×


Արտաշես Մխիթարյանի ընտանիքը

Արտաշես Մխիթարյանի որդու առաջին լուսանկարները եւ անկեղծ խոստովանությունները

Պատահական հանդիպումը ճակատագրական է դարձել Արտաշես եւ Մարիամ Մխիթարյանների համար: Գեղեցիկ զույգն արդեն որդի ունի. փոքրիկ Մաքսիմն այսօր դարձել է 4 ամսական: Թեեւ Դրամատիկական թատրոնի դերասանը չի սիրում խոսել անձնականի, ընտանիքի մասին, սակայն երբեմն բացառություններ անում է: BRAVO.am-ը աշնանային ընտանեկան ֆոտոշարք է իրականացրել եւ Արտաշեսի հետ զրուցել կնոջ, տղայի, հայր լինելու պատասխանատվության, սերիալներում չնկահարանվելու պատճառի եւ այլ թեմաների շուրջ: Ի դեպ, նա հրաշալի է մեկնաբանել, թե ինչ է ռոմանտիկան:

Հետհարսանեկան օրերին

Չեմ կարող ասել` սեր էր առաջին հայացքից, բայց տեսա եւ տեսա… Ամեն օր հանդիպում էինք, հետո անակնկալ նշանադրություն կազմակերպեցի: Մայրիկիս 60-ամյակին մեր ընտանիքները պետք է ծանոթանային, այդ օրն ամուսնության առաջարկ արեցի, ու նշանվեցինք: Որոշ ժամանակ անց մեր հարսանիքը եղավ: Կազմակերպչական հարցերով երկուսով էինք զբաղվել եւ շատ էինք հոգնել, հիմա մտածում ենք՝ հաստատ չէինք անի երկրորդ անգամ: Հետհարսանեկան օրերին ուժասպառ էինք, իսկ չլուսաբանվեց, որովհետեւ դրա մասին չէինք մտածում:

Արտաշես Մխիթարյանը` որդու հետ


«Երջանիկ գիշերներ ենք արթուն լուսացնում»

Միանշանակ, մեր կյանքը փոխվել է Մաքսի ծննդից հետո: Մինչ այդ ապրում էինք այնպես, ինչպես ուզում էինք, մենք էինք տնօրինում մեր ժամանակը, անելիքները, ցանկությունները, բայց տղայիս ծննդից սկսած` մենք քայլում ենք նրա հետ: Ինքս քնի սիրահար եմ: Քանի որ օրվա ընթացքում անընդհատ էներգիա եմ սպառում, պետք է գոնե 8 ժամ քնեմ, բայց դրա հնարավորությունն այլեւս չկա: Սկզբնական շրջանում փոքր-ինչ անսովոր էր, այժմ շատ ուրախ, շատ երջանիկ գիշերներ ենք արթուն լուսացնում:):

«Տները սկսում են խարխուլանալ, երբ…»

Մենք օգնում ենք իրար բալիկի խնամքի հարցում, կարծում եմ՝ ցանկացած նորմալ եւ առողջ ընտանիքում կինն ու տղամարդը պետք է միմյանց օգնեն, այլապես շատ տարբեր առիթներով տները սկսում են խարխուլանալ: Ամեն ինչ թողնել կնոջ ուսերին, հնարավոր չէ: Ժամանակի մեջ տեղավորվելով՝ որքան կարողանում եմ, օգնում եմ, որովհետեւ մեր զավակն է, ոչ թե կնոջս: Պետք է միասին ամուր մնանաք, որ տունն էլ ամուր լինի, դա է ընտանիքի ամրության գրավականը՝ իրար հասկանալ, փոխադարձ օգնություն եւ այլն:

Հայր լինել

Հայր լինել` նշանակում է մեծ պատասխանատվություն. դու այլեւս իրավասու չես սխալ, թերի ապրել: Երկու անմեղ աչքեր կան, որ այս կյանքից դեռ ոչինչ չեն հասկանում, բայց ենթագիտակցորեն հետեւում են քեզ, եւ գալիս է ժամանակ, որ արդեն գիտակցորեն կրկնօրինակում են քեզ:

Փոքրիկ Մաքսիմը


Մաքսը սիրում է

Մաքսը լուրջ տղա է, մենք իրար հետ դիտում ենք իմ մանկության մուլտֆիլմերը: Ծնված օրվանից միասին երաժշտություն ենք լսում, որ ճիշտ ճաշակ ձեւավորվի, հետո ինքն ինչ ճանապարհ էլ ընտրի, ներկապնակը լիքը կլինի: Սիրում է խաղալ, ժպտալ մայրիկի հետ, խոսել ինձ հետ: Երբ աշխատանքից գալիս եմ տուն ու սկսում եմ իմ առօրյան պատմել, լուրջ լսում է, հետո իր տարբեր ձայներով պատմում է՝ ինքն ինչ է արել օրվա ընթացքում:

«Տղաս ու կինս ինձ համոզեցին»

Իմ տեսակից է, որ հարցազրույցներս քիչ են: Լինելով թատոնի, բեմի մարդ ու դերասան՝ քիչ եմ սիրում զրուցել, պատմել, խոսել: Գործի մասով համեստորեն լռում եմ, ու  սովորույթ է դառնում. սիրում եմ աշխատանքով խոսել: Ընտանիքի առումով էլ չեմ ուզում հանրության քննարկման առիթ դառնալ: Այս անգամ տղաս ու կինս ինձ համոզեցին:): Երբեմն-երբեմն պետք է հարցազրույցներ տալ:

«Ինձ 50 հազար տալու փոխարեն...»

Տեւական ժամանակ է` որեւէ նախագծում չեմ նկարահանվում: Կարծում եմ` կշարունակվի այնքան ժամանակ, երբ հրավիրող կողմը հասկանա` բավական զբաղված եմ թատրոնում, իսկ ես էլ կսկսեմ փորձել համատեղել: Վերջերս էլ առաջարկ ունեցել եմ, բայց դարձյալ չեմ կարողացել համատեղել իմ մյուս աշխատանքի հետ: Միշտ էլ եղել է թատրոնը, բայց այժմ փոխհամաձայնության գալն է դժվար: Ինձ 50 հազար տալու փոխարեն, ասում են՝ «5 հատ» դերասան կբերեն 10 հազարով: Հուսամ՝ կգա ժամանակ, որ մեզ մոտ էլ, ինչպես արտերկրում, արտիստը թատրոնից կգնա այլ քաղաքում նկարահանման, հետ կգա ներկայացում խաղալու եւ նորից կշարունակի նկարահանումները: Իհարկե, արտիստի մասին է խոսքը: Անկեղծ, միայն լուրերով եմ կարողանում հետեւել եւ իմանալ, թե որ դերասանը որտեղ է նկարահանվում, եւ այլն:

Արտաշես Մխիթարյանը` որդու հետ


«Ռոմանտիկան հենց դա է»

Չնայած թատրոնում մեծ զբաղվածության, փորձում եմ ժամանակս նաեւ կնոջս հետ անցկացնել: Բողոքներ չեմ ստանում, քանի որ կանխավ փորձում եմ իր աչքերով նայել՝ ինչ եմ անում: Կինս հաճախ է ինձ հետ լինում ներկայացումներին, միասին կեսօրին ընդմիջման ենք գնում, երկուսիս էլ դուր է գալիս, որովհետեւ սա մեր կյանքն է, միասին ենք սկսել ապրել ու պետք է շարունակենք: Կարծում եմ, ռոմանտիկան հենց այն է, երբ ամեն վայրկյան փորձում ես քո կողքը պահել սիրելիիդ, իսկ դրանից հաճելի պահ թե կնոջ, թե տղամարդու համար չկա:

Ընտանեկան երջանկությունը` մեկ բառով

Կուզենք, որ բոլոր բալիկները ուրախ լինեն, անհոգ ապրեն, որովհետեւ այսօր հենց Մաքսի առիթով ենք զրուցում, իր թույլտվությամբ եւ համաձայնությամբ: Թող բոլոր ընտանիքներում լինեն բալիկներ, ինչքան էլ իրենք չակերտավոր հոգս են պատճառում, բայց դա է երջանկությունը: Մեկ բառով` ընտանիքի երջանկությունը հենց բալիկն է. նա լույս աշխարհ է գալիս, իր հետ բերում է նոր շունչ, ուժ, ուզում ես ձգտել ավելիին հենց իր համար:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին