×


Բագրատը՝ «HtwoB» նոր նախագծի եւ դստեր բերած հաջողության մասին

Երաժիշտ-դիջեյ Բագրատ Տերտերյանը՝ Beatman-ը եւ Հայկ Կարապետյանը, որը նվագում է շվի, դուդուկ, զուռնա, պկու, բլուլ, պարկապզուկ, սաքսոֆոն, ստեղծել են նոր նախագիծ՝ այն իրենց անունների առաջին տառերով անվանելով «HtwoB»։

Բագրատ Տերտերյանը եւ Հայկ Կարապետյանը


BRAVO.am-ի հետ զրույցում Բագրատը հայտնել է, որ նորաստեղծ երաժշտական նախագծի հիմնական կազմում երկուսով են, համադրում են փողային գործիքներն ու էլեկտրոնային երաժշտությունը.«Հայկի նվագած բոլոր գործիքները պարբերաբար օգտագործելու ենք երգերում։ Նպատակ ունենք աշխատել նաեւ երգիչների ու այլ գործիքներ նվագողների հետ։ Առաջիկայում կհամագործակցենք Արամ MP3-ի եւ Արեւոյի հետ»։

Բագրատն ու կինը՝ «Jazzel» խմբի վոկալիստ, «Հայաստանի ձայնը 2» նախագծի ֆինալիստ Արեւո Գրիգորյանը, վաղուց միասին են աշխատում՝ ներկայացնելով հայկական հին երգերը վերամշակված տարբերակով, ինչպես, օրինակ, «Կաքավիկ»-ը, շուտով կձայնագրեն «Հմայակ ջան» երգը.«Երեխայի ծննդից հետո Արեւոն վերսկսել է աշխատանքը, կրկին ելույթ է ունենում ակումբներում։ Մեր ծրագրերն արդեն կշարունակենք «HtwoB»-ի հետ համատեղ»։

Արեւո Գրիգորյանը եւ Բագրատ Տերտերյանն՝ իրենց դստեր հետ


Տղաներն օրերս ներկայացրել են «Դաս»-ի տեսահոլովակը, թե ինչի հետ է կապված վերնագիրը, Բագրատը պարզաբանել է, որ համանուն ակումբում նվագելիս են ստեղծել.«Այնուհետու ստուդիայում ձայնագրությունն արել ենք մեկ դուբլով, հնչում է սոպրանո սաքսոֆոն։ Հաջորդ երգը եւս պատրաստ է. Հայկը պկու է նվագել։ Այժմ մեզ համար առաջնահերթը ստեղծագործականն է, ավելի ուշ կփորձենք նաեւ կոմերցիոն գործեր թողարկել։ Ակումբներում արդեն չորս անգամ ելույթ ունեցել ենք։ Ըստ օրվա տրամադրության՝ փոփոխում ենք ծրագիրն ու իմպրովիզներ անում. ամեն անգամ չկրկնվող նոր բան է ստացվում»։

Բագրատի փոխանցմամբ՝ իր կյանքի ռիթմն ամբողջովին փոխել է դուստրը՝ 8 ամսական Վիկտորյան.«Նրա ծնվելու տարին ու մեր գործնական հաջողությունները համընկան, ինչպես ասում են՝ ամեն երեխա իր «ղսմաթն» ունի։ Նրա ծնվելուց մեկ շաբաթ անց գործնական առաջարկներով մեկնեցի Վենետիկ, այնուհետեւ՝ Բեռլին, Բարսելոնա. հագեցած տարի էր մեզ համար։ Ինչպես շատ տղամարդկանց դեպքում, պատասխանատվությունս ավելացել է. պետք է ավելի շատ աշխատեմ եւ ապագայի պլաններ մշակելիս հեռատես լինեմ։ Մեր աղջիկը երաժշտական միջավայրում է մեծանում, դեռ լույս աշխարհ չեկած լսում էր մեր սիրելի երաժշտությունը, հիմա էլ արձագանքում է իր սիրելի մեղեդիներին։ Լավ ռեակցիա է տալիս մինորային ու մաժորային գամմաների ժամանակ, իր սրտին ավելի մոտ է մաժորայինը։ Ես վստահ եմ՝ եթե երեխան ինչ-որ երգ լսելիս անկեղծորեն դրական հույզեր է արտահայտում, ուրեմն ճիշտ ուղու վրա ենք:)»։

BRAVO.am   
Լուսանկարները` երաժիշտների արխիվից

 

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին