×


Արտակ Վարդանյան. “Վախեցած էինք, բայց կացին առայժմ չեմ նկատել”

BRAVO.am-ը հունիսին տեղեկացրեց, որ ռադիոհեռուստալրագրող եւ հաղորդավար Արտակ Վարդանյանը աշխատանքային ժամանակավոր դադարի մեջ է, իսկ ազատ ժամանակը որոշել է օգտագործել հավուր պատշաճի: Այս աշունը նա անցկացրել է իտալական ձեւով, բայց` ոչ միայն իտալացիների հետ:):

Արտակ Վարդանյանը


-Այդ ի՞նչ հեռախոսազանգ կամ նամակ էր, որ քեզ տարավ Իտալիա:):


-“Մելյորա” հասարակական մշակութային կազմակերպությունից առաջարկ ստացա մասնակցել Եվրոպայի առաջատար երիտասարդ հաղորդավարների եւ լրագրողների հավաքին` Իտալիայի, Թուրքիայի, Իսպանիայի, Ադրբեջանի ներկայացուցիչների հետ: Նպատակը փորձի փոխանակումն է եւ Իտալիայի ազգային ռադիոյով հաղորդում հեռարձակելը: Աննկարագրելի էր, երբ իրենց ազգային ռադիոյի եթերից հայերենով ասացի` բարեւ եւ ներկայացրի Հայաստանն ու հատկապես հայկական ներկայիս “աստղերին”:):

-Նախագծի ընթացքում պատրասվող հաղորդումներից խոսիր, հատկապես քո արած աշխատանքը ներկայացրու: Առաջին հաղորդման ժամանակ հայկական ո՞ր երգերն են հնչել:


-Որոշեցինք ներկայացնել մեր երկրների էստրադայի լավագույն ներկայացուցիչներին եւ ընթացքում պատմել ազգային մշակույթների մասին: Ես պատրաստել եմ “ТОP 10”, որի շրջանակում հնչել են Կոմիտասի, Առնո Բաբաջանյանի, Արամ Խաչատրյանի, Կոնստանտին Օրբելյանի ստեղծագործություններից, Սիրուշոյի “Քելե-քելե”-ն, որը գիտեին շատերը, եւ Շուշան Պետրոսյանի կատարմամբ ազգային երգերի շարան:

Արտակ Վարդանյան."Արդեն հասցրել եմ ձեռք բերել ոչ միայն լավ կոլեգաներ, այլեւ լավ ընկերներ"


-Մասնակիցների հետ հարաբերություններդ ինչպիսի՞ն են: Իսկ ադրբեջանցու անձնական իրերում պատահաբար կացին չե՞ն հայտնաբերել:

-Առաջին օրերին մենք վախեցած էինք, չնայած` իմ եւ հարեւան ազգի ներկայացուցիչների առաջին հանդիպումը չէր: Բայց մի քանի օր անց մենք գործնական լավ հարաբերությունների մեջ էինք, քանի որ մեզ համախմբում է հեռուստատեսությունն ու ռադիոն. այստեղ հավաքված են մեդիան սիրող մարդիկ: Իսկ կացին առայժմ չեմ նկատել:):

-Իտալական ո՞ր քաղաքներ ոտք դրեցիր:


-Առաջին օրերին Հռոմում էինք, հետո եկանք Իտալիայի հարավում գտնվող Բարի, Սան Մարինո, ապա տեղափոխվեցինք Չեստերնինո, մի քանի օրից կրկին վերադարձանք Հռոմ:

Արտակ Վարդանյան."Իտալիայի ազգային ռադիոյի եթերից հայերենով ասացի` բարեւ"


-Իտալիան քեզ գրկաբա՞ց ընդունեց: Առօրյադ ներկայացրու, իտալացիները քեզնից տաքարյո՞ւն են ;):

-Ես իսկապես սիրեցի Իտալիան: Քանի որ նրանք էլ շփվող ազգ են, մեր երկուսի էներգետիկան համընկավ: Արդեն հասցրել եմ ձեռք բերել ոչ միայն լավ կոլեգաներ, այլեւ լավ ընկերներ: Ամեն երեկո փարթի էինք կազմակերպում` իտալական գինով եւ պանրով:):

-Հետաքրքիր ինչե՞ր ես բացահայտել քեզ համար այդտեղ գտնվելուդ ընթացքում:

-Ես ավելի քան բացահայտում եմ նման այցերի ընթացքում: Նախ` հայտնվում եմ ուժեղ մրցակցության մեջ, որն ինձ համար հետաքրքիր է: Հայաստանում արել ու անում եմ այն, ինչ անում եմ, մրցակցություն չկա: Այստեղ հասկանում ես, որ շատ անելիքներ ունես, երկրորդը` շատ աշխատելուց հետո վստահ կարող ես հայտնվել նաեւ իրենց եթերում: Հայաստանում հեշտ է եթերում հայտնվելը, հերթական, միապաղաղ հաղորդումներ պատրաստելն ու անիմաստ PR անելը, որը միջին վիճակագրական մարդը չի էլ նայում. այդպիսի հաղորդումները շատ են: Այստեղ պետք է ունենալ բարձր վարկանիշ, համապատասխանել TV-ի չափանիշներին. լինել հետաքրքիր, գրագետ, համապատասխան տեսքով եւ ինտելեկտով: Անընդհատ կրկնելով, որ դու հաղորդավար ես ու լրագրող, այդ մասին “Facebook”-ում գրելով` ոչինչ չես փոխի: Կարմիր խնձոր, աղջիկ-տղա հարաբերություններ, ամուսնալուծություն, այն էլ` ամիսը մի քանի անգամ. սրանք են հայկական հեռուստաեթերում ներկայացվող թեմաները, ինչը պրոդյուսերի, լրագրողի ու հաղորդավարի լավ աշխատանքի մասին չի խոսում:

Արտակ Վարդանյանը


-Իսկ վերադարձից հետո ինչո՞վ ես զբաղվելու, հստակ պայմանավորվածություններ ունե՞ս:

-Մինչեւ մեկնելս ունեի մի քանի առաջարկ, որոնք դեռ քննարկման փուլում են: Անչափ կարոտել եմ եթերը, բայց առայժմ շրջագայում եմ: Ինձ իսկապես ոգեւորում եւ ուժ է տալիս, որ ամեն քայլափոխին հարցնում են` երբ եմ վերադառնալու եթեր, ինչու չեմ վարում “Ազատ գոտ”-ին:):  Աստծո կամքով, խոստանում եմ առաջիկայում անել հեռուստատեսային լավ ծրագիր: Շատ գաղափարներ ունեմ, մնում է` ամեն ինչ լավ լինի: Այս դադարն ինձ պետք էր վերապատրաստվելու եւ վերաիմաստավորվելու համար:

Զրուցեց Լիլիթ Բաբայանը/Bravo.am/
Լուսանկարները` Արտակ Վարդանյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW