×


Գաղտնիքների բացահայտման երեկոն ու Հիտլերի պաստառը՝ Մալյանում

Ֆրանսիական տրագիկոմեդիա՝ մալյանական մեկնաբանությամբ. Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնի խաղացանկում ընդգրկվել է նոր ներկայացում՝ «Անունը», որի առաջնախաղին ներկա է եղել նաեւ BRAVO.am-ը։ Թեեւ պատմությունը ֆրանսիական է, հանդիսատեսը կգտնի ծանոթ իրավիճակներ։ Լիրիկական կոմեդիան առիթ է տալիս մտածելու մարդկային հարաբերությունների, հանդուրժողականության, սիրո եւ ընկերության մասին:

«Անունն» ներկայացման պրեմիերային


Մեկ գործողությամբ բեմադրության կազմում են Սամվել Թոփալյանը/Քլոդ/, Հայկ Սարգսյանը/Վենսան/, Կարեն Խաչատրյանը/Պիեռ/, Քրիստինա Հովակիմյանը /Էլիզաբեթ/ եւ Աստղիկ Աբաջյանը/Աննա/։

Մեթյու Դելապորտի եւ Ալեքսանդր դե լա Պատելյերի ստեղծագործության բեմադրող ռեժիսորը թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Մալյանն է, ֆրանսիական շունչը բեմում ստացել են Անդրանիկ Հարությունյանի նկարչական ձեւավորմամբ։

Գործողությունները տեղի են ունենում Ֆրանսիայի բնակարաններից մեկում, պիեսի հիմքում մանկության ընկերների պատմությունն է, որոնք 30 տարի մտերիմ են, բայց միմյանցից գաղտնիքներ ունեն։ Հերթական ընթրիքի ժամանակ՝ հաճելի հուշերի, զրույցների եւ ուտեստների վայելման ընթացքում, բացահայտվում են հետաքրքիր մանրամասներ, որոնք շրջադարձային դեր են խաղում հերոսների կյանքում:

«Անունն» ներկայացման պրեմիերային


Նարինե Մալյանի խոսքով՝ բեմադրական ոճով տարբերվում է խաղացանկի նախորդ ներկայացումներից.«Ինձ համար այս պիեսը շարժառիթ դարձավ խոսելու հարազատ թեմաների՝ մարդկային հարաբերությունների, ընկերության ու բարդույթների մասին, որոնք անսպասելիորեն կարող են ի հայտ գալ։ Ինձ համար էքսպերիմենտ էր, քանի որ որպես ռեժիսոր գործողություն հնարելու հնարավորություն չունեի։ Երբեմն այս հասուն մարդկանց երկխոսությունները հիշեցնում են մանուկների խաղ ու անհեթեթ զրույց»:

BRAVO.am-ի հետ զրույցում ռեժիսորը հայտնել է, որ պիեսի թարգմանությունից հետո տեքստի հղկման վրա երկար են աշխատել.«Կարեւոր է, որ բեմից զրույցը կենդանի ու բնական լինի։ Որոշ հատվածներ կրճատել ենք, որոնք զուտ հասկանալի են ֆրանսիացիներին, իսկ մեզ օտար ու խորթ են։ Փորձերը երկար չեն տեւել, մեծագույն բավականություն ենք ստացել, ստեղծագործական երանելի ընթացք էր։ Նույն դերասանական կազմի հետ արդեն աշխատել եմ, համատեղ երկրորդ ներկայացումն ենք անում։ Սամվելը, Քրիստինան եւ Աստղիկը մեր թատրոնի հիմնական կազմից են, Կարենը Համազգային թատրոնից է, իսկ Հայկն այս շրջանում նկարահանվում է սերիալներում»։

Ներկայացման պաստառին պատկերացված է Ադոլֆ Հիտլերը, որի անունը եւս շոշափվում է զրույցների ընթացքում։ Օգտագործվել է ամերիկացի նկարիչ-դիզայներ, փոփ-արտի առաջնորդներից Էնդի Ուորհոլի հեղինակած հայտնի նկարը:

«Անունն» ներկայացման պրեմիերային


Խոսելով առաջին արձագանքներից՝  Նարինե Մալյանն անկեղծորեն պատմել է, որ հակասական կարծիքներ են լսում.«Տարբերվում է մեր նախորդ բեմադրություններից եւ մի փոքր զարմացնում է մեր հանդիսատեսին։ Ոմանք չեն ընկալում, մյուսների համար միանգամից հարազատ է թվում։ Կան մարդիկ, որ արցունքախառն աչքերով մոտենում ու շնորհակալություն են հայտնում, կան կոլեգաներ, որ նույնիսկ դերասաններին չեն շնորհավորել պրեմիերայի առթիվ։ Սա նշանակում է, որ ներկայացումը սկսել է «շնչել»։ Մոտ ապագայում միգուցե ներկայացնենք նաեւ թատերական փառատոներին»։

Խոսելով թատրոնում սերնդափոխության մասին՝ Նարինե Մալյանը նշել է, որ երիտասարդ դերասաններին աշխատանքի ընդունելու խնդիր ունեն.«Ազատ հաստիքներ չեն տրվում, որ շնորհալի երիտասարդներին ներգրավեմ։ Ուսանողներն աշխատելու մեծ ցանկություն ունեն, հիմնականում որպես կամավոր զբաղված են մի քանի ներկայացման կազմում։ Իհարկե, պետք է կատարվի սերնդափոխություն, առանց դրա հնարավոր չէ, ուսանողներն էլ չեն կարող անվճար աշխատել, որքան էլ նրանց հաճելի լինի»։

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին