×


Բաց դռների օր “Մհեր Մկրտչյան” թատրոնում

Հուլիսի 4-ը Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է: Մեծանուն արտիստի 85-ամյակը յուրահատուկ կերպով է նշանավորում նրա անունը կրող արտիստական թատրոնի անձնակազմը: Դերասանի եղբայրը` թատրոնը ղեկավարող ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանը, միջոցառումների շարք է նախաձեռնել. դերասանները խաղացանկային ներկայացումներով վերջին ամիսներին հանդես են եկել Հայաստանի մարզային քաղաքներում:

Մհեր Մկրտչյանի այս լուսանկարն առաջինը հրապարակել է BRAVO.am-ը (Հեղինակ` Զավեն Սարգսյան)


Իսկ ահա  վաղը “Մհեր Մկրտչյան” թատրոնում հայտարարվել է բաց դռների օր: Հնարավորություն ունեք անվճար դիտել երկու ներկայացում. ժամը 15:00-ին փոքրիկ հանդիսատեսի համար կներկայացվի Թումանյանի հեքիաթի հիման վրա ստեղծված “Ձախորդ Փանոսի կտակը” պոպուրին, իսկ ժամը 19:00-ին Լեւոն Շանթի “Կայսր” դրամայի բեմադրությունը:

Դերասանուհի Լիլի Դավթյանը BRAVO.am-ի հետ զրույցում հայտնել է, որ թատրոնի անձնակազմով յուրաքանչյուր տարի հուլիսի 4-ին այցելում են Մհեր Մկրտչյանի շիրիմը.“Ավանդույթ է դարձել ամեն տարի նրան հարգանքի տուրք մատուցել, իսկ այս անգամ թատրոնը նվեր է մատուցում թատերասեր հանրությանը: Հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտել պատմական ու լավ բեմադրություն”:

Դերասանուհի Լիլի Դավթյանը եւ ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանը


Ի դեպ, թատրոնի խաղացանկում շուտով երկու նոր բեմադրություն կլինի. “Փղերի երկար ճանապարհը” ներկայացման պրեմիերան կկայանա այս ամիս, իսկ Ուիլյամ Շեքսպիրի “Անսանձ կնոջ սանձահարումը” նախատեսված է սեպտեմբերին: Լիլի Դավթյանն ընդգրկված է երկրորդ ներկայացման կազմում.“Կարծում եմ՝ նորովի ենք ներկայանալու, քանի որ ռեժիսորը հրավիրված է այլ թատրոնից: Ինձ համար շատ կարեւոր է, որ կարողանամ Բիանկայի կերպարը ճիշտ մարմնավորել”:

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին