×


“Դորիանսը”, “Կատուները” եւ այլ խմբեր կմեկնեն Կանն

Հայաստանն այս տարի պատվավոր երկրի կարգավիճակով կմասնակցի “MIDEM” երաժշտական միջազգային փառատոնին: Հունիսի 5-ից 8-ը Ֆրանսիայի Կանն քաղաքը ողողված կլինի հայկական մշակույթով. տեղի կունենան համերգներ, կներկայացվի հայկական խոհանոցը, պարարվեստը, նորաձեւությունը եւ այլն:

Վահագն Հայրապետյանը, Սերգեյ Սմբատյանը եւ Արմեն Հյուսնունցը (Լուսանկարը` Արթուր Lumen Գեւորգյանի)


Հայաստանի խորհրդանիշը կլինի նուռը` պատկերված չորս գույնով, որոնք խորհրդանշում են հողը, օդը, ջուրը եւ կրակը, իսկ մեր մասնակցությունն իրականացվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում: Ծրագիրն իրականացնում է “ՊրոԱրտ” ընկերությունը:

Փառատոնին ելույթ են ունենալու “Դորիանս”, “Միքայել Ոսկանյան եւ ընկերներ”, “Կատուներ” խմբերը, “Հովեր” կամերային երգչախումբը, Հայաստանի պետական ջազ եւ երիտասարդական նվագախմբերը, DJ Beatman-ը եւ ուրիշներ: “Սա նոր հարթակ է երիտասարդ երաժիշտների համար: Հուսով եմ` միջոցառումը նոր դռներ կբացի նրանց առջեւ: Բարի երթ եմ մաղթում մեր մասնակիցներին”,-ասել է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

"Dorians" ռոք-խումբը


Փառատոնի շրջանակում տեղի կունենան դասախոսություններ հայկական մշակույթի, ժողովրդական գործիքների, Կոմիտասի, նաեւ Հայաստանով ոգեշնչված աշխարհահռչակ կոմպոզիտորների` Հայաստանին նվիրված ստեղծագործությունների թեմաներով:

Կանն կմեկնի նաեւ Վահան Խաչատրյանը` ներկայացնելով իր հեղինակած “Հայաստանի գանձեր» հավաքածուն.“Ցուցադրություն չի լինի, այլ պաշտոնական ընթրիքի ժամանակ հյուրերին դիմավորող աղջիկները կկրեն հավաքածուում ընդգրկված երեկոյան զգեստները: Շատ ուրախ ու շնորհակալ եմ, որ ստացա մասնակցության հրավեր”,-մեզ հետ զրույցում նշել է դիզայները:

“MIDEM”-ն կազմակերպվում է 1966 թվականից: Փառատոնին մասնակցում են ձայնագրման հեղինակավոր ընկերություններ, հայտնի երգիչներ, խմբեր, պրոդյուսերական կենտրոններ:

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին