×


Բաբկեն Խաչատրյանն ինտիմ աքսեսուար է ստեղծում :)

30-ամյա լուսանկարիչ, ժամացույցների դիզայներ Բաբկեն Խաչատրյանը, ով արդեն բավական հաջողությունների է հասել ու կայացել իր աշխատանքում, որոշել է նաեւ ինքնատիպ ակնոցներ հեղինակել: BRAVO.am-ի հետ զրույցում նա նշել է, որ որոշել է կոտրել այն կաղապարային մտածողությունը, թե Հայաստանում երիտասարդներին սեփական բիզնես սկսելու հնարավորություն չի տրվում:

Բաբկեն Խաչատրյանը


Արմատներով Գյումրիից


Ծննդով Գյումրիից եմ, բայց արդեն շուրջ 7 տարի իմ ծնողներից ու հարազատներից հեռու եմ. ապրում եմ Երեւանում: Երբ իմ գերզբաղված առօրյայում ազատ ժամանակ եմ գտնում, ինձ համար ամենասիրելի զբաղմունքը լինում է հարազատներիս այցելելը:

Շատ կուզեմ հիմա տեսնել Գյումրու այն մթնոլորտը, մարդկանց ապրելակերպը, հոգեբանությունը, որ կար մինչ երկրաշարժը: Դրա հետեւանքները մինչ օրս չեն վերանում: Չնայած` վերջերս փոփոխություններ եմ նկատում եւ դա ինձ շատ ոգեւորում, հույս է տալիս:

Առաջնայինը` նկարչություն

Նոր էի ավարտել Գեղարվեստի ակադեմիան, երբ նկարիչ Հարություն Հակոբյանի առաջարկով եկա Երեւան` մասնակցելու սիմպոզիումի, որը ձգձգվում էր: Այդ ընթացքում փորձեցի աշխատանք գտնել, հայտնվեցի «Kerbedanz» ընկերությունում եւ սկսեցի զբաղվել ժամացույցների դիզայնով: Դրանցից յուրաքանչյուրն արվեստի գործ է եւ յուրովի բնութագրում է թե՛ իրեն, թե՛ իր պատմությունը։ Բնականաբար, առաջնային մասնագիտությունս նկարչությունն է, որովհետեւ այն կա բոլոր այն ոլորտներում, ինչով զբաղվում եմ:

Ես ինքս իմ նախագծած ժամացույցներից չեմ կրում: Երեւի սա հիշեցնում է կոշկակարի պատմությունը, բայց մի օր կկրեմ, վստահ եմ։ Այլ հեղինակների ժամացույցներ նույնպես չեմ կրում, որովհետեւ ուզում եմ կրել իմ նախագծած ժամացույցը։

Բաբկեն Խաչատրյանի աշխատանքներից


Ակնոցը` ինտիմ աքսեսուար

Փայտից ակնոցներ արտադրելու գաղափարն իմ մտքում երկու տարի է, ինչ եփվում է: Փորձել եմ ուսումնասիրել շուկան ու դեռ այսօր էլ ուսումնասիրում եմ: Փայտից ակնոցները տարածված են աշխարհում. այնպես չէ, որ նոր բան է, բայց ինքնատիպ է:
Փայտն իր թեթեւությամբ շատ հարմարավետ է դարձնում ակնոց կրելը, որովհետեւ երկար ժամանակ ակնոց կրելուց հոգնում ես, իսկ թեթեւությունը թույլ է տալիս մոռանալ դրա մասին: Բացի այդ, փայտը օրգանական նյութ է, եւ մաշկն ավելի լավ է այն ընդունում:

Ինձ համար ակնոցը շատ ինտիմ աքսեսուար է եւ անհատական: Պետք է ամեն ինչ ճշգրիտ եւ նրբագեղ լինի, որ թե՛ գեղեցկությամբ աչքի ընկնի, թե՛ հարմարավետությամբ ու կառուցվածքով ճիշտ լինի: Ակնոց պատրաստելն իրականում ավելի բարդ գործընթաց է, քան ես պատկերացնում էի: Այս գործում նույնպես եղբայրս ինձ շատ է օգնում. նա կարողանում է միանգամից կյանքի կոչել իմ բոլոր մտքերը:

Հայաստանում բիզնես սկսելը բարդ է, թեեւ շատ կոփում է երիտասարդներին: Շատերին եմ նկատում, որ ինչ-որ մտքեր ունեն ու ինչ-որ բաներ են ստեղծում, ինչի համար շատ ուրախ եմ: Նույնիսկ անհաջողության դեպքում իրենց անցած ճանապարհն այնքան փորձ կարող է տալ, որ հետագայում հաստատ կքաղեն իրենց պտուղները: Իհարկե, մեր շուկան բիզնեսի համար ահավոր փոքր է, աղքատ է, բայց գործելը, ինչ-որ բան սկսելը, նոր գաղափարների շուրջ աշխատելն ավելի լավ է, քան անփորձ ու անգործ մնալը:

Զարգանալու համար

Մրցակցությանը դիմադրել պետք չէ: Մրցակիցները կարող են քեզ նոր ու հետաքրքիր գաղափարներ տալ ավելի կատարելագործվելու համար: Այն քեզ հնարավորություն է տալիս մեկ քայլ ավելի առաջ անցնել, զարգանալ եւ միայն օգտակար է: Կարծում եմ` եթե մի երազանք կամ միտք ունես, պետք չէ առաջինը փողի մասին մտածել, այլ դրա իրագործման, որակի ու մնացած շատ նրբությունների մասին, իսկ եկամուտն ընթացքում կգա:

Բաբկեն Խաչատրյանի հեղինակած լուսանկարներից


Տեսնել յուրովի

Վատ ակնոցից կարող ես կորցնել տեսողությունդ, իսկ դա հետ չես բերի: Լավ ակնոցն այնպիսի աքսեսուար է, որի վրա չի կարելի խնայել: Այն պետք է լինի հարմարավետ, շատ գեղեցիկ, քանի որ քո դիմագծերն է ընդգծում: Ակնոցը շատերին գեղեցկացնում է, շատերն էլ դրա միջոցով իրենց թերություններն են թաքցնում: Լավ ակնոցի շնորհիվ պետք է կարողանաս նաեւ լավ տեսնել, պետք է տրամադրությունդ բացվի, քանի որ ամեն ինչ սկսում ես յուրովի տեսնել:

Մերկ բնորդուհիները՝ որպես դիցուհիներ

4 տարի է, ինչ լուսանկարում եմ։ Այն ինձ համար ե՛ւ հոբբի է, ե՛ւ գումար վաստակելու միջոց։ Լուսանկարչությունն իրականում ենթագիտակցորեն կապված է որսի բնազդի հետ, չէ՞ որ որսում ես կադրեր։ Իսկ որսը մարդու ամենաարմատական բնազդներից է, որ մարդկությանը զարգացրեց ու հասցրեց այս մակարդակին։

Սիրում եմ նկարել ամեն ինչ կապված գեղեցիկի հետ՝ աղջիկներ, մերկ մարմիններ։ Գեղարվեստի ակադեմիայում նույնպես նկարում էինք մերկ բնորդուհիների։ Փորձում եմ զերծ մնալ վուլգար բաներից եւ կնոջը ցույց տալ որպես դիցուհի, ոչ թե ստորացնել:
Քանի որ այստեղ գրեթե բոլորն իրար ճանաչում են, մերկ լուսանկարներ անելը կամ գնահատելը մի փոքր բարդանում է։ Երբ հասկանում ես, որ դիմացինիդ մտածելակերպը թույլ է տալիս, որ դու իրեն առաջարկես մերկ լուսանկարվել, առաջարկում ես։ Լինում է նաեւ նկարելու ընթացքում է ցանկություն առաջանում մի քիչ ավելի անկեղծ նկարել ստանալ։ Ամեն ինչ կախված է դիմացինին վստահություն ներշնչելուց:

Բաբկեն Խաչատրյանի հեղինակած լուսանկարներից


Պալեոլիթ, նեոլիթ... սելֆիոլիթ

Լուսանկարվե՞լ։ Հա՛, ո՞նց չեմ սիրում, սիրում եմ։ Լուսանկարներում լավ եմ դուրս գալիս։ Եղբայրս՝ Դավիթն է ինձ նկարում. նա իմ մտքերը հեշտությամբ է կարողանում կատարել, երեւի, քանի որ ինձ լավ է ճանաչում։ Յուրահատուկ եղբայր ունեմ։ Մենք ապրում ենք մի քաղաքակրթությունում, որտեղ սկզբից պալեոլիթ, հետո նեոլիթ, հիմա սելֆիոլիթ երեւույթն է տեղի ունենում։ Նորմալ է, լավ է, իհարկե, եթե չափի մեջ է։ Ամեն ինչ ներդաշնակության մեջ հաճելի է։ Ես դեմ չեմ հեռախոսով արված լուսանկարներին։ Կան լուսանկարիչներ, որոնք զարմանալի պահեր են ֆիքսում հեռախոսով։ Դա նույնպես տաղանդ է, որովհետեւ մարդուն տրված է մի բան, որ բոլորին էլ տրված է, բայց ինքը նույնիսկ դրանով կարող է ֆիքսել մի բան, որը դժվար թե ֆիքսեր մեկ ուրիշը:

Կյանքն առանց պատահականությունների

Կարծում եմ՝ փիլիսոփայությունն այն բնագավառներից է, որ բոլորը պետք է ուսումնասիրեն, որպեսզի ստանդարտ մտածելակերպից մի քիչ դուրս գան։ Այնպես չի, որ մարդիկ ծնվում են տաղանդավոր եւ ստեղծագործող։ Ցանկացած բան ի վերուստ տրված է բոլորին, բայց այն զարգանում է միայն աշխատանքի շնորհիվ։

Ես երբեք չեմ փորձում պատկերացնել` «եթե այսպես լիներ, ոնց կլիներ...», քանի որ եթե այսպես է եղել, ուրեմն սա էլ պետք է լիներ: Սիրում եմ կրկնել՝ կյանքում պատահական ոչինչ չի լինում:

Տեքստը` Աննա Խաչատրյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW