×


Արփիի գանձերը եւ ուրախության արցունքները

Արփի Շահնուբարյանը, նույն ինքը` R.P.-ն, մոտ օրերս կթողարկի 12 ժողովրդական երգից բաղկացած իր առաջին ձայնասկավառակը, որը կկոչվի “Գանձեր”: Երգչուհին արդեն ներկայացրել է ալբոմում ընդգրկված “Զեփյուռի նման” երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը, BRAVO.am-ի հետ զրուցում էլ պատմել է նկարահանումների մասին եւ թե ինչու է հենց այս երգն էկրանավորված ներկայացրել:

Արփի Շահնուբարյանը (R.P.)


 “Այն առաջիններից մեկն է, որը ձայնագրվեցի, քանի որ վաղուց հոգեհարազատ է, եւ վստահ էի, որ ուզում եմ տեսահոլովակով ներկայացնել: Արդեն երկու տարի ԴերՀովայի հետ աշխատում ենք սկավառակի երգերի գործիքավորման վրա: Մենք միասին դեռ տարիներ առաջ նպատակ էինք դրել ստեղծել հայկական ֆոլկ երաժշտությամբ սկավառակ”,-ասել է նա:

“Զեփյուռի նման” երգի տեսահոլովակը նկարահանվել է Նորավանքում, ռեժիսորը Գեորգի Հարությունյանն է, որի հետ երգչուհին վաղուց է համագործակցում, սակայն սա նրանց առաջին համատեղ տեսահոլովակն է, իսկ օպերատորը Սուրեն Թադեւոսյանն է.“Երգն այնքան հղկված, մշակված ու գեղեցիկ է, որ չէի ցանկանում անհասկանալի ավելորդություններով տեսահոլովակ ունենալ: Գեորգին էլ` Ժորը, համամիտ էր, որ հարկավոր է զուսպ ու յուրահատուկ շեշտադրումներով հոլովակ”:

Արփին` "Զեփյուռի նման" տեսահոլովակի նկարահանումներին


“Այս անգամ որոշեցինք որպես խորհրդանիշ օգտագործել թուզը եւ այծի կաթը, որոնց համադրությունից, ի դեպ, կոկորդի համար առողջարար ու բուժիչ դեղ է ստացվում: Մենք ցանկանում էինք հին հայկական որեւէ ավանդույթ ներկայացնել, այդ պատճառով ռեժիսորն ընտրեց այծը, որի եղջյուրներից գունավոր թելեր կապելը նշանակում է` աղջիկը սեր է փնտրում, իսկ երբ գունավոր թելերը չկան, ուրեմն նա արդեն գտել է իր սիրուն”,-պատմել է Արփին:

Երգչուհու խոսքով` իր հետ աշխատող ոճաբանների խորհրդով հատուկ տեսահոլովակի համար գունափոխել է վարսերը, սակայն նկարահանումներից հետո կրկին դարձել է շիկահեր.“Վարսահարդարներ Մագդայի եւ Սեդրակի շնորհիվ փորձարկում արեցինք. ոճաբան Արայիկ Գաբաջյանն արդեն որոշել էր, թե ինչ կերպար կհամապատասխանի հրակարմիր ժայռերի ֆոնին: Մենք օգտագործել ենք բնության տեսարանները, իսկ եկեղեցին չենք նկարել այն պատճառով, որ երգի հետ կապ չունի”:

Արփիի "Զեփյուռի նման" տեսահոլովակի խորհրդանիշներից


R.P.-ն հայտնել է, որ զարմացած է տեսահոլովակի մասին հնչած դրական կարծիքներից, նույնիսկ խոստովանել է, որ ուրախությունից մի պահ արտասվել է. “Ես այնքան սովոր էի բացասական մեկնաբանություններ լսել իմ նախորդ՝ Սայաթ-Նովայի “Աշխարհումս” ու “Մարտիկի երգը” տեսահոլովակներից հետո, որ հիմա հաճելիորեն զարմացել եմ: Երկար ժամանակ եթերում չեմ երեւացել, հետ էի վարժվել ու իմիջիայլոց էի տրամադրվել, բայց մեծ էներգիա ստացա: Լավ խոսքեր լսել եմ նաեւ իմ գործընկերներից, բայց հոգուս խորքում գիտեմ, որ նրանք վատն էլ նկատեն, միայն լավը կասեն, իսկ անծանոթ մարդկանց հաճելի մեկնաբանություններն ու դրական գնահատականն իրոք հուզիչ են: Սուտ է, երբ ասում են՝ մեր երիտասարդությունը ժողովրդական երգեր չի սիրում: Հենց երիտասարդների հետաքրքրվածությունը տեսնելով` կարող եմ հակառակը փաստել: Սկավառակը դեռ միայն համացանցում կա, շուտով համերգով կնշանավորենք շնորհանդեսը”:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/BRAVO.am/   
Լուսանկարները` Արտաշես Մարտիրոսյանի եւ R.P.-ի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին