×


Գոհար Հովհաննիսյանի` էքստրեմալ պայմաններում ծնված դստեր առաջին լուսանկարները :)

Գոհար Հովհաննիսյանի երկրորդ երեխայի լույս աշխարհ գալու ստանդարտից դուրս պատմությունը պատմել ենք: Ժողովրդական երգեր կատարող երգչուհին BRAVO.am-ին է վստահել իրականացնել դստեր առաջին ֆոտոշարքը։ Նրա առաջարկով երկուսուկես ամսական Գայանեին լուսանկարել ենք տանը: Գոհարի ավագ որդին` 4-ամյա Հարությունը, ցանկանում էր քույրիկի հետ բոլոր կադրերում երեւալ:): 

Գոհար Հովհաննիսյանը` դստեր հետ


Ավստրալիայի Սիդնեյ քաղաքից Ռուբեն Սասունցու եւ Աղասի Իսպիրյանի հետ վերադառնալիս չէի էլ կարող պատկերացնել, թե ինչ է ինձ սպասվում։ Պերթ քաղաքի օդանավակայանից ուղիղ տարան ծննդատուն, որտեղ էլ աղջիկս ծնվեց։ Կողքիս էին Ռուբեն Սասունցին ու անծանոթ բուժանձնակազմը: Նրանք շատ հոգատար էին։ Երկրորդ օրը հիվանդանոց եկավ Էմմա անունով մի հայուհի, որին խնդրեցի հարմար հյուրանոց գտնել, սակայն նա ինձ ու աղջկաս տարավ իր տուն ու մոտ 20 օր քրոջ նման խնամեց։ 4 երեխա ունեցող աղջիկն իմ փոքրիկին վերաբերվում էր որպես իր 5-րդ երեխայի, եւ ինձ արդեն իրենց ընտանիքի անդամ էի զգում։ Այնքան էինք մտերմացել, որ երկուսիս համար էլ դժվար էր բաժանվելը, բայց մինչ օրս էլ մեր կապը շարունակվում է։

Շատերը միգուցե մտածեն, թե աղջիկս, ծնվելով Ավստրալիայում, այնտեղի քաղաքացի է, բայց Գայանեն ՀՀ քաղաքացի է, պարզապես անձնագրում ծննդավայրը գրված է Ավստրալիա։ Սովորաբար, հարկադիր վայրէջքի դեպքում մեղավորը պատճառած վնասի համար տուգանք է վճարում, բայց ապշել եւ հուզվել էի, երբ ավիաընկերությունից ծննդատուն էին ուղարկել ծաղկեփունջ, խաղալիք ու փուչիկներ, բացիկում էլ շնորհավորում էին եւ շնորհակալություն հայտնում, որ իրենց չվերթի ժամանակ մի նոր կյանք ծնվեց։

Գոհար Հովհաննիսյանի դուստրը` Գայանեն

Գոհար Հովհաննիսյանի երեխաները


Թվում էր` չեմ կարողանա Հայաստան վերադառնալ։ Երբ ժամանեցինք, հավատս չէր գալիս, շատ հոգնած էի, որովհետեւ փոքրիկիս հետ 25 ժամ անցկացրել էինք ճանապարհներին։ Ամուսինս հուզված գրկել էր երեխային, երջանիկ պահ էր։ Քառասունք չենք պահել, պարզապես ծննդից քառասուն օր հետո Տեր Շահենն օրհնեց աղջկաս։ Կարծում եմ՝ առաջին տարեդարձին կմկրտվի, ինչպես եղավ տղայիս դեպքում։

Հարութը քույրիկին շատ է սիրում, բայց սեփականտիրոջ նման է վերաբերվում. ուզում է միայն ինքը գրկել ու սիրել, անգամ ես թույլտվություն եմ վերցնում:)։ Երեւի խանդում է, ուզում ուշադրություն կենտրոնում լինել, ինձնից էլ լսել, որ իրեն շատ եմ սիրում։ Հանկարծ եթե մեկ ժամ չեմ ասում, նեղանում է ու բարձրաձայնում։ Աղջիկս շատ կամակոր չէ, երբեմն հանգիստ քնում է, հետո էլ որոշում, որ մինչեւ առավոտ արթուն նստենք: Միասին անքուն գիշերներ ենք անցկացնում, սակայն երբ տեսնում եմ ինձ նայող փայլուն աչուկները, քնելու մասին մոռանում եմ։

Գոհար Հովհաննիսյանը` երեխաների հետ


Աշխատանքային դադար չեմ ունենա։ Հրավերների դեպքում արդեն իսկ մասնակցում եմ համերգների. չեմ կարող երկար պասիվ հանգստի անցնել։ Ծննդաբերությունից հետո քաշի խնդիր առանձնապես չունեմ, մայրանալուց օրեր առաջ էլ, ինչպես գիտեք, երգում էի Ավստրալիայում։ Տղայիս լույս աշխարհ գալուց հետո եւս մեկ ամիս անց կրկին բեմում էի։

Առաջիկա հյուրախաղերը կլինեն Լիբանանում։ Մայիսի 28-ին Ռուբեն Սասունցու եւ Աղասի Իսպիրյանի հետ այնտեղ համերգով հանդես կգանք, աշնանը եւս համերգներ կունենանք։ Արդեն աշխատում եմ 3-րդ ձայնասկավառակիս երգերի վրա. մեր ազգագրական հին երգերը կներկայացնեմ նոր գործիքավորումներով։ 

Աշխատանքից դուրս հիմա գրեթե միշտ տանն եմ. խնջույքներ ու տարբեր վայրեր գնալու փոխարեն նախընտրում եմ մնալ փոքրիկներիս կողքին։
Երբ բացակայում եմ, տատիկն է նրանց խնամում։ Հանգստիս լավագույն տարբերակը նրանք են: Երբ ուզում եմ մոռանալ բոլոր խնդիրների մասին, երեխաներիս շնորհիվ ստացվում է։

BRAVO.am   
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/BRAVO.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին