×


Գիսանե Պալյան. “Վթարի հետեւանքով կապտուկների մեջ էինք բոլորս”

BRAVO.am-ի խմբագրությունը հետեւյալ բովանդակությամբ նամակ է ստացել. “Հրատապ հարց. լսել եմ` “Empyray”-ի չորս անդամներն ավտովթարի են ենթարկվել: Ի՞նչ տեղեկություն ունեք, ինչպե՞ս են նրանք”: Դեպքի մանրամասները ճշտելու համար զրուցել ենք ռոք-խմբի երաժիշտներից Գիսանե Պալյանի հետ, որն էլ հաստատել է լուրը:

"Empyray" խումբը


“Հունվարի 13-ին Գյումրիում համերգ տվեցինք, շատ լավ անցավ: Ուշ երեկոյան, երբ վերադառնում էինք, ձյուն սկսվեց, ճանապարհին էլ մերկասառույց էր: Մեր` “Volkswagen Golf” մակնիշի ավտոմեքենայի մեջ խմբի չորս անդամներով էինք եւ դուստրս: Ղեկին ամուսինս էր` կիթառահար Կարենը, հետեւում նստած էին հարվածային գործիքներ նվագող Լեւոնն ու բասիստ Դավիթը…”,- ասել է երգահանը:

Գիսանեի խոսքերով` ամուսինը բավական դանդաղ է վարել, բայց այնուամենայնիվ չեն կարողացել խոսափել պատահարից. “Խաչմերուկներից մեկն անցնելիս մեր առջեւ մի մեքենա դուրս թռավ, որն ուղղակի անթույլատրելի արագությամբ վարում էր մի երիտասարդ: Ի դեպ, գյումրեցու ավտոմեքենայում նույնպես երկու տարեկան երեխա կար:  Նա չկարողացավ կառավարել իր մեքենան, սկսեց սահել սառույցի վրա եւ հարվածեց մեր մեքենային”:

Գիսանե Պալյանը


Կարեն Արզումանյանի ավտոմեքենան, կնոջ` Գիսանեի խոսքերով, “ահավոր” վիճակում է, տարհանիչ մեքենայով են տեղափոխել Երեւան. “Բարեբախտաբար, մեզ ոչ մի լուրջ բան չպատահեց, քանի որ դանդաղ էինք գնում, երկրորդը` ամրագոտիներով էինք: Իհարկե,  կապտուկների մեջ էինք բոլորս, իսկ թմբկահարը, որը քնած էր, գլուխը հարվածեց, ինչի հետեւանքով քթից արնահոսություն սկսվեց: Շատ վախեցած էինք` շոկի մեջ: Անկեղծ ասած` այն, ինչ իմ մտքով անցավ այդ վայրկյանների ընթացքում, դժվար է բացատրել…  Շատ վատ բաներ մտածեցի, բայց բարեբախտաբար ամեն ինչ նորմալ է”:

Երաժիշտը նշել է նաեւ, որ ավտովթարը բարեհաջող ելքով է ավարտվել նաեւ հարվածողի համար. “Եթե չհարվածեր, վախենում եմ պատկերացնել` իրենց հետ ինչ տեղի կունենար, հնարավոր է` գլորվեին ձորը”:

Կարեն Արզումանյանն ու Գիսանե Պալյանը


“Մեր կյանքին չար ուժերի միջամտությունից անկախ` մենք աշխատում ենք եւ անկոտրում ենք”,- BRAVO.am-ին ասել է Գիսանե Պալյանն ու հավելել. “Բանակի օրվան նվիրված համերգի ժամանակ ելույթ կունենանք, մարտի վերջին պատրասվում ենք մենահամերգով Միացյալ Նահանգներ մեկնել, մեր վերջին ձայնասկավառակում տեղ գտած` արտագաղթի թեմայով երգի հիման վրա էլ տեսահոլովակ նկարահանելու նպատակ ունենք”: 

Տեքստը` Լիլիթ Բաբայանի/Bravo.am/
Լուսանկարները` “Empyray”-ի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW