×


Դալիթայի «Կանչն» ու ապագա մասնագիտությունը

Ապրիլին մեծ էկրան կբարձրանա «Կանչ» գեղարվեստական ֆիլմը: Սաունդթրեքի` երեկ տեղի ունեցած նկարահանումներին ներկա է եղել նաեւ BRAVO.am-ը։ Երգը կատարում է Դալիթան, նրան նվագակցում է փոքրիկ դուդուկահար Թաթուլ Համբարձումյանը։ Պատանի երգչուհին առաջին անգամ կատարում է վոկալիզ. երգն առանց խոսքերի է:

Թաթուլ Համբարձումյանը եւ Դալիթան


16-ամյա երգչուհին ֆիլմի հեղինակների հետ աշխատել է «Ճամբարում» ֆիլմում` որպես դերասանուհի, այս անգամ միայն երգում է.«Վոկալի ուսուցչուհիս՝ Մերի Կարապետյանը, ինձ շատ օգնեց, որ երգածս համապատասխանի ֆիլմին եւ հոգու կանչ լինի, երաժշտության հեղինակ Էդմոնդ Մակարյանը եւս ուղղություն տվեց ու խորհուրդներով աջակցեց»։

«Խաղ իմ կանոններով» եւ «Ճամբարում» ֆիլմերից հետո «Կանչ»-ը «Ավագյան» փրոդաքշընի երրորդ աշխատանքն է։ Ֆիլմի հեղինակն ու պրոդյուսերը Հայկ Ավագյանն է, բեմադրող ռեժիսորը՝ Գուժ Թադեւոսյանը, սցենարը գրել են Կառլեն Աբրահամյանը եւ Սամվել Թադեւոսյանը։

Դալիթան


Ֆիլմի մասին

«Կանչ» լիամետրաժ ֆիլմը պատմում է Քեսաբի ու Ադանայի կոտորածներից հետո կենդանի մնացած պատանիներ Վարդանի ու Միհրանի մասին, որոնք ակամա հայտնվել են թուրքական ռազմական վարժարանում։ Այլ ելք չունենալով՝  Վարդանը ենթարկվում է վարժարանի վարչակարգին, սակայն նրան երեւացող մոր, հոր, պապի ու քրոջ՝ Արաքսիի տեսիլքները անընդհատ հիշեցնում են պապի նվիրած մագաղաթյա սուրբ գրքի մասին, որը խլել են թուրքերը։ Վարժարանում դաժան կտտանքների է ենթարկվում ադանացի Միհրանը, ում Իբրահիմ են կոչում, սակայն Վարդանը հնարավորինս օգնում է նրան։ Վարդանն, ապավինելով իր ուժին, կարողանում է հետ բերել կորցրած մագաղաթը եւ փորձում է փախուստի դիմել Միհրանի հետ։

Տեսահոլովակի մասին

Հայկական կարպետներ, ազգային հագուստ եւ հայկական շունչ. տեսահոլովակում Դալիթան ներկայանում է դիզայներ Լիլիթ Մելիքյանի մոդելավորած տարազներով. «Մեր տեսարանները կմոնտաժվի եւ կներկայացվի ֆիլմի կադրերին զուգահեռ։ Շատ հաճելի մթնոլորտում աշխատեցինք, սպասում եմ արդյունքին»։

Դալիթան` «Կանչ» ֆիլմի սաունդթրեքի հոլովակի նկարահանումներին


Դալիթայի խոսքով՝ հետագայում ցանկանում է միաժամանակ երգել ու նկարահանվել տարբեր նախագծերում, սակայն որպես ապագա մասնագիտություն ընտրել է կառավարումը.«Այժմ սովորում եմ Եվրոպական քոլեջի ավարտական կուրսում, այս տարի նպատակ ունեմ ընդունվել Ամերիկյան համալսարան։ Արդեն հանձնել եմ քննությունները, մայիսի վերջին պարզ կդառնա, թե որ բուհում կսովորեմ։ Մաթեմատիկայից ուժեղ եմ, սիրում եմ հենց այդ առարկան, ուզում եմ բացի արվեստից ունենալ մասնագիտություն։ Թեեւ երգն էլ ինձ համար մասնագիտություն է. երաժշտական կրթություն եմ ստացել ու այս ոլորտին լուրջ եմ վերաբերվում»։

BRAVO.am   
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/BRAVO.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին