×


Դիանա Մալենկո.“Եթե փողոցում ինձ տեսնեք հիստերիկ շարժումներ անելիս, ուրեմն…”

Դիանա Մալենկոն, որն այժմ “Արմնյուզ” հեռուստաընկերության նոր եթերաշրջանի հաղորդավարների կազմում է, BRAVO.am-ին հայտնել է, թե երեկ չարաբաստիկ եթեր է ունեցել: “Երեկոյան Երեւան” թոք-շոուի ուղիղ եթերի ընթացքում նա, տեսնելով իրեն մոտեցող թութակին, վախեցել ու դուրս է վազել տաղավարից, քանի որ օրնիթոֆոբիա ունի` վախենում է թռչուններից:

Դիանա Մալենկոն


Մեզ հետ զրույցում Դիանան հայտնել է, որ դեռ վաղ հասակից ֆոբիա ունի թռչուններից եւ թիթեռներից, սակայն մյուս կենդանիներից ու սողուններից չի վախենում.“Մեր տաղավարում պետք է հյուրընկալեինք էկզոտիկ կենդանիների, բայց չէի պատկերացնում, որ թութակ էլ կբերեն: Խուճապի մատնվեցի, որովհետեւ չէի կարողանում բարձրախոսը հանել ու արագ հեռանալ: Արտակը չէր պատկերացնում, որ այդքան վախենում եմ եւ հիստերիայի կհասնեմ: Երբ թութակին տարան, ջուր խմեցի, հանգստացա ու վերադարձա տաղավար: Դեռ մի քանի տարի առաջ իմ հարցազրույցներում նշել եմ իմ ֆոբիայի մասին: Շնորհակալ եմ իմ ղեկավարներին, որ ըմբռնումով վերաբերվեցին, նաեւ չեմ կարծում, որ ծրագրի վարկանիշը բարձրացնելու համար գործընկերներս նախապես որոշել էին ինձ վախեցնել”:

Հաղորդավարուհին նաեւ պատմել է, որ նման դեպք իր հետ պատահել է նախորդ ամռանը` Հունաստանում  հանգստանալիս.“Մեկնել էի դերասաններ Լիդիայի, Գագոյի եւ ուրիշների հետ: Փողոցում բազմաթիվ աղավնիներ տեսնելով՝ այնպես ուժեղ էի սեղմել Լիդիայի ձեռքը, որ մատներիս հետքը մնացել էր: Խեղճերն ամբողջ օրն աղավնիներ էին քշում: Ես նախքան մեկնելս ինքնուրույն ուզում էի վախս հաղթահարել, բայց նույնիսկ լուսանկարներով չէի կարողանում նայել”:

Դիանա Մալենկոն


Թե ինչից է առաջացել թռչուններից հանդեպ վախը, Դիանան հստակ չգիտի.“Ես էլ, ծնողներս էլ փորձում ենք հիշել, թե փոքր տարիքում ինչից է սկսվել, բայց պատճառը չենք հասկանում: Օրինակ` մեղուներից ու ճանճերից չեմ վախենում, երեւի վախս փետուրից է, անգամ բարձս փետրավոր չէ: Ես իսկապես գիտակցում եմ, որ թռչունն ինձ չի կծի, օրինակ` կարող եմ օձերին ու մողեսներին բռնել… Եթե փողոցում ինձ տեսնեք հիստերիկ շարժումներ անելիս, ուրեմն դիմացս թիթեռ է դուրս եկել կամ աղավնի: Այստեղ շատ են ագռավները, բայց  բարեբախտաբար, մոտ չեն գալիս, մասնավորապես սարսափում եմ աղավնիներից”:

Դիանան հավելեց, որ այսօր էլ իր գործընկերների հետ ուղիղ եթերում կվարի “Երեկոյան Երեւան” ծրագիրը, սակայն հուսով է` առանց թութակների ներկայության:):

BRAVO.am
Լուսանկարները՝ Դիանա Մալենկոյի անձնական արխիվից եւ Վլադ Աբովյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին