×


“Դոգմա”-ի մենահամերգն ու փոքրիկ աղջկա նվերը Զառային

“Դոգմա”-ն օրերս մենահամերգ է ունեցել “32 Թատրոն”-ում: Ֆոլկ-ռոք խմբի երաժիշտները հանդիսատեսին ադրենալինի չափաբաժին են տվել սեփական երգացանկով ու ձեռագրով: Նրանք կատարել են նաեւ նոր ստեղծագործություններ, այդ թվում՝ “Նանե” երգը դեռ չթողարկված ալբոմից:

"Դոգմա" խմբի երեւանյան մենահամերգին


“Ուզում էինք շատ հույզեր տալ, հուսով ենք` ստացվեց: Մեզ համար կարեւոր է, որ յուրաքանչյուր ունկնդիր զգա մեր էներգիան ու նվագածը: Փոխանցելով մեր երաժշտական ներկապնակը` հանդիսատեսից ստացանք դրական լիցքեր, ինչն էլ խթան է, որ հաջորդին ոգեւորված պատրաստվենք”, - BRAVO.am-ի հետ զրույցում նշել է խմբի վոկալիստ Զառա Գեւորգյանը:

Համերգին ներկա է եղել նաեւ Զառայի եւ կիթառահար Հենրի Գրիգորյանի ավագ դուստրը` Թենին, որի համար մայրիկը կատարել է նրան նվիրված “Ուրախացան” երգը: Մի աղջնակ էլ բեմ է  բարձրացել եւ երգչուհուն նվիրել իր մայրիկի ձեռագործ աշխատանքները.“Երեխան այնքան ոգեւորված էր, որ ես էլ ուրախացա: Հաճելի է, որ կան ծնողներ, ովքեր մեր երաժշտությունը հրամցնում են իրենց փոքրիկներին, որովհետեւ մեր երգերը մի քիչ բարդ ու ծուռ են, բայց հասանելի են նրանց”:

"Dogma" խումբը


Ապրիլին “Դոգմա”-ն Թբիլիսիում մրցանակի է արժանացել “Ֆենիքս” կովկասյան երաժշտության մրցանակաբաշխության “Երաժշտության զարգացման համար” անվանակարգում.“Մենք անակնկալի եկանք, երբ հայտնեցին, որ հաղթող ենք ճանաչվել, հետո Վրաստանում ելույթի հրավեր ստացանք: Ի դեպ, 2012-ին էլ մեր “Ռենեսանս” տեսահոլովակն էր այս մրցանակաբաշխությանը ճանաչվել լավագույնը”,- հայտնել է Զառան:

"Դոգմա" խմբի երեւանյան մենահամերգին


Նոյեմբերի 15-ին հայկական էթնիկ մեղեդու եւ պրոգրեսիվ մետալի տարրերի համակցությամբ ռոք-խումբը նախատեսում է նոր սկավառակը թողարկել, որի անվանումը դեռ չեն որոշել.“Օրը ինչ-որ իրադարձության հետ կապված չէ, պարզապես մեզ համար վերջնաժամկետ ենք դրել: Բայց մինչ այդ օգոստոսին կմասնակցենք փառատոնի եւ համերգներ կունենանք մարզային 8 քաղաքում: Իսկ սեպտեմբերին սպասվում է մի հետաքրքիր համերգ նորվեգական պրոգրեսիվ-մետալ խմբի հետ”:

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին