×


Գոհար Հարությունյան.«Երանի ես էլ ամուսնուս նման մտածեի»

Գոհար Հարությունյանին եւ նրա կապուտչյա երեխաներին BRAVO.am-ը լուսանկարել է Երեւանի Ձմեռային այգում։ «Միսս Հայաստան 1998», «Միսս ԱՊՀ 1999», «Միսիս գլոբ 2009» տիտղոսակիր գեղեցկուհու երեխաները՝ Մելինեն, Բիայնան եւ Մենուան, ոգեւորությամբ շփվում էին Ձմեռ պապի ու էլֆերի հետ, ներկա էր նաեւ Գոհարի մայրը։

Գոհար Հարությունյանը` դուստրերի հետ


Երեք երեխաս էլ հավատում ու սպասում են Ձմեռ պապին։ Ինչպես ամեն տարի, այս անգամ էլ նվեր են ուզում շուն, կատու եւ այլն։ Անցյալ տարի Ձմեռ պապի բերած նապաստակը շատ էր ուրախացրել նրանց։ Աղջիկներս նաեւ ականջօղեր են խնդրել եւ շատ ոգեւորված են վերջերս ականջները ծակելու առիթով, Մենուան էլ ցանկանում է հեծանիվ, կտրող ու ծակող գործիքներ։): Բայց նրանց բոլորին մի բան է միավորում, որ ես ու Մենուան այլեւս չհիվանդանանք։

Նոր տարին նշելու ենք Հայաստանում: Ի սկզբանե որեւէ տաք երկիր մեկնելու ցանկություն կար, բայց այդպիսի փորձ ունեցել ենք. երեխաները չարաճճիություններ էին անում, Մենուան շատ քաղցրավենիք էր ուտում, ինչի պատճառով ալերգիա ունեցավ, եւ մեր ընտանեկան արձակուրդը լավ չստացվեց։ Հուսամ՝ ես ու ամուսինս հունվարին մի քանի օրով կճամփորդենք։

Տան տոնածառը պատրաստ է: Աղջիկները խմբակների էին, տղաս զարդարեց, բայց խաղալիքները ակտիվորեն վերցնում-դնում է։ Երեխաներս բնավորության լավ գիծ ունեն. նույնիսկ փոքր մանրուքներից ոգեւորվում եւ ուրախանում են։ Օրինակ, ուրիշ երեխաներ կատու կամ այլ կենդանի տեսնելիս չեն արձագանքում, իմ երեխաները հրճվում ու խաղում են։

Գոհար Հարությունյանը


Մելինեն ու Բիայնան հաճախում են թենիսի, երգի, պարի եւ հաղորդավարության դասերի: Դպրոցի հետ ծանրաբեռնվածությունը շատ է, բայց չեն դժգոհում։ Բիայնան այդ խմբակներով հետաքրքրված չէ, բայց Մելինեն ամեն ինչով ուզում է զբաղվել, անգամ ուզում է ֆուտբոլ պարապել։ Նա ուղղակի խենթանում է բեմի համար, սիրում է, որ իրենով հիանան, համացանցով երգեր է գտնում, անգիր անում ու երգում։ Մելինեին դեռ փոքրուց բեմը ձգում է. չէի կարողանում նրան գրկումս պահել, որ բեմ չվազի։ Նրա ուսուցիչներն ասում են, որ դերասանական հակումներ ունի։ Ես չեմ ուզում նրանց հայտնի դարձնել, այդպիսի հավակնություններ չունեմ, այլ ուզում եմ իրենց ընտրած ոլորտում կատարյալ դառնան։ Չեմ ցանկանա, որ երախաս բեմ բարձրանա ու բաղաձայն երգի, այնքան որ երեւա։ Եթե եղած շնորհը զարգացնեն ու բացահայտեն, ես ուրախ կլինեմ, որովհետեւ կհաղթահարեն հանրային ելույթ ունենալու վախը։ Հիմնականում այն ծնողներն են երեխաներին առաջ տանում, որոնք ժամանակին երազել են բեմի մասին եւ չիրականացած երազանքը երեխայի միջոցով իրականացնում են։

Մենուան հաճախում է քոլեջ եւ գեղասահքի դասերի։ Ես աղջիկներիս տարա, բայց նրանք արդեն խոշոր են, առաջարկեցին` տղաս մասնակցի դասերին։ Մտածեցի, որ առողջության համար բարենպաստ կլինի։ Առաջին օրը վախենում էր սահադաշտ մտնել, որովհետեւ մուլտֆիլմում տեսել էր, որ սառույցը կոտրվելիս հերոսն ընկնում է ջրի մեջ։ Հիմա արդեն ամեն օր ուզում է սահել։

Ձմռանը վայելում ենք ձյունն ու տոնական օրերը։ Ամանորին խոհանոցում օրերով չեմ լինում, որ զարմացնեմ ինչ-որ մեկին, շատ ուշադրություն չեմ դարձնում սեղանի ճոխությանը, հյուր ընդունելուց առաջ թարմ կպատրաստեմ։ Մարդիկ երբեմն պարտադրված են իրար հյուր գնում, ցուցամոլ են, արդյունքում չեն սիրում ու չեն վայելում տոները։ Սակայն եթե դուր չի գալիս, պետք է խիզախություն ունենան վերացնելու ցուցամոլությունը։

Գոհար Հարությունյանը երեխաների եւ մայրիկի հետ այցելել է Ձմեռային այգի


Ամենամեծ ցանկությունս է՝ անփորձանք ու խաղաղ տարի անցկացնենք, ընտանիքիս անդամներն առողջ լինեն եւ մեծ խոչընդոտներ չլինեն։ Իսկ ամուսինս ամեն տարի նոր երեխա է ցանկանում, կարող եմ անգամ չհարցնել նրան։ Նա առողջ է, իր աշխատանքով է զբաղվում, երեխաների խնամքն ու դժվարությունն իմ ուսերին է։ Երբ երկրից բացակայում է, ինչ-որ մեկս հիվանդանում ենք, հիվանդանոցում ենք հայտնվում, պատասխանատվության տակից ես պետք է դուրս գամ, հաճախ որոշումները միայնակ եմ կայացնում։ Նա հանգիստ բնավորություն ունի, երանի ես էլ նրա նման մտածեի։ Սթրեսային իրավիճակները նրա վրա չեն անդրադառնում, մտածում է՝ դե, երեխաները միեւնույն է` մեծանում են, իզուր եմ լարվում։ Մայրս մեզ հետ չի ապրում, բայց երբ հիվանդանում ենք, շուտ գալիս է։ Ես սիրում եմ ամեն բան կատարյալ լինի, իսկ երեխաների հետ անհնար է դառնում։ Մեր ընտանիքում դեռ համալրում չի սպասվում, բայց խոստումներս իրականացնելու համար պլանավորում ենք։):

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին