×


“Արտ ֆեստ”-ի շունչը` մեկ ամիս Երեւանում եւ մարզերում

“Մեկ տանիքի ներքո” խորագիրը կրող “Արտ ֆեստ 2015” երիտասարդական հանրապետական 3-րդ փառատոնի մեկնարկն արդեն տրված է: Ուղիղ մեկ ամիս` մայիսի 11-ից մինչեւ հունիսի 11-ը, մայրաքաղաքում եւ մարզային մի քանի քաղաքում գերիշխելու է արվեստի շունչը: Փառատոնի բացումը տեղի է ունեցել Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ուսումական թատրոնում, որին ներկա էին ինչպես հանձնաժողովի անդամներն ու արվեստի ոլորտի մարդիկ, այնպես էլ մշակութային բուհերի ուսանողները:

“Մեկ թագավորի թատրոն” ներկայացումը


“Արտ ֆեստ”-ն ընդգրկում է արվեստի մի քանի ճյուղ՝ թատերական արվեստ, կինոարվեստ, գեղանկարչություն, գրաֆիկա, լուսանկարչություն, քանդակագործություն, նաեւ երգարվեստ, դիզայն եւ այլն: Փառատոնի տնօրեն Էրիկ Բարսեղյանը բացմանը նշել է, որ այս տարի ունեն շուրջ 350 մասնակից.“Այս անգամ մենք հանդես ենք գալիս նորություններով` ավելացել են երգարվեստի, դիզայնի եւ դեկորատիվ կիրառական արվեստների ոլորտները: Նպատակ ունենք մայրաքաղաքային եւ մարզային ստեղծագործական խմբերի եւ մշակութային բուհերի ուսանողների ներուժը ի ցույց դնել հասարակությանը եւ բացահայտել նոր անուններ”:

Փառատոնի բացումը վստահված էր վրացական “Տորդա” անսամբլին: Վրացուհի երաժիշտները կատարել են վրացական երկու երգ` բարձր տրամադրություն հաղորդելով ներկաներին: Այնուհետեւ ցուցադրվել է առաջին ներկայացումը` երիտասարդ բեմադրիչ Ալլա Բունիաթյանի  “Մեկ թագավորի թատրոն” բեմադրությունը, որի պիեսի հեղինակն Աստղիկ Սիմոնյանն է:

Վրացական “Տորդա” խումբը


Էրիկ Բարսեղյանը հայտնել է, որ փառատոնին կներկայացվի 39 ներկայացում, 39 ֆիլմ, կերպարվեստի 210  ստեղծագործություն, 32 հագուստի մոդելավորում եւ 30 հոգի ելույթ կունենան երգարվեստի բնագավառում. “Այս տարի մեծ ակտիվություն են ցուցաբերել մարզերը: Մենք մասնակիցներ ունենք Շիրակի, Լոռու, Կոտայքի ու մյուս մարզերից: Առաջին անգամ տեղի կունենա վավերագրական ֆիլմերի դասընթաց, լավագույն ֆիլմերը կստանան մրցանակներ”:

Նազենի Հովհաննիսյանը` "Արտ ֆեստ" փառատոնի բացմանը


Հավելենք, որ “Արտ ֆեստ”-ը ներկայացուցչական-մրցութային բնույթի փառատոն է, որին մասնակցում են 16-35 տարեկան անհատներ ու ստեղծագործական խմբեր: Մասնագիտական հանձնախումբը ցուցադրությունները դիտելուց հետո որոշում է մրցանակակիրներին, հանդես գալիս խորհրդատվական կարծիքով, իսկ մրցանակաբաշխության օրը հանձնում ոսկե, արծաթե եւ բրոնզե մրցանակները։
Այս տարի մասնագիտական հանձնախմբի անդամներն են Ռաֆայել Քոթանջյանը, Աննա Հեքեքյանը, Դավիթ Հակոբյանը, Վիգեն Չալդրանյանը, Սամվել Սեւադան, Արամ Նիկոլյանը, Լալա Մնացականյանը, Աննա Կարապետյանը, Արզաս Ոսկանյանը եւ ուրիշներ:

BRAVO.am
Լուսանկարները` “Արտ ֆեստ” փառատոնի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին