×


Արսեն Սաֆարյանը եւ Ռուզաննա Անդրեասյանը երգում են «սիրային կոնֆլիկտի» մասին

Արսեն Սաֆարյանի եւ Ռուզաննա Անդրեասյանի համագործակցության արդյունքում նոր զուգերգ եւ տեսահոլովակ է ստեղծվել, որի պրեմիերան նախատեսված է այսօր: «Հավատա» երգի երաժշտության եւ խոսքերի հեղինակը հենց երգչուհին է, իսկ գործիքավորումը կատարել է նրա ամուսինը` Սերգեյ Հովհաննիսյանը:

Արսեն Սաֆարյանի եւ Ռուզաննա Անդրեասյանի «Հավատա» տեսահոլովակի նկարահանումներին


«Իմ երգացանկում զուգերգերն այնքան էլ շատ չեն. միշտ մտածել եմ, որ այն կամ պետք է շատ լավը լինի, կամ չլինի: Երբ լսեցի Ռուզաննայի հեղինակած երգը, շատ հավանեցի, նա որոշ շտկումներ արեց, ու ձայնագրեցինք»,-BRAVO.am-ին պատմել է Արսենը, Ռուզաննան էլ հավելել է, որ երգը պատրաստ է եղել դեռեւս մեկ տարի առաջ, սակայն իր հղիության պատճառով որոշել են հետաձգել տեսահոլովակի նկարահանումները, որի ռեժիսորը Հրաչ Քեշիշյանն է, օպերատորը` Սուրեն Թադեւոսյանը.«Աշխատել ենք տաղավարում, կիրառվել են գրաֆիկական լուծումներ»:

Ռուզաննա Անդրեասյանը` «Հավատա» տեսահոլովակի նկարահանումներին


Արսենի խոսքով` «Հավատա»-ն կտարբերվի իր նախորդ կատարումներից. «Մարդիկ կլինեն, որ կասեն` իմ ոճը չէ, բայց գուցե հենց դրանով էլ հետաքրքիր է: Երգել ենք սիրո մասին, կա նաեւ խնդիր: Հենց գրաֆիկական լուծումներով էլ կներկայացնենք անհամաձայնությունը, որը հաճախ պայմանավորված է կենցաղով եւ բազում այլ հանգամանքներով: Կարծում եմ` յուրաքանչյուրն այս երգում կգտնի իր հավատը կամ կոնֆլիկտը»:

Ռուզաննան նշել է, որ Արսենի հետ համագործակցությունը դյուրին է ստացվել. «Նրան շատ եմ հարգում որպես տաղանդավոր երգիչ եւ երգահան, նաեւ իմ ընկերն է, ում ընտանիքին եւս շատ սիրում եմ»:

Արսեն Սաֆարյանը` «Հավատա» տեսահոլովակի նկարահանումներին


Արսենն էլ կարեւորել է այն հանգամանքը, որ Ռուզաննան հեղինակ-կատարող է. «Այսօր հաճախ է լինում, երբ գեղեցիկ են կամ գումար ունեն, որոշում են երգչուհի դառնալ, բայց Ռուզաննան կիրթ, դժվարությունների միջով անցած եւ փորձառու երգչուհի է, նաեւ գեղեցիկ է գրում»:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` երգիչների արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին