×


Գնելի ու Աննայի տպավորիչ մեղրամիսը Բարսելոնայում

Գնել Ուլիխանյանի եւ Աննա Դալլաքանի պսակադրության մասին պատմել ենք: Հարսանիքից հետո զույգը մեղրամիսն անցկացրել է Բարսելոնայում: Դերասանը BRAVO.am-ին է տրամադրել իսպանական հանգստի լուսանկարներն ու պատմել այնտեղ անցկացրած հետաքրքիր օրերի մասին:

Գնել Ուլիխանյանը՝ կնոջ հետ


«Առաջին անգամ էինք Բարսելոնայում ու վերադարձել ենք հրաշալի տպավորություններով: Քաղաքը շատ ենք հավանել. մեզ տպավորել են Գաուդիի ճարտարապետական աշխատանքները, հատկապես` Սագրադա Ֆամիլիան: Տիբիդաբոն տվեց այն հոգեւորը, ինչի կարիքը կար, իսկ եկեղեցու գմբեթին Հիսուսի արձանը, որը հիշեցնում էր Ռիոյի հանրահայտ արձանը, երեւում էր քաղաքի բոլոր անկյուններից: Դե, իսկ տաճարի տարածքից էլ ողջ Բարսելոնան փռված էր մեր ոտքերի տակ»,-ասել է Գնելը: 

Նորապսակներին տպավորել է նաեւ տեղացիների վերաբերմունքը.«Նրանք շատ բարեհամբույր պատասխանում էին մեր տարատեսակ հարցերին: Շատ համեղ խոհանոց ունեին, հատկապես` ծովամթերքները: Ժամանակը քիչ էր, իսկ տեսարժան վայրերը՝ շատ, չենք մոռացել նաեւ շոփինգի մասին. պետք էր ամեն ինչ հասցնել: Բարսելոնայում ակտիվ էր հանգիստը: Ռեալ Մադրիդի երկրպագու եմ, բայց այնուամենայնիվ, որոշեցի լինել Բարսելոնայի «Քամփ Նոու» մարզադաշտում ու մարզական թանգարանում: Շատ տպավորիչ էր, առաջին անգամ Չեմպիոնների լիգայի գավաթ տեսա, այն էլ հինգ հատ»:

Գնել Ուլիխանյանը՝ կնոջ հետ


Գնելը պատմել է նաեւ, որ ճամփորդության ընթացքում նշել են կնոջ տարեդարձը. «Այն հայկական միջավայրում` ծովափին գտնվող ռեստորանում նշեցինք, որը մեր հայրենակից ընկերոջինն էր: Կարծում եմ՝ անմոռանալի ստացվեց»:

Գնել Ուլիխանյանը եւ Աննա Դալլաքանը


Պարզվում է, դերասանին ճանաչել են նաեւ Իսպանիայում.«Եվրոպայի հայերը հետեւել են մեր սերիալին, բավական լավ էին արձագանքում ու ողջունում մեզ: Ի դեպ, հատուկ շնորհակալություն Բեարսելոնայի հայ համայնքից Դավիթին, ում ընկերակցությամբ հետաքրքիր ու հեշտ էր բացահայտել քաղաքը»:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` զույգի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին