×


Դի Դի Բրիջուոթերի անկեղծ խոստովանությունները, ջազ համերգն ու հյուրերը

«Գրեմմի» եռակի մրցանակակիր Դի Դի Բրիջուոթերն առաջին անգամ այցելել է Հայաստան, այն էլ՝ մենահամերգով։ Մարզահամերգային համալիրում երեկ նրա էներգետիկ ելույթով բացվեց «Yerevan Jazz Fest 2016»-ը։ Հերբի Հենքոքի կողմից համաշխարհային ջազի թագուհի տիտղոսին արժանացած 66-ամյա երգչուհին ներկաներին տեղափոխեց իր ջազային խենթ, ու, միեւնույն ժամանակ, ներդաշնակ աշխարհ։

Դի Դի Բրիջուոթերի երեւանյան համերգին


Համերգավար Արման Մարգարյանը, ներկայացնելով Դի Դիի մրցանակները, բեմից նշեց, որ պարզապես սիրահարվել է երգչուհուն։ Համերգի բացումը վստահված էր Արմեն Հյուսնունցի ղեկավարած Հայաստանի ջազ նվագախմբին։ Հայ երաժիշտների նվագակցությամբ աֆրոամերիկացի երգչուհին երեկոն սկսեց «Please Don't Talk About Me When I'm Gonе» հայտնի երգով։ 2009-ին նա ալբոմ է ձայնագրել` նվիրված Բիլլի Հոլիդեյին՝ «To Billie with Love from Dee Dee Bridgewater», եւ որոշել էր երեւանյան համերգին կատարել իր սիրելի արտիստի երգերը։ Բեմն իր «տունը» դարձրած երգչուհին հիմնական ծրագիրը կատարեց իր բենդի երաժիշտների՝ Տեո Քրոկերի (շեփոր), Մայքլ Քինգի (դաշնամուր), Էրիկ Ուելերի (բաս կիթառ), Կասա Օվերոլի (հարվածային գործիքներ) եւ Էնթոնի Ուարենի (սաքսոֆոն) հետ։

Նա հայերեն բարի երեկո եւ շնորհակալություն հայտնեց հանդիսատեսին. «Ձեր լեզուն մի քիչ բարդ է։ Ինձնից 20 տարի պահանջվեց ֆրանսերեն սովորելու համար, այնպես որ, ներեցեք, եթե սխալ արտասանեմ»:

Դի Դի Բրիջուոթերի երեւանյան համերգին


Դի Դի Բրիջուոթերը նախքան համերգը հանդիպել էր լրագրողներին: Երգչուհին բարձր տրամադրությամբ ու լայն ժպիտով պատասխանում էր նրանց հարցերին, վերջում էլ գրկում ու համբուրում իր հետ լուսանկարվողներին։ «Ինձ համար մեծ պատիվ է լինել այստեղ եւ մասնակցել փառատոնին։ Երբ 1968 թվականին առաջին անգամ եկա ԽՍՀՄ, լսեցի հայերի մասին։ Այդ ժամանակվանից ցանկություն ունեի լինել Հայաստանում։ Այնուհետեւ որոշ ժամանակ ապրելով Ֆրանսիայում՝ աշխատել եմ Շարլ Ազնավուրի հետ, միասին նկարահանվել ենք հեռուստաֆիլմում, համերգների մասնակցել։ Իսկ երբ պետք է երաժիշտների թիմ հավաքեի, ծանոթացա Պատրիկ Մանուկյանի հետ, որի հետ հաճախ երկար զրույցներ էինք ունենում: Նա պատմում էր Հայոց ցեղասպանության մասին. այդ ցավը դարձել էր նաեւ իմը։ Երբ մարտին առաջարկ ստացա գալ Հայաստան, ոգեւորվեցի եւ սիրով համաձայնեցի»:

Անդրադառնալով իր ինքնատիպ ոճին՝ երգչուհին նշել է, որ այն տարիքում է, երբ հագուստով եւ մազերով ինքնահաստատվելու խնդիր չկա.«Գլուխս սափրեցի 2007-ին՝ ինձ համար կյանքի դժվար փուլում, երբ երկրորդ անգամ ամուսնալուծվում էի։ Կանանց դասակարգում են ըստ գեղեցկության, ուշադրություն են դարձնում նաեւ սանրվածքին, իսկ հիմա ինձ հետ զրուցելիս մարզերիս նայելու փոխարեն աչքերիս մեջ են նայում։ Գեղեցկությունը ներսից եկող մի բան է, սա իմ ընտրությունն է, կարծում եմ՝ առանց մազերի էլ կմահանամ: Միգուցե տարբերվում եմ շատ կանանցից, բայց միավորվում եմ այն կանանց հետ, ովքեր անցել են քաղցկեղի միջով կամ առողջական այլ խնդիրներ ունեն։ Ինքս ունեցել եմ առողջական խնդիր։ Տարբեր ֆորումներին կանանց ասում եմ՝ եթե գտնեն իրենց ներքին գեղեցկությունը, ավելի ինքնավստահ ու ուժեղ կլինեն»:

Դի Դի Բրիջուոթերի երեւանյան համերգին


Նրա երգացանկում առանձնահատուկ է «Precios Thing» զուգերգը Ռեյ Չարլզի հետ, խոստովանում է՝ լեգենդի հետ աշխատած երկու տարին իր կյանքում լավագույնն են. «Երբ Փարիզում բացում էի նրա համերգը, հավանեց իմ կատարումը, իմ մենեջերն էլ առաջարկեց, որ միասին երգենք։ Նա երկար ժամանակ բռնեց ձեռքս ու ասաց, որ ուզում է ինձ հետ զուգերգ ունենալ։ Ռեյի հետ ստուդիայում անցկացրած օրերն անմոռանալի են։ Մեր հայտնի դուետը ձայնագրել ենք ընդամենը երկու փորձով: Առաջին անգամ, երբ երգեց, պարզապես արտասվեցի ու ասացի՝ սպիտակ ձայն ունեմ, չեմ կարող իր հետ երգել, նա էլ նշեց, որ իմ ձայնը ոգեշնչել է իրեն նոր դուետ ստեղծել։ Նա թույլ էր տալիս, որ միասին ընթրեինք, ներկա լինեի, երբ շախմատ էր խաղում, ինքնաթիռում հաճախ իրար կողք էինք նստում: Երբեմն նա ինձ թույլ էր տալիս լինել իր կողքին անգամ այն պահերին, երբ սիրահետում էր այլ կանանց։ Անգամ ականատես եմ եղել նրա զայրույթին. խիստ բարկացավ ինձ վրա, երբ փարիզյան պարբերականներից մեկում իմ մասին մեծ հոդված տպագրվեց՝ իմ մեծ լուսանկարով։ Հիշում եմ՝ այդ երեկո ինձ ասաց, որ աստղն ինքն է, եւ ես չեմ երգի իր հետ, այլ միայն կլսեմ։ Նա ինձ սովորեցրել է խոնարհ լինել ու համերգներին 100 տոկոսով նվիրվել հանդիսատեսին»։

Ավելի ուշ Չարլզն ու Բրիջուոթերը պետք է Իտալիայում հանդես գային համատեղ համերգով։ Երգչուհու ինքնաթիռը տեխնիկական անսարքության պատճառով վայրէջք էր կատարել այլ վայրում.«Հղիության վեցերորդ ամսում էի, մեզ անհրաժեշտ քաղաք հասանք մառախուղի միջով եւ երեք ժամ ուշ։ Անհանգստանում էի, քանի որ Չարլզն արդեն այնտեղ էր: Մտածում էի՝ համերգն արդեն ավարտվել է, սակայն նա հետաձգել էր ելույթը` սպասելով ինձ։ Հետո նշեց, որ դա ամենաքիչն էր, ինչ կարող էր անել Փարիզի իր սխալը փոխհատուցելու համար»։

Դի Դի Բրիջուոթերի երեւանյան համերգին


Նինա Սիմոնի կատարմամբ «Չորս կանայք» երգը Դի Դիի սրտի երաժշտությունն է. «Լսելով այդ կատարումը, բացահայտեցի իմ գեղեցկությունը, հպարտացա իմ աֆրիկյան արմատներով ու ժառանգությամբ»։

Երեւանյան համերգի ավարտից հետո ետնաբեմում նրան էին սպասում երկրպագուները։ Երգչուհին ակնհայտորեն հուզվեց նվերներից ու հիացական խոսքերից՝ նշելով, որ ուրախանում է իր համերգին տեսնելով երիտասարդ սերնդին։ Մեր հարցին, թե ինչով է զբաղվում համերգներից ու ճամփորդություններից հետո, ժպտալով պատասխանեց՝ սիրում է երկար քնել.«Առաջին երեք օրը անկողնում եմ անցկացնում, ֆիզիկապես ամբողջովին հանգստանում եմ։ Երբ արձակուրդում եմ ու տանն եմ, ինձ ոչ ոք չի կարող ստիպել  ինքնաթիռ նստել:)»։

Ջազի հայկական ասոցիացիայի եւ «Մեցցո Փրոդաքշն»-ի կազմակերպած միջազգային ամենամյա փառատոնը մինչեւ հոկտեմբերի 16-ը Երեւանում կհյուրընկալի նաեւ այլ արտիստների: Փառատոնի փակումը վստահված է բրիտանացի հայտնի ջազ երգչուհի Ջոս Սթոունին։

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/Bravo.am/    
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին