×


Գոհար Հարությունյանը` երեխաների չարաճճիությունների եւ չիրագործած պլանների մասին

Գոհար Հարությունյանը թեեւ վերջին տարիներին առավելապես զբաղված է իր զավակների խնամքով եւ աշխատանքային գործունեություն չի ծավալում, լրատվամիջոցների ուշադրությունը նրա հանդեպ չի նվազել: BRAVO.am-ը մայրության եւ ընտանիքի թեմայով զրուցել է  “Միսս Հայաստան 1998”, “Միսս ԱՊՀ 1999”, “Միսիս գլոբ 2009” տիտղոսները կրող գեղեցկուհու հետ: Նաեւ ներկայացնում ենք նոր ֆոտոշարք, որն իրականացվել է Առաջին ալիքի նախաձեռնած “Ես սիրում եմ մայրիկիս կաթիկը” խորագիրը կրող ցուցահանդեսի շրջանակում:

Գոհար Հարությունյանը` երեխաների հետ


Փոքրիկ չարաճճիություններ

Լուսանկարահանման ընթացքում Մենուան չարաճճիություններ էր անում, վազվզում էր եւ ֆոտոխցիկին չէր նայում: Անգամ փափուկ կարպետի վրա առաջին անգամ սկսեց գլուխկոնծի տալ: Մելինեն անընդհատ փոքր քույրիկին էր նայում, որ նրան ավելի գեղեցիկ աքսեսուարներ չտան: Հիմա նկարներին նայելով ասում է` ինչու է Բիայնայի շորն ավելի սիրուն, դրա համար մի քիչ տխրել է:): Մեծ աղջիկս մրցակցության ջիղ ունի, չի բավարարվում իր ունեցածով, երեւի ինձ է նման, իսկ Բիայնայի համար միեւնույն է:

Դաստիարակություն


Մենուայի ակտիվությունն ինձ չի նյարդայնացնում. համով չարաճճիություններ է անում, իսկ աղջիկներս փոքր ժամանակ շատ անհանգիստ ու այլ տիպի չար էին: Հիմա նրանցից սպասելիքներս մեծ են, ուզում եմ` ամեն ինչ կատարյալ լինի: Թեեւ դեռ երեխա են, բայց ավելին եմ պահանջում ու բարկանում, երբ դաստիարակության հարցում իմ ուզած արդյունքը չեմ ստանում:

Գոհար Հարությունյանի ավագ դուստրը` Մելինեն


Կրթություն

Դասերը մեզ համար կարեւոր են: Մելինեն արդեն սիրով է դպրոց հաճախում, բայց մյուս երեխաների համեմատ ավելի դժվար հարմարվեց նոր միջավայրին: Նա ավելի շատ սիրում է ուսուցիչների հետ շփվել ու զրուցել, քան իր հասակակիցների: Հաջորդ տարի դպրոց կգնա նաեւ Բիայնան, բայց ինչ-որ մեկը նրան ասել է, թե դպրոցում լավ չէ, հիմա չի ցանկանում մանկապարտեզը դպրոցով փոխարինել: Քույրիկի պատմելուց մի քիչ ոգեւորվում է, “Այբ” դպրոցի սղարանները նրան գրավում են, նախապատրաստում ենք ընդունելության քննությանը: Եթե հաջողվի, կցանկանամ` նա եւս այնտեղ սովորի. որպես ծնող գոհ եմ դպրոցից:

Բազմազավակ մայր լինելու առավելությունը


Այնքան ուրախալի է, որ իմ տարիքի կանայք երեք եւ ավելի երեխա ունեն: Եթե մի քանի տարի առաջ հայ ընտանիքներում մեծ մասամբ ծնվում էր երկու երեխա, ապա հիմա բազմազավակ ընտանիքների թիվը մեծացել է, կփաստեմ նաեւ Մելինեի համադասարանցիների օրինակով: Ողջունում եմ նաեւ, որ մեծ տարիքի երեխաներ ունեցող կանայք նորից են մայրանում, այդ կերպ նաեւ իրենք իրենց երիտասարդ են զգում: Երբ զրուցում եմ արդեն թոռներ ունեցող կանանց հետ, բոլորը պնդում են, որ փոշմանել են եւ կցանկանային ավելի շատ երեխա լույս աշխարհ բերել: Իհարկե, մենք բողոքում ենք մեր կենցաղից, տարբեր պատճառներ բերում, բայց երեխաները, թեկուզ նեղության մեջ մեծանալով, հետո իրենց ուժերով կյանքում ինչ-որ բանի կհասնեն, իսկ եթե սխալ դաստիարակություն են ստացել, ծնողների ստեղծածն էլ կարող են հողին հավասարեցնել: 

Գոհար Հարությունյանի փոքր դուստրը` Բիայնան


Կազմվածքը պահպանելու բանաձեւը


Կանայք, չցանկանալով մայրանալ, երբեմն որպես պատճառ նշում են գիրանալը, բայց համոզված եմ` երեխա ունենալը կազմվածքը չի փչացնում: Մայրերը հղիության եւ հետծննդաբերական շրջանում չափից ավելի են սնվում` կազմվածքի հետ կապված խնդիրը բարդելով երեխաների վրա: Ես յոթ տարի չեմ մարզվել, պարզապես սնվելուս չափաբաժինը չեմ ավելացրել, որովհետեւ չեմ սիրում շատ ուտել: Միայն վերջերս եմ սկսել առողջությանս հետեւել, տանը մի քանի րոպե մարզվում եմ: Պարտադիր չէ գումար ու ժամանակ ծախսել մարզասրահ գնալու համար, եթե ցանկություն կա, հնարավոր է կազմվածքը պահպանել:
Մայրությունը` վայելք


Շատերը կասեն, որ ձայնս տաք տեղից է գալիս, բայց եթե ես 20 տարեկանում ամուսնանայի, չորս կամ հինգ երեխա կունենայի: Մայրերը չպետք է ծուլանան, այլ երեխաներին մեծացնելը վայելեն եւ ոչ թե դժվարություն դիտարկեն: Իմ շրջապատում թեթեւ բնավորությամբ այնքան երեխաներ կան, որոնց շատ ավելի հեշտ է խնամելը, քան` իմ երեխաներին:

Գոհար Հարությունյանի որդին` Մենուան


Պլաններ


Երեխաների հետ իսկապես հեշտ չէ ամեն ինչ պլանավորել ու իրականացնել: Օրինակ` մի քանի անգամ որոշել ենք ճամփորդել, բայց դեռ չի հաջողվել: Չգիտենք` բոլորով գնալ, միայն աղջիկներին տանել, թե միայն տղային, վերջում էլ չենք գնում: Հուսով եմ` մեծանան, կկարողանանք չիրագործած պլաններն իրականացնել:

BRAVO.am
Լուսանկարները` “Մայրիկների ակումբ”-ի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին