը: Հոգնեցնող է:

Ճաշակ ձեւավորվում է դեռ մանկուց

Ծնողներս շատ նուրբ ճաշակ են ունեցել: Փոքրուց միշտ հետեւել եմ, թե ինչպես է հայրս ճիշտ համադրում հագուստը, գույները: Մայրս նույնպես առանձնացել է իր գրագետ հագուկապով: Դեռ երիտասարդ տարիներին նա հագնում էր մանուշակագույն զգեստ, սիրում էր շոկոլադի տարբեր երանգները: Շատ բծախնդիր էր հատկապես կոշիկների հարցում, որը փոխանցվել է ինձ եւ քրոջս:

Կոշիկներ, պայուսակ. ահա մեր թուլությունը:

Մայրս միշտ ասում է . “Կոշիկի ընտրությունը շատ կարեւոր է: Նույնն է, թե ունենաս շքեղ վերանորոգված բնակարան, սակայն վատ հատակով: Կնոջ զգեստապահարում կոշիկն առաջնային տեղ պետք է ունենա”:

Իմ ոճի եւ երաժշտական ճաշակի ձեւավորման գործում մեծ լումա ունի նաեւ եղբայրս`Կարենը:

Փորձում եմ նույնը փոխանցել նաեւ որդուս` Ալեքսին: Խորհուրդների հետ մեկտեղ ընտրության հնարավորություն եմ տալիս նրան:

Արմինկան


Ալեքսը գնահատում է գեղեցկությունը: Վերջերս Լուսինեն արտասհամանից գեղեցիկ հագուստ էր գնել: Ալեքսը գրկեց մորաքրոջն ու անկեղծացավ. “Մորքուր ջան, դու շատ սիրուն ճաշակ ունես”:
 
Նա շատ ուշադիր է մեր նկատմամբ. ոչինչ երբեք աչքից չի վրիպում: Սիրում է հաճոյախոսություններ անել:

Որոշեցի դարձյալ շիկահեր դառնալ: Արդեն 10 տարի է`շիկահեր եմ: Այդ ընթացքում  վարսերիս գույնը երկու անգամ եմ փոխել`փոքր-ինչ մգացնելով: Երբեմն անհրաժեշտ է այդ փոփոխությունը, սակայն միշտ հոգուս խորքում վստահ եմ եղել, որ շեկ մազերն իմն են:

Միշտ խուսափել եմ որեւէ մեկին խորհուրդ տալուց

Այսօր տեսնում եմ բավականին հաջողված կերպարներ, ողջունում եմ այն մարդկանց, ովքեր փնտրում են , քայլեր են անում գեղեցիկ ոճ ձեւավորելու համար:
Վստահ եմ`բեմը չի հանդուրժում էժանություն եւ վուլգարություն:

Ես կարող եմ ընդունել ազատությունն իր բոլոր դրսեւորումներով, սակայն անընդունելի եմ համարում վուլգարությունը:

Գրեթե տասը տարի է, ինչ չեմ բացել սպորտային ոչ մի ակումբի դուռ: Շատ վատ եմ արել, իհարկե:

Այնպես է ստացվել, որ գենետիկորեն հակված չենք գիրանալու: Ուշադրություն  եմ դարձնում սննդակարգիս: Չեմ զրկում ինձ ոչ մի բանից:

Սնվում եմ հաճախ, սակայն քիչ, նախընտրում եմ բանջարեղեն, սպիտակուցով հարուստ սնունդ:

Արմինկան


Հատուկ քննադատ չունեմ: Հաշվի եմ առնում ընտանիքիս անդամների խորհուրդները: Երբեմն մայրս է չափից ավելի քննադատում:

Առողջ քննադատությունը բավականին առողջ եմ ընդունում, իսկ հիվանդագինը` արհամարհում եմ:

Կան սանրվածքներ, վարսերի գույներ, որոնք բացառում եմ: Օրինակ` երբեք ինձ չեն տեսնի տարօրինակ, կիսասափրած սանրվածքով, մազերի կանաչ ու անհասկանալի երանգներով:

Կանացիությունը կնոջն էլ ավելի է գեղեցկացնում:

Հաճախ եմ կարդում այն մասին, որ ամենաշպարվող հայտնիների ցուցակում եմ: Իրականում շատ շպարի կողմնակից չեմ, պարզապես դիմահարդարներն են երբեմն չարաշահում:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի /Bravo.am/
Լուսանկարները` Մարիամ Լորեցյանի /Bravo.am/
Նկարահանումն իրականացվել է “Luminarium” խանութ-սրահում

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին