×


Գոհար Հովհաննիսյան.“Եթե ապագայում չնկատեմ, ծանր կտանեմ”

Գոհար Հովհաննիսյանն այս շրջանում իր գործընկերների հետ ելույթ է ունենում Հայաստանի մարզային քաղաքներում: Երեկ նա Սոնա Շահգելդյանի, Վրեժ Կիրակոսյանի եւ Մասիս Հունանյանի հետ համերգ է ունեցել Արարատի Վեդի քաղաքում.“Երբ հրավիրում են, սիրով մասնակցում եմ, որովհետեւ լավ նախաձեռնություն է: Երիտասարդների համար կատարում ենք ժողովրդական, ազգային երգեր”:

Գոհար Հովհաննիսյանը


Այս տարվա ընթացքում նա ելույթ է ունեցել Միացյալ Նահանգներում, Ռուսաստանի մի շարք քաղաքներում.“Տարին ինձ համար համերգային է: ԱՄՆ-ում համերգին մասնակցել է նաեւ Վարդան Բադալյան, իսկ Ռուսաստանում՝ Մավր Մկրտչյանը, Աղասի Իսպիրյանը եւ Համլետ Գեւորգյանը: Արտերկրում ապրող հայերի համար կարեւոր է ազգագրական երգերի ճիշտ մատուցումը”:

Ժողովրդական երգեր կատարող երգչուհին BRAVO.am-ին հայտնել է, որ առաջիկայում կներկայացնի նոր տեսահոլովակ.“Դեռ չեմ բացահայտի, թե հայտնի որ երգն եմ ներկայացնելու, միայն կասեմ, որ այն հնչում է “Վանա ծովուն արշալույսը” ֆիլմում: Տեսահոլովակում կադրեր կլինեն նաեւ ֆիլմից”:

Գոհար Հովհաննիսյանն` ամուսնու եւ որդու հետ


Գոհարի ամուսինը` դհոլահար Գուրգեն Թամրազյանը, երգչուհուն նվագակցելուց բացի, դասավանդում է Նորքի հայորդաց տան “Արմեններ” խմբի դհոլահարներին. “Նա աշխատանքս ոչ միայն գնահատում, այլեւ օգնում է. խորհուրդները միշտ լսում եմ, իմ առաջին քննադատն է: Համերգներին հիմնականում միասին ենք լինում, իսկ եթե մտերիմ ընկերներիս հետ եմ, նա չի գալիս, այլ իր սաների պարապմունքներով է զբաղվում”:

Ամռան ընթացքում երգչուհին ընտանիքի հետ հանգստի չի մեկնի, ինչպես նշել է` պետք է աշխատի, որ աշնանը ներկայանա նոր գործերով.“Բայց անկախ իմ զբաղվածությունից, ամենից շատ ժամանակ եմ տրամադրում տղայիս, եւ որքան զբաղված եմ լինում, այնքան ժամանակս ճիշտ եմ օգտագործում”:

Գոհար Հովհաննիսյանն` ամուսնու եւ որդու հետ


Գոհարի տղան՝ Հարությունը, սեպտեմբերին կդառնա չորս տարեկան: Նա մայրիկի երգերը սիրում է, սակայն նյարդայնանում է, երբ վերջինս բեմ է բարձրանում.“Մի քանի անգամ ինձ հետ եկել է համերգներիս, բայց սկսում է լաց լինել, չի թողնում բեմ բարձրանամ, կարծես, սթրես է տանում: Վերջերս, երբ իմ անունը հայտարարեցին, նա ուղղակի խիստ ձայնով ասաց, որ չերգեմ: Իսկ երբ հեռուստացույցով տեսնում է, հիացմունքով ու լուրջ հայացքով դիտում է, ռիթմիկ երգերի ներքո էլ ոգեւորված պարում: Անկեղծ ասած, երաժշտական հակումներ չունի, եթե մոտ ապագայում չնկատեմ, ծանր կտանեմ, որովհետեւ երազել եմ, որ ինքն էլ երաժիշտ լինի: Բայց նաեւ գիտակցում եմ, որ իմ ցանկությունն ու կրթությունը քիչ է, պետք է բնատուր լինի”:

BRAVO.am
Լուսանկարները` Գոհար Հովհաննիսյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին