×


Դիլիջանում բացվել է բրիտանացի կոմպոզիտոր Բենջամին Բրիտտենի հուշաքարը

Բենջամին Բրիտտենի ծննդյան 100-ամյակին նվիրված տոնակատությունների շրջանակում օրերս Դիլիջանի կոմպոզիտորների միության ստեղծագործական տանը բացվել է բրիտանացի կոմպոզիտորին նվիրված հուշաքար, ինչպես նաեւ տեղի է ունեցել նրա` մեր երկիր կատարած այցելության արխիվային լուսանկարների ցուցահանդեսը` “Հայաստանը միշտ կմնա մեր սրտերում” հուշագրությամբ:

Դիլիջանում բացվել է բրիտանացի կոմպոզիտոր Բենջամին Բրիտտենի հուշաքարը


Երեւանից Դիլիջան էին ժամանել Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթի Լիչը, IDeA հիմնադրամի գործադիր տնօրեն Արտակ Մելքոնյանը, Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը եւ այլ հյուրեր: BRAVO.am-ը եւս ներկա էր եզրափակիչ միջոցառմանը:

1965 թվականին Բենջամին Բրիտտենը եւ օպերային երգիչ Փիթեր Փիրսը ժամանել են Հայաստան` հանգստանալու “Դիլիջան” կոմպոզիտորների ստեղծագործական տանը, որտեղ էլ կոմպոզիտորը Պուշկինի բանաստեղծությունների հիման վրա գրել է երգերի շարք: Այդ օրերին Էդվարդ Միրզոյանի շնորհիվ կազմակերպվել է “Հայաստանում Բրիտտենի օրեր” փառատոնը:

Բենջամին Բրիտտենի` Հայաստան կատարած այցելության արխիվային լուսանկարների ցուցահանդեսին


ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթի Լիչը նշել է, թե հպարտ է, որ Բրիտտենը հանգստացել է Դիլիջանում.“Հայրս Լոնդոնի գրախանութներից մեկում գտել է կոմպոզիտորի ընկերոջ` Փիրսի հուշագիրը, որն էլ այսօր հանձնեցինք այստեղի գրադարանին: Գրքում նշված է, որ Բրիտտենը շատ է տպավորվել հայկական հյուրընկալությամբ եւ հյուրասիրությամբ: Նաեւ ոգեշնչվել է հայ երաժիշտներով եւ բնությամբ”:

Արամ Սաթյանը նշել է, որ այս հուշաքարով հաստատվում է հայ-անգլիացի կոմպոզիտորների բարեկամությունը.“Հիշում եմ` կոնսերվատորիայում քննությունները հանձնելուց հետո եկա Դիլիջան եւ տեսա, որ այստեղ են հանգստանում հռչակավոր կոմպոզիտոր Բրիտտենը, դիրիժոր, թավջութակահար Մստիսլավ Ռոստրոպովիչն` իր տիկնոջ` օպերային երգչուհի Գալինա Վիշնեւսկայայի հետ: Այստեղ էին նաեւ Առնո Բաբաջանյանը, Էդուարդ Միրզոյանը: Երաժիշտները խանդավառությամբ էին նրանց ընդունում”:

Բենջամին Բրիտտենի` Հայաստան կատարած այցելության արխիվային լուսանկարների ցուցահանդեսին


Կոմպոզիտորների միության նախագահի խոսքով` Բրիտտենը հենց Ռոստրոպովիչի խորհրդով է ընտրել այս հանգստավայրը, որտեղ էլ առչնվել է չքնաղ բնության հետ եւ ստեղծագործել.“Նրան այնքան էր դուր եկել միջավայրը… Հենց նրա շնորհիվ այսօր անգլիացի կոմպոզիտորները գիտեն Հայաստանի մասին եւ պատրաստ են գալ: Հույս ունեմ` Բրիտանական դեսպանատան հետ կվերանորոգենք այս ամառանոցը եւ, ինչու ոչ, կհյուրընկալենք անգլիացի կոմպոզիտորների: Սա այն վայրն է, որտեղ մուսան միանգամից է գալիս. օրինակ, ես մեկ շաբաթվա ընթացքում գրում եմ այնքան, որքան մեկ տարվա ընթացքում` Երեւանում”:

Անվանի կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի որդին` օրթոպեդ-վնասվածքաբան Արշակ Միրզոյանը, BRAVO.am-ին պատմել է բրիտանացի կոմպոզիտորի հետ կապված իր հուշերից.“Հայրս ամեն ինչ այնպես էր նախաձեռնել եւ կազմակերպել, որ հյուրերը հաճույք եւ լավ տպավորություններ ստանան: 9 տարեկան էի, բայց լավ հիշում եմ, որ նա որոշել էր շատ մեծ կաթսայով ճաշ մատուցել Պարզ լճի տարածքում, սակայն այնպիսի ուժեղ անձրեւ տեղաց, որ ստիպված բացօթյա տարածքից հեռացանք, հետո պարզվեց, որ գիշատիչները կերել են ամբողջ միսը:)”:

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթի Լիչը եւ IDeA հիմնադրամի գործադիր տնօրեն Արտակ Մելքոնյանը


Բենջամին Բրիտտենը ծնվել է 1913 թվականի նոյեմբերի 22-ին` երաժշտության սուրբ բարեխոս Սեսիլիայի տոնին: Դեռ կենդանության օրոք նա հռչակվել է 20-րդ դարի լավագույն կոմպոզիտորներից մեկը: Բրիտտենի ծննդյան 100-ամյակը տոնել են ողջ աշխարհում: Այդ միջոցառումների շրջանակում նախորդ տարվանից Բրիտանական խորհուրդը Հայաստանում կազմակերպել է պաստառների ցուցահանդես, ֆիլմերի ցուցադրություն, ինչպես նաեւ IDeA հիմնադրամի նախաձեռնությամբ նրա ստեղծագործություններն առաջին անգամ հնչել են “ՏաԹեւեր” ճոպանուղում` “Միրզոյան” քառյակի կատարմամբ: Ելույթն առցանց հեռարձակվել է աշխարհում եւ լավ արձագանք ունեցել:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/BRAVO.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/BRAVO.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին