×


Արտյոմ Կաչարյան.“Սիրում եմ կանանց եւ կրքոտ հարաբերություններ:)”

Արտյոմ Կաչարյանին հայ եւ ռուս հանրությունը ճանաչեց եւ սկսեց համակրել` դիտելով նրա գեղեցիկ ելույթները ռուսական “Ձայնը” նախագծի շրջանակում: Երեւանում գտնվելու ընթացքում մեր տաղանդավոր հայրենակիցը լուսանկարվել է BRAVO.am-ի ֆոտոշարքում, իսկ զբոսանքի ընթացքում հետաքրքիր մանրամասներ պատմել ստեղծագործական եւ անձնական կյանքից:):

Արտյոմ Կաչարյանը


-Արտյոմ, թեեւ մանկուց զբաղվել ես երաժշտությամբ, ծնողներիդ ցանկությամբ իրավաբանական կրթություն ստացար, հետո, իհարկե, հմտացար նաեւ սիրելի գործում:

-Ճիշտ ես, ծնողներիս ցանկությունն էր, բայց հիմա շնորհակալ եմ նրանց, որովհետեւ գիտելիքներս շատ են օգնում այս ասպարեզում, այլապես վաղուց որեւէ պրոդյուսերի “թեւի տակ’’ կլինեի: Իսկ հիմա ինքս իմ ղեկավարն եմ:

Ամբողջ կյանքում ձգտել եմ չնմանվել ուրիշներին: Դեռ մանկուց խաղացել եմ Ուրախների եւ հնարամիտների ակումբում, մասնակցել տարբեր մրցույթների եւ դպրոցական համերգների: Եկավ մի պահ, երբ հասկացա` այլ ճանապարհ չկա. երաժշտությունն իմն է: 

-Նշեցիր, որ շատ ես մրցույթների մասնակցել: Մրցելու ցանկություն դեռ կա՞:):

-Սիրում եմ այն “դրայվն” ու ադրենալինը, որ ստանում եմ մրցելուց: Մրցույթների շնորհիվ փորձ եմ ձեռք բերել, ինչի համար շնորհակալ եմ, հիմա քեզ հետ զրուցելու հնարավորություն ունեմ: Երբեք չեմ ասում` երբեք, բայց մրցույթների մասնակցելու ցանկություն այլեւս չունեմ, հոգնել եմ գնահատականներից.“Այս նոտան ճիշտ է, այս մելիզմը` չստացված…”: Չնայած` կա մեկ մրցույթ, որին մասնակցելն ինձ համար նպատակ է դարձել, եւ վստահ եմ` ցանկությունս կիրականացնեմ: Հասկանում եք, չէ՞, որ մրցույթի մասին է խոսքը… :)

-“Եվրատեսիլ”-ի՞:

-Այո, այո:):  Այս պահին այն ինձ պետք չէ, երեւի 30 տարեկանում կզգամ “Եվրատեսիլ”-ին մասնակցելու պահանջ, իսկ հիմա երգեր եմ ձայնագրում, տեսահոլովակներ նկարահանում:

Արտյոմ Կաչարյանը


-Իսկ որոշե՞լ ես` որ երկիրն ես ներկայացնելու:):

-“Ռուսաստանի ձայնը’’ մրցույթի նախընտրական փուլում, երբ Ալեքսանդր Գրադսկին հարցրեց, թե որտեղից եմ, հայկական դիմագծերս ընդգծեցի: Դուք էլ պրոֆիլս նայեք, դե, իհարկե, կներկայացնեմ Հայաստանը:): Լավ չեմ տիրապետում հայերենին, առանձնապես մեծ գործ չեմ արել, բայց չափազանց շատ եմ սիրում Հայաստանը, ինձ այստեղ ընդունել են: Շատ հաճելի է, որ մարդիկ ճանաչում են, մոտենում եւ լուսանկարվելու ցանկություն հայտնում: 

Ինձ հետաքրքիր է տեղի երաժշտական շուկան եւ հանդիսատեսը, որովհետեւ հայերը ֆիրմային ունկնդիրներ են:): Սիրում եմ պարային “տաշ-տուշ”-ը, բայց չեմ ուզում, որ Հայաստանն ասոցացվի միայն այդպիսի երաժշտության հետ: Կան արտիստներ, որոնց հաջողվում է նոր ձեւաչափի երաժշտություն ներկայացնել, ես էլ կփորձեմ անել այն ամենն, ինչ կարող եմ. գուցե մեկ օր հայերեն մի քանի երգ ներկայացնեմ:

Արտյոմ Կաչարյանը


-Հետաքրքիր կլինի լսել հայերեն R&B կամ Soul` քո մեկնաբանությամբ:): Ի դեպ, ինչո՞ւ ընտրեցիր հենց այս ժանրերը:

-Շատ փոքր էի, երբ մայրիկս նվիրեց Մայքլ Ջեքսոնի ալբոմը, որն էլ սկիզբ դրեց երաժշտական ճաշակիս ձեւավորմանը: Սիրում եմ “սեւական’’ երաժշտություն` Սթիվի Ուոնդեր, Մայքլ Ջեքսոն, Քրեյգ Դեյվիդ, Աշեր: Հասկացա` սա է իմ երաժշտական աշխարհը, նաեւ հեղինակավոր երաժիշտներ փաստեցին, որ ճիշտ ուղի եմ ընտրել:

-Լեգենդներից ու՞մ հետ կցանկանայիր ծանոթանալ, ինչու չէ, նաեւ զուգերգով հանդես գալ:

- Շատ էի հավանում Էմի Ուայնհաուսին, նա իսկապես Աստծո շնորհով էր օժտված: Հարգում եմ նրան որպես երաժիշտ, իսկ անձնական կյանքն ու անհաջողությունները պետք չէ քննարկել: Նման արտիստների ցուցակը մեծ է` Լյութեր Վանդրոս, Ռեյ Չարլզ, դե, Մայքլ Ջեքսոնի տարբերակը չի քննարկվում. նա իմ ամենասիրելի արտիստներից է: Գիտես, երջանիկ եմ, որ մեր օրերում եւս շատ են տաղանդավոր երաժիշտները, ովքեր ոգեշնչման աղբյուր են հանդիսանում: Սպասում եմ, թե երբ Մոսկվայում տեղի կունենա Սթիվի Ուոնդերի համերգը:

Արտյոմ Կաչարյանը


-Չեմ կարող չհարցնել “Ռուսաստանի ձայն’’-ի մասին:

-Երկար եմ մտածել, որովհետեւ չէի ցանկանում լինել այն կաղապարի մեջ, որ թելադրում են նման նախագծերը: Բայց “Ռուսաստանի ձայն’’-ը շատ թարմ էր, եւ ուրախ եմ, որ մասնակցեցի: Իհարկե, խնդիրներ էլ եղան. Սեւարայի հետ մենամարտից հետո, եթե հիշում եք, Լեոնիդ Ագուտինն ինձ տվեց պայքարը շարունակելու հնարավորություն, ինչի համար մինչ օրս երբեմն քննադատություններ են հնչում:

-Ագուտինի հետ կապ պահպանո՞ւմ ես:

-Դե, իհարկե: Միշտ ցույց եմ տալիս նոր ստեղծագործություններս, նա էլ խորհուրդներ է տալիս: Ագուտինն ինձ համար ավելին է, քան պարզապես մարզիչ, նա ընկերս է եւ շատ հարազատ մարդ: Ի դեպ, Անժելիկա Վարումի հետ էլ եմ մտերմացել: Ձայնասկավառակիս շնորհանդեսին նրանք անպայման ներկա կլինեն:

Արտյոմ Կաչարյանը


-Ձայնասկավառակիդ մասին պատմիր:):

-Մոտ կես տարով ընդհատակ եմ անցել եւ աշխատում եմ հեղինակային երգերիս վրա, որոնք էլ տեղ կգտնեն ալբոմումս: Ւմ նպատակն է ոչ թե քանակ, այլ որակ ներկայացնել: Դեռ չեմ որոշել, թե ինչ անվանում կունենա CD-ս: Սենտիմենտալ անձնավորություն եմ, սիրում եմ կանանց եւ կրքոտ հարաբերություններ: Կանայք ինձ հաճախ են ցավ պատճառել: Այդ պատմություններն էլ ոգեշնչել են ստեղծագործել: Կարող եմ պարզապես քայլել կնոջ ընկերակցությամբ եւ երգ հորինել:

-Ինչպիսի՞ն ես պատկերացնում կյանքդ 30 տարի անց: Գուցե այդ ժամանակ իրավաբան պարոն Կաչարյանին հանդիպենք:):

-Հույս ունեմ, որ երբեւէ ստիպված չեմ լինի թողնել երաժշտությունը: Իսկ այդ տարիքում ցանկանում եմ արդեն 3 “Գրեմմի’’ ունենալ:): Անհամեստ չհնչի, երգարվեստում այնքան շատ ասելիք ունեմ...

Զրուցեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Լուսանկարները` Մարիամ Լորեցյանի /Bravo.am/
Նկարահանման  մի հատվածն իրականացվել է  "Պանորամա" ռեստորանում  

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW