×


Արշոն “Սկոտչ&Whiskey”-ի պրեմիերային սկոտչով փակել է Ռաֆոյի բերանը :)

«Մոսկվա» կինոթատրոնում երեկ տեղի է ունեցել Արշո Հարությունյանի “Սկոտչ & Whiskey” ֆիլմի պրեմիերան, որին ներկա էին ինչպես դերակատարները, այնպես էլ կինոյի, թատրոնի եւ երաժշտության բնագավառի այլ հյուրեր, որոնց կտեսնեք BRAVO.am-ի ֆոտոշարքում:

Արփի Գաբրիելյանը, Լուիզա Ներսիսյանը, Արշո Հարությունյանը եւ Ռաֆայել Երանոսյանը


Կինոկատակերգության ցուցադրությունից առաջ լրագրողների հետ զրույցի ժամանակ ռեժիսոր Արշո Հարությունյանը սկոտչով փակեց Ռաֆայել Երանոսյանի բերանը` բացատրելով, որ դերասանը շատ է բողոքել՝ ասելով, թե նկարահանումները երկար են տեւել եւ դժվար անցել:):

Պարզվեց` ֆիլմի պրոդյուսերը` Միքայել Պողոսովը, միջոցառմանը չէր մասնակցում բանտում գտնվելու պատճառով.«Ցավոք, նա չկարողացավ ներկա լինել. բանտում է, որտեղ նոր հիանալի ֆիլմ են նկարում:)»,-կատակով նշեց ռեժիսորը:

Արշո Հարությունյանը եւ Ռաֆայել Երանոսյանը


Արշոն անդրադարձավ նաեւ ֆիլմի բյուջեին.«Հստակ թվեր ասել չեմ կարող, բայց վստահաբար կարող եմ տեղեկացնել, որ ծախսվել է այնքան, որքան անհրաժեշտ է որակյալ ֆիլմ նկարահանելու համար: Ոչ մի խնայողություն չի արվել. եվրոպական չափանիշներին համապատասխան նկարահանումներ ենք ունեցել»:

“Սկոտչ եւ վիսկի”-ում Սոս Ջանիբեկյանը հանրությանն առաջին անգամ ներկայանում է կնոջ հագուստով: Նա ֆիլմի ավարտից հետո ասաց, որ այն իր համար հետաքրքիր էր. սցենարի եւ Արշո Հարությունյանի շնորհիվ հանդես է եկել նորովի. «Առաջարկը ստանալուն պես համաձայնեցի. կնոջ կերպարով հանդես գալու մեջ խնդիր չեմ տեսնում, եթե արվում է համով-հոտով, եւ ոչ թե ուղղակի ծիծաղեցնելու համար է, այլ կերպարի գիծն է։ Շատ լարված էի դիտում, ինձ թվում է` վատ էր. կարող էի ավելի լավ ներկայանալ»։

Գրիշա Աղախանյանը` կնոջ հետ


Միկայի կերպարում հանդես եկող Ռաֆայել Երանոսյանը շեշտեց, որ համանուն ներկայացումն ու ֆիլմը շատ տարբեր են.«Ինձ ավելի հոգեհարազատ է ներկայացումը, քանի որ հանդիսատեսից ջերություն եմ ստանում, սակայն ֆիլմն էլ իր առավելություններն ունի. կարողանում ես ցույց տալ շատ նրբություններ։ Հուսով եմ՝ ֆիլմը չի զիջի ներկայացմանը»:

Էվային մարմնավորող Լուիզա Ներսիսյանն ասաց, որ երկրորդ անգամ դիտելուց հետո կկարողանա անաչառ գնահատել աշխատանքը.«Այնքան լարված էի, այնքան երկար եմ սպասել, որ ոչինչ չեմ կարող ասել։ Դեռ տաք եմ, մեկ անգամ էլ կգամ դիտելու եւ կփորձեմ օբյեկտիվ գնահատական տալ։ Միայն կարող եմ ասել, որ գույները շատ լավն էին, եվրոպական մի բան կա»:

Լուիզա Ներսիսյանի եւ Հրանտ Թոխատյանի դուստրը` Լիլիթը


Սառայի կերպարում հանդես եկող Արփի Գաբրիելյանի խոսքով` առաջին անգամ ֆիլմը դիտելուց հետո տպավորություն է ունենում, թե ինչ-որ բան կիսատ է արել. «Սպասում եմ հանդիսատեսի արձագանքին, քանի որ իրական գնահատական տվողը ժողովուրդն է: Ուրախ եմ, որ ներկաները ջերմ էին, լավ խոսքեր լսեցինք, բայց հաշվի եմ առնում նաեւ այն, որ ներկաների մեծ մասը մեր ընկերներն էին»:

Նշենք, որ ֆիլմի ողջ ընթացքում դահլիճում ուրախ տրամադրություն էր տիրում, իսկ վերջում ներկաների մեկնաբանությունները դրական էին, ինչից կարող ենք ենթադրել, որ “Սկոտչ եւ վիսկի”-ն հանդիսատեսին դուր է եկել:

BRAVO.am
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /BRAVO.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին