×


Գոհար Հարությունյան. «Ինձ պարտված կզգամ, եթե այդ պատճառով չշարունակեմ»

«Միսս Արմենիա 2018» համահայկական գեղեցկության մրցույթը կկայանա գարնան վերջին, նաեւ հնարավոր է անվանափոխվի եւ կոչվի «Միսս hայուհի»` այս մասին BRAVO.am-ին հայտնել է մրցույթի ղեկավար, «Միսս Հայաստան 1998» Գոհար Հարությունյանը։  

Շուտով կսկսվի մրցույթին մասնակցել ցանկացող աղջիկների հայտագրումը. կարող են մասնակցել ինչպես Հայաստանի, այնպես էլ արտերկրում ապրող հայուհիները. «Սփյուռքի հետ կապն ակտիվացրել ենք, մեր գործընկերները հատուկ մրցույթի համար փնտրում են մոդելների։ Նաեւ մի քանի երկրի հայ համայնքներում կազմակերպվում են գեղեցկության մրցույթներ հայուհիների համար. հաղթողները կմասնակցեն մեր մրցույթին։ Սակայն Հայաստանի ու Սփյուռքի մասնակիցներին չենք տարանջատում, բոլորը հավասար հնարավորություն ունեն, կընտրենք ըստ չափանիշների»։

Գոհար Հարությունյանի երկվորյակները


Արդյո՞ք նախորդ «Միսս Արմենիա»-ի շուրջ ծավալված քննարկումներն ու քննադատությունները չեն ազդել մրցույթի հեղինակության վրա, Գոհարը պատասխանել է, որ կազմակերպչական թերությունները կշտկեն.«Մենք մեր գործն արեցինք օրինական դաշտում: Իհարկե, ցանկալի կլիներ՝ տհաճ պատմությունները, որոնք եղան, չլինեին: Շփվելով այլ երկրների մրցույթի կազմակերպիչների հետ՝ հասկանում եմ, որ այդ քննարկումներն ու գեղեցկուհիների վերաբերյալ քննադատությունները բոլոր երկրներում են։ Սա այն ասպարեզն է, որը միշտ կքննարկվի։ Մեզ մոտ աղմուկ ու հետաքրքրություն կա, կարեւորը՝ անտարբերություն չկա։ Իհարկե, որոշ աղջիկներ վախենում ու խուսափում են, որ իրենց մասին վատ մեկնաբանություններ չգրեն ու չքննադատեն, բայց կան ինքնավստահ աղջիկներ, ովքեր մտածում են՝ եթե Լիլին կարողացավ հաղթել, իրենք էլ կարող են։ Ընտրելու ենք այնպիսի աղջիկների, ովքեր բազմակողմանի զարգացած կլինեն եւ բարդույթավորված չեն լինի: Թող չվախենան ու մասնակցեն, որ լավագույնը Հայաստանը ներկայացնի գեղեցկության միջազգային հարթակներում»։

Գոհարը մրցույթի հաջողված կողմը համարում է «Միսս աշխարհ»-ին Հայաստանի  առաջին մասնակցությունը.«Նախկինում խոստացել են, բայց չի ստացվել։ Ուրախ եմ, որ մեր վերջնական նպատակին հասանք, ու Լիլին գնաց Չինաստան։ Այս տարի միջազգային մրցույթների ցանկը կփորձենք ավելացնել։ «Վիցե միսս Արմենիան» եւս մասնակցելու ցանկություն ուներ, բայց պայմանավորված իմ ընտանեկան կարգավիճակով, չեմ հասցրել այլ մրցույթներով զբաղվել, ինչը ժամանակի ու ռեսուրսների հետ է կապված»։

Փոքրիկ Մենուան


5 երեխայի մայր գեղեցկուհին հոկտեմբերին կրկին մայրանալուց հետո դադար չի վերցրել, արդեն զբաղվում է նոր մրցույթի կազմակերպչական հարցերով. «Մի քիչ քաոսային է իրավիճակը, մի կողմից ցանկանում եմ սկսածս գործը շարունակել, մյուս կողմից երեխաներս ու ամուսինս իմ ուշադրության կարիքն ունեն։ Այժմ փորձում եմ ձեւավորել ամուր ու պրոֆեսիոնալ թիմ, որ ողջ ծանրաբեռնվածությունն ինձ վրա չլինի։ Չեմ սիրում գործը կիսատ թողնել, քանի որ ամենադժվար փուլն անցել ենք, ես ինձ պարտված կզգամ, եթե ընտանեկան ծանրաբեռնվածության պատճառով չշարունակեմ»։

Օրեր առաջ տանը նշել են երրորդ երեխայի՝ Մենուայի տարեդարձը.«Ամուսնուս քույրն ամբողջությամբ կազմակերպել էր ծննդյան օրը՝ բոլորիս համար բերելով ծովահենների հագուստ։ Երեխաները շատ էին ուրախացել, որ հայրիկն էլ կերպարի մեջ էր նույն հանդերձանքով, շատ զվարճալի էր։ Մեծ երեխաներս հիմնականում տանը չեն լինում՝ դպրոց, խմբակներ ու պարապմունքներ։ Մի քանի ժամով դուրս եմ գալիս աշխատանքի, որն ինձ էներգիա եւ ուժ է տալիս։ Կարծում եմ՝ յուրաքանչյուր կին պետք է աշխատի, առնվազն երկու ժամ ինքն իրեն տրամադրի»։

BRAVO.am
Լուսանկարները` Գոհար Հարությունյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին