×


Արփի Գաբրիելյան.“Նա գիտակցում է իր սխալը եւ հեռանում ամուսնացած տղամարդուց”

“Սկոտչ եւ վիսկի” ֆիլմի գլխավոր դերակատարի` Լուիզա Ներսիսյանի հարցազրույցը BRAVO.am-ին արդեն ներկայացրել ենք: Այս անգամ զրուցել ենք կինոկատակերգության մյուս հերոսուհուն մարմնավորած Արփի Գաբրիելյանի հետ, որը պատմել է ինչպես իր նոր կերպարի, այնպես էլ “Ֆուլ հաուսի” հյուրախաղերի եւ նոր առաջարկների մասին:

Արփի Գաբրիելյանը


Սիրուհու կերպարի մասին


Կամերային թատրոնի “Սկոտչ եւ վիսկի” ներկայացման կազմում ընդգրկված չեմ, բայց 2013 թվականի աշնանը խաղացել եմ ամերիկահայ հանդիսատեսի համար: Այնուհետեւ առաջարկ ստացա հանդես գալ ֆիլմում, որտեղ, ի տարբերություն ներկայացման, գողի եւ սիրուհու կերպարները եւս առաջնային պլանում են:
 Ֆիլմն ու ներկայացումը միմյանցից շատ տարբեր են, ավելացել են նոր կերպարներ ու հետաքրքիր տեսարաններ: Իմ հերոսուհին պարզապես սիրուհի եւ թեթեւամիտ աղջիկ չէ. նա գիտակցում է իր սխալը, հեռանում է ամուսնացած տղամարդուց եւ գտնում իր երջանկությունը: Անկեղծ ասած` նկարահանման ընթացքում դժվարություններ չեմ ունեցել, քանի որ հյուրախաղերի ժամանակ մարմնավորել եմ նույն հերոսուհուն, մյուս կողմից էլ ռեժիսոր Արշոն ճիշտ էր աշխատում, եւ ռեժիսոր-դերասան շփումը լավ էր ստացվում:

“Ֆուլ հաուսի” մասին

Օրեր առաջ ավարտեցինք “Ֆուլ հաուս”-ի երկրորդ եթերաշրջանի նկարահանումները եւ զբաղված ենք նոր հյուրախաղերի փորձերով: Ելույթ ենք ունենալու Ռուսաստանի 12 քաղաքում: Մարտին խաղացել ենք Լոս Անջելեսում, բայց հիմա սցենարը փոքր-ինչ փոփոխված է: Շրջագայությունից հետո նախատեսում ենք Երեւանում էլ խաղալ նոր սցենարով, որը մշակման փուլում է:

Արփի Գաբրիելյանը


Խոստման մասին


Այս ամսվա ընթացքում նաեւ նկարահանվել եմ ռեժիսոր Ռոման Մուշեղյանի գեղարվեստական ֆիլմում: Ուրախ եմ, որ այս շրջանում բավականաչափ առաջարկներ եմ ստանում: Այդ հարցում, բնականաբար, մեծ դեր ունի “Ֆուլ հաուս”-ը: Անհամեստորեն պետք է նշեմ, որ սիթքոմը հայկական հեռուստատեսային իրականության մեջ առ այսօր ամենառեյտինգային նախագիծն է: Ինքս ինձ խոստացել էի սերիալում չնկարահանվել, սիթքոմն էլ հեռուստատեսային արտադրանք է, բայց կարդալով սցենարը` հասկացա, որ պետք է խաղամ եւ չսխալվեցի:

Չսխալվելու մասին


Երեք ֆիլմից առաջարկ ունեմ, որոնք քննարկման փուլում են: Երբ նոր դեր են առաջարկում, առաջինը հարցնում եմ, թե ով է նկարահանում, ինչ սցենար է եւ ինչ կերպարում պիտի լինեմ: Ինձ համար պարտավորեցնող է, որ իրարից կտրուկ  տարբերվող դերեր են առաջարկում, իսկ հոնորարը հետին պլան է մղվում, որովհետեւ հիմա պետք է ճիշտ որոշումներ կայացնեմ. մեր շուկան փոքր է, հեշտությամբ կարող եմ սխալ տեղում նկարվել, ինչը վատ կանդրադառնա կարիերայիս վրա: 

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/BRAVO.am/   
Լուսանկարները՝ Կարեն Խոնթյանի եւ Արփիի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին