×


Դիորյան շքեղ ցուցադրություն Փարիզում

Փարիզ, նորաձեւություն եւ Քրիստիան Դիոր անունները փոխկապակցված են: Այս բարեկամության սկիզբը դրվել է 1947 թվականին, երբ փարիզյան Մոնտեն պողոտայի վրա իր դռները բացեց «Քրիստիան Դիոր» նորաձեւության տունը` դառնալով մայրաքաղաքի կանանց սիրելի եւ բաղձալի վայրերից մեկը:

«Քրիստիան Դիոր. երազանքի կուտյուրյե» ցուցահանդեսին


Այսօր տունը նշում է իր հաջողության 70-ամյակը, եւ նման առիթով կազմակերպվել է մեծածավալ ցուցադրություն: Տպավորիչ «Քրիստիան Դիոր. երազանքի կուտյուրյե»  ցուցահանդեսը բազմաթիվ մշակութային հաստատությունների երկար աշխատանքի արդյունք է: Իրենց ցուցանմուշներն են տրամադրել Քրիստիան Դիորի թանգարանը Գրանվիլում, Լոնդոնի Վիկտորիա եւ Ալբերտ, Նյու Յորքի Մետրոպոլիտեն, Փարիզի նորաձեւության թանգարաններն, ինչպես նաեւ մի շարք անհատ կոլեկցիոներներ:

«Քրիստիան Դիոր. երազանքի կուտյուրյե» ցուցահանդեսին


Դեկորատիվ արվեստների թանգարանում բացված այս ցուցահանդեսը ներկայացնում է 300 շքեղ զգեստ` ստեղծված ինչպես անձամբ Քրիստիան Դիորի, այնպես էլ վարպետից հետո նորաձեւության տունը ղեկավարած վեց հետնորդների կողմից` Իվ Սան Լորան, Մարկ Բոան, Ջանֆրանկո Ֆերրե, Ջոն Գալյանո, Ռաֆ Սիմոնս եւ վերջապես Մարիա Գրացիա Կյուրի: Ցուցահանդեսը զուգահեռներ է անցկացնում յուրաքանչյուր արտ-տնօրենի ոճերի եւ ձեռագրերի միջեւ, որոնք թեպետ շատ տարբեր են, սակայն մշտապես հավատարիմ դիորյան տան բնորոշ շքեղությանը:

«Քրիստիան Դիոր. երազանքի կուտյուրյե» ցուցահանդեսին


Եզակի լուսանկարներ, փաստաթղթեր, նամակներ, վավերագրական ֆիլմեր, արվեստի գործեր եւ, իհարկե, զգեստներ, պայուսակներ, աքսեսուարներ, թանկարժեք զարդեր՝ այս ամենը կարելի է տեսնել միայն նորաձեւության մայրաքաղաք Փարիզում՝ Դեկորատիվ արվեստների թանգարանում, մինչեւ 2018 թվականի հունվար ամիսը:

Տեքստը եւ լուսանկարները՝ Լիլիթ Սոխակյանի/Bravo.am-ի սեփական թղթակիցը Փարիզում/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին