×


Արտավազդ Բայաթյանի “Արեւոտ կիրակի”-ն, անեկդոտները եւ անկեղծ մտքերը

Հունիսի առաջին կիրակին արեւոտ էր, իսկ Կամերային երաժշտության տանը տեղի էր ունենում Արտավազդ Բայաթյանի “Արեւոտ կիրակի” հեղինակային երգերի երեկոն: “Արձագանք” խմբի, ստուդիայի եւ ռադիոյի համահիմնադիր Արտավազդ Բայաթյանի մենահամերգին ներկա էին նրա հեղինակած երգերը սիրող մարդիկ:

Արտավազդ Բայաթյանը դստեր հետ


Երգիչ-երգահանը երաժիշտների նվագակցությամբ կատարել է շուրջ 20 երգ, ինչպես հին, այնպես էլ դեռեւս չլսված նոր կատարումներից՝ “Ես ուրիշ ցեղից եմ”, “Այդպես պատահեց”, “Երբ”, “Մենախոսություն”, “Ինչ-որ մի օր”, “Ես հարբած եմ”, “Լռություն” եւ այլն:

“Երբ երգում եմ, մտածում եմ՝ իմ փիլիսոփայական մտքերի մասին գուցե միայն ես եմ մտածում, բայց պարզվում է՝ մարդիկ շատ լավ ընկալում են իմ զգացածը”,- նշել է Արտավազդ Բայաթյանը:

Երգիչը մենահամերգի խորագրի՝ “Արեւոտ կիրակի”-ի մասին. “Կինս մի օր գիշերը եկավ ու հարցրեց՝ արդյոք գիտեմ, որ հունիսի 7-ն ամռան առաջին կիրակին է ու դրա համար պետք է երգեմ, ես էլ “ստիպված”  համաձայնեցի ու համերգի խորագրի համար ընտրեցի իմ երգերից մեկը՝ “Արեւոտ կիրակի”-ին: Մինչեւ այս հին երգը կատարելը կցանկանամ անեկդոտ պատմել: Մի կին շնչակտուր գալիս է բժշկի մոտ ու հարցնում, թե ինչ դեղ է նշանակել իր ամուսնուն, որ ամուսինը միանգամից որոշել է բաժանվել, բժիշկն էլ պատասխանում է. “Ոչ մի դեղ էլ չեմ տվել, ակնոց եմ դուրս գրել:)”: Բայց պետք է խոստովանենք, որ կանայք չլինեին, արվեստը չէր լինի, ամենակարեւոր գնահատականը հենց նրանք են տալիս”:

Արտավազդ Բայաթյանի մենահամերգին


“Ես վերադարձա” երգը կատարելիս նա նշել է, որ այն խոհափիլիսոփայական ու փոխաբերական իմաստ ունի. “Երբեմն մենք ինչ-որ բան գտնելու ու արժեւորելու համար պետք է կորցնենք: Կյանքում անընդհատ զգացել եմ, որ մարդիկ մինչեւ իրար չեն կորցնում, չեն գնահատում. փորձեք միմյանց չկորցնելով գնահատել: Ինչ-որ տեղ կորուստ է, երբ զավակներդ առանց քեզ ինքնուրույն են ապրում, կամ երբ ծանոթ մարդը հեռանում է քո տեսադաշտից, հասկանում ես, որ կարեւոր էր քեզ համար: Այո, երբեմն մարդիկ իրենց դերը կատարում են մեր կյանքում ու հեռանում”:

“Արձագանք” ստուդիայի ամենահայտնի երգի՝ “Ծնունդդ շնորհավոր, թող լինի այսօր”-ի ընթացքում նրան ձայնակցում էր ողջ դահլիճը. “Երկու վրացին՝ երգչախումբ է, երկու հրեան՝ ակադեմիա, երկու հայը միասին չեն լինում, բայց երջանիկ եմ, որ այս երգը բոլորը գիտեն ու երգում են: Այն արդեն իմը չեմ համարում, շատ տարբեր կատարումներ եմ լսել”:

Արտավազդ Բայաթյանի “Արեւոտ կիրակի” հեղինակային երգերի երեկոյի հյուրերը


Համերգի ընթացքում հանդիսատեսը ջերմ ծափահարում էր եւ ծաղիկներ հանձնում երաժշտին: Արտավազդ Բայաթյանը խոստացավ կրկին բեմից հանդիպել հանդիսատեսին, նաեւ ներկայացնել իր նոր երգերի ձայնագրությունները:

Bravo.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին