×


Արփին 35-ամյակը նշել է համերգով իր հարազատ Խնձորեսկում

Արփի Շահնուբարյանի 35-ամյակը նշանավորվել է կարեւոր նպատակի իրագործմամբ: Տարեդարձի օրը «Hayway» խմբի մեներգչուհին մենահամերգ է ունեցել իր ծննդավայրում՝ Սյունիքի Խնձորեսկ գյուղում, որի մանրամասներն էլ պատմել է BRAVO.am-ի հետ զրույցում:

Արփի Շահնուբարյանի 35-ամյակին


«Վաղուց նպատակ կար հարազատ գյուղում համերգ ունենալ: Ուզում էի, որ գյուղացու հոգսով ապրող մարդիկ գոնե մեկ օր կտրվեին իրենց գործերից, լավ երաժշտություն լսեին: Անցած տարի ինչ-ինչ պատճառներով հնարավոր չեղավ իրագործել նպատակս, իսկ այս տարի այնպես ստացվեց, որ ծննդյանս օրը նվեր արեցի նրանց, քանի որ այս շրջանում մի քանի ազատ օր ունեինք»,-պատմել է Արփին:

Բեմական տարեդարձեր երգչուհին հաճախ է ունեցել, սակայն այս մեկն իր նպատակով ու հուզմունքի պահերով տարբերվել է. «Համերգը սկսեցինք հետաքրքիր նյութով, որը պատրաստել էին գյուղի դպրոցականները՝ ներկայացնելով, թե ինչ հայտնի անուններ է տվել մեր գյուղը: Պետք է նշեմ, որ համերգի սկզբում գյուղացիները փոքր ինչ զարմացած եւ կաշկանդված էին, բայց երբ պատմեցի, ասացի, որ ես էլ նրանցից մեկն եմ, ամեն բան փոխվեց: Գիտե՞ք, եթե մարդը որեւէ հաջողություն է գրանցում իր կյանքում, կողքից թվում է՝ նա ուրիշ է, տարբերվում է իրենցից, բայց, կարծում եմ, կարողացա համոզել նրանց, որ ես էլ նրանցից մեկն եմ. արդյունքում շատ լավ ու հուզումնառատ օր ունեցանք: Անչափ ուրախ եմ, որ 35-ամյակս այսպես նշանավորվեց եւ օրս համագյուղացիներիս, դասընկերներիս եւ մտերիմներիս հետ անցկացրի»:

Արփի Շահնուբարյանը


Շուրջ երկուսուկես ժամ տեւած համերգին Արփին կատարել է իր ձայնասկավառակի երգերը, նաեւ Գուսան Աշոտ, Բաբաջանյան, Աճեմյան, ժողովրդական եւ գուսանական այլ կատարումներ: Նրա խոսքով՝ մեծ ցանկություն ունի, որ նմանատիպ համերգները հաճախ լինեն. «Մեր գյուղերում իսկապես դրա կարիքը կա: Բացի այն, որ նրանք լավ երաժշտություն են լսում, կտրվում են հոգսից, նաեւ ժպտում են... նման համերգների մեջ այնքան կարոտ, սեր եւ հուզմունք կա: Շատ կուզեմ, որ հաջորդ տարի եւս համերգ ունենանք, եւ սա լավ ավանդույթ դառնա»:

Գյուղացիներն ու կազմակերպիչներն էլ իրենց հերթին անակնկալ են մատուցել երգչուհուն: «Շատ հուզիչ էր այն պահը, երբ բեմում տոնական տորթով շնորհավորեցին ինձ: Նաեւ աղջիկս բեմ բարձրացավ եւ փոքրիկ ծաղկեփունջ նվիրեց: Իսկապես, հիշողություններով եւ հուզմունքով լի տարեդարձ ստացվեց»,-նշել է Արփին:

Արփի Շահնուբարյանի 35-ամյակին


Նա չի մոռացել շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ով աջակցել է իրենց՝ համերգը պատշաճ ձեւով կազմակերպելու համար. «Իսկապես շատ լավ էինք պատրաստվել: Այնպես չէր, որ ուղղակի համերգ էր: Երեւանից հատուկ տեխնիկա էինք տարել, ինչն էլ լավ եւ որակյալ հնչողություն էր ապահովում:»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Արփիի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW