×


Դիանա Գրիգորյանը, Դիանա Մալենկոն, Անդրանիկ եւ Դավիթ Անտոնյանները` շեֆին սպանելու մտադրությամբ :)

“Շեֆ”. այսպես է կոչվում կատակերգությունը, որը մարտի 28-ին Անդրանիկ Անտոնյանը, Դիանա Գրիգորյանը եւ Դավիթ Անտոնյանը խաղացին Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ուսումնական թատրոնի բեմում: Վարդգես Բարսեղյանը ներկայացումը բեմադրել է հանրահայտ երգիծաբան Սլավոմիր Մրոժեկի “Կարոլ” պիեսի հիման վրա:

Դիանա Գրիգորյանը եւ Դավիթ Անտոնյանը


“Որպես ավարտական աշխատանք պետք է որեւէ բեմադրություն ներկայացնեի: Ղեկավարիս` Ռաֆայել Ջրբաշյանի արխիվում գտա “Կարոլ”-ը եւ որոշեցի այն բեմադրել: Պիեսը որոշակի փոփոխության ենթարկելուց հետո մայիսին հանձնեցի դասախոսական կազմի դատին եւ արժանացա գերազանց գնահատականի”,-BRAVO.am-ին ասել է բեմադրիչը` հավելելով, որ իրենց նպատակն է ցույց տալ, թե ինչպես կարելի է գաղափարապես հեղափոխել մարդուն եւ տանել քո հետեւից:

Ակնաբույժն իր աշխատասենյակում յոգայի պարապմունքից հետո պատրաստվում է ընդունել այցելուներին, երբ ներս է խուժում համարձակ մի աղջիկ` հրացանակիր պապիկի հետ: Վերջինիս ակնոց է անհրաժեշտ, որպեսզի կարողանա անվրեպ կրակել շեֆին, որի ով լինելն անհայտ է, միայն պարզ է, որ նա կա եւ անհրաժեշտ է գտնել ու ոչնչացնել:

ԵԹԿՊԻ ուսումնական թատրոնում ներկայացվել է "Շեֆ"-ը


Ակնաբույժին մարմնավորել է Անդրանիկ Անտոնյանը, որը հանդիսատեսին հայտնի է “Քաղաքում” սերիալում Ծյապիկի դերով: Նույն սերիալից Իռենի դերակատարը` Դիանա Գրիգորյանը, բեմում համարձակ թոռնուհուն էր մարմնավորում: Նա մեզ հետ զրույցում նշել է, թե սիրով է ընդունել ներկայացման մեջ խաղալու առաջարկը:

Դիանա Գրիգորյանը, Դավիթ Անտոնյանը, Դիանա Մալենկոն եւ Անդրանիկ Անտոնյանը


Ի դեպ, թոռնուհու դերում հանդես է գալիս նաեւ Դիանա Մալենկոն, որի մասնակցությամբ “Շեֆ”-ը կարող եք դիտել ապրիլի 3-ին եւ 4-ին: “Այս կերպարով է եղել առաջին բեմելս: Շատ հուզված էի, առաջին րոպեներին ձայնս ու ոտքերս դողում էին, հետո արդեն կարողացա մտնել դերի մեջ: Չնայած, որ հաճախ են ինձ կոկետուհու կերպարում տեսնում, իրականում բնավորության տղայական գծեր ունեմ եւ այդ առումով նման եմ թոռնուհուն: Քիթ սրբելու ժեստն ու հատուկ շեշտադրությամբ “պապի՛կը” ես եմ առաջարկել, շատերին տպավորել է եւ ինձ տեսնելիս հաճախ են կրկնում:): Ուրախ եմ, որ Դիանան կարողացավ նույն կերպարը յուրովի մատուցել: Դիտավորյալ ներկա չեմ եղել փորձերին, որպեսզի արդեն իսկ իմ խաղով կարողանամ պահպանել յուրօրինակությունը”:

Անդրանիկ Անտոնյանը եւ Դիանա Գրիգորյանը` "Շեֆ" ներկայացմանը


Նշենք, որ պապիկին եւ թոռնիկին հաջողվում է շեֆին ոչնչացնելու գաղափարով համակել նաեւ ակնաբույժին: Ի վերջո, եռյակին հաջողվում է սպանել նրան, բայց թե ով էր նա, կհասկանաք հանդիսատեսի շարքում գտնվելու դեպքում:):

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին