×


Բոստոնաբանակ Զարեհի անկեղծ նամակները զգացմունքների մասին

«Բարեւ, իմ ապագա կին,

Անկախ նրանից, թե դու կարդում ես այս տողերը նախքան ինձ հանդիպելը, թե սա աչքովդ կընկնի ավելի ուշ, ես ցանկանում եմ, որպեսզի դու իմանաս մի քանի բան: Ես սա գրում եմ, որովհետեւ չեմ դադարում մտածել քո մասին: Ես չեմ դադարում պատկերացնել, թե որքան երջանիկ ենք մենք լինելու: Ինչ-որ բան պակասում է առանց քեզ, չնայած` մենք դեռ չենք հանդիպել: Թող այս նամակը լինի խոստում, որ ես անելու եմ ինձնից կախված ամեն հնարավորը` լինելու քո ցանկալի տղամարդը»:

Երիտասարդ գրող Զարեհ Զուրաբյանը գիրք է հրապարակել


Այսպես էր սկսվում բոստոնաբնակ Զարեհ Զուրաբյանի հեղինակած «Նամակ-խոստում ապագա կնոջս» ( Promise Letter To My Future Wife…) հոդվածը: 2014 թ. փետրվարին Զարեհի բլոգում հրապարակված այս նամակը պայթեցրեց անգլալեզու բլոգոսֆերան` հավաքելով ավելի քան 300 միլիոն դիտում եւ թարգմանվելով մի քանի լեզուներով: Այս տարեսկզբին Բոստոնում լույս է տեսել Զարեհի «Նամակներ քեզ» (Letters To You) գիրքը, որի մասին հեղինակը պատմել է BRAVO.am-ին:

«Տարիներ առաջ ես սկսեցի բլոգ վարել, որտեղ գրում էի հարաբերությունների, ժամադրության, կյանքի տարբեր իրավիճակների մասին: Երբ իմ «Նամակ-խոստում ապագա կնոջս» գրառումը համացանցում հավաքեց 300 միլիոն դիտում, ես սկսեցի գիտակցել, որ գուցե ինձ մոտ գրելն իսկապես լավ է ստացվում եւ պետք է ավելի շատ աշխատեմ այդ ուղղությամբ»,-նշել է 27-ամյա Զարեհը:

Զարեհ Զուրաբյանի «Նամակներ քեզ» գրքի շնորհանդեսին


Իր ապագա կնոջը նամակ-խոստովանության հաջողությունից ոգեւորված՝ Զարեհը շարունակում է գրել, նրա հոդվածները սկսում են տպագրվել: Նա աստիճանաբար սկսում է զգալ, որ իր ասելիքն ավելին է, քան կարելի է ընթերցողին տեղ հասցնել բլոգի միջոցով.«Բլոգը կարող է գրավել լայն զանգվածների, բայց իմ մտքերը, խոհերը այնքան խորն էին եւ այնքան անձնական, որ ես դրանք չտեղադրեցի բլոգում, այլ գրում էի եւ պահում ինձ մոտ: Մեկ տարում գրեցի շուրջ 500 էջ եւ որոշեցի ինչ-որ կերպ ասելքիս ամբողջացնել եւ տեղավորել մեկ գրքում»:  

Գիրքը բաղկացած է 24 բացառիկ նամակներից, այդ թվում` հայտնի նամակ-խոստովանությունից: Նամակներից յուրաքանչյուրը կարծես մի առանձին պատմություն լինի: Զարեհի խոսքով` որոշեց ընթերցողին դիմել նամակի ձեւաչափով, քանի որ այն շատ մտերմիկ փոխհարաբերություն է ստեղծում երկու մարդկանց միջեւ, ընթերցողի եւ գրողի միջեւ: Գրքում հեղինակը դիմում է ընթերցողին առաջին դեմքով, եւ տպավորություն է ստեղծվում, թե ընթերցողը կամ ինքն է նամակ գրում, կամ էլ նամակ է ստանում շատ հարազատ անձնավորությունից: 

Զարեհ Զուրաբյանի «Նամակներ քեզ» գրքի շնորհանդեսին


«Նամակները խոսում են մեր զգացմունքների մասին, եւ կարծում եմ, որ դրանք ընթերցելով, մարդիկ կձերբազատվեն շատ տաբուներից, որոնք թույլ չեն տալիս մեզ արտահայտել մեր զգացմունքները, քանի որ վախենում ենք, որ մեզ չեն հասկանա: Գիրքը նախատեսված է բոլորի համար: Օրինակ` գրքում կա մի գլուխ, որի անունն է «90-ամյա սիրեցյալը»: Այն նամակ է, որը պապը գրել է իր թոռանը: Գրքում կհանդիպեք նամակների, որոնք հայրը կարող է գրել որդուն, կինն՝ իր ամուսնուն, եղբայրը՝ եղբորը, ընկերն` ընկերոջը: Այս բոլոր նամակները արտացոլում են մեր կյանքի ե մեր հարաբերությունների տարբեր կողմերը»,-ասել է Զարեհը:

Հեղինակը չի ցանկանում որոշել, թե որն է գրքի գլխավոր ասելիքը.«Ես ցանկանում եմ, որպեսզի ընթերցողն ինքնուրույն անի իր եզրակացությունը, սակայն կարող եմ ասել, որ գիրքը խրախուսում է ինքնաճանաչումը, արտահայտվելու ազատությունը, այն ազդում է ենթագիտակցության եւ ինքնաճանաչման վրա՝ մղելով մարդուն կառուցել անկեղծ եւ ազնիվ հարաբերություններ դիմացինի հետ»:  

Տեքստը` Եկատերինա Պողոսյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Զարեհ Զուրաբյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW