×


“Դռներ”` Նանա Արամյանի էքզիստենցիալ նոր նախագիծը

Նանա Արամյանը հունիսին իր “Ստվերների գիրքը” ներկայացրեց “Դալան” ցուցասրահում, այս ամիս էլ նրա էքզիստենցիալ գործերը հանգրվանել են “Ժան-Պոլ  էքզիստենցյալ” սրճարանում: Փորձարարական ու այլընտրանքային ցուցահանդեսը նկարչուհին անվանել է “Doors”:

Նկարչուհի Նանա Արամյանը


Նա BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ դռների գաղափարն իրեն միշտ գրավել է.“Փոքր տարիքում հետաքրքրում էին պահարանների դռները եւ դրանց հետեւում թաքնվելու գաղափարը: Ճանապարհորդելիս միշտ ուշադրություն եմ դարձնում հին դռներին, գրավիչ ու խորհրդավոր են, մի տեսակ “տանում” են: Հաճախ ինքս լուսանկարում եմ, հետո պատկերում կտավին: Երբեմն բացարձակ նման չի ստացվում, որովհետեւ նկարներս մետաֆորիկ են. իմ անձնական հուշերն ու տպավորություններն են”:

Նանա Արամյանի կտավներից


Նանա Արամյանի էքզիստենցիալ գաղափարախությունն ու վրձնի յուրահատուկ զգացողությունն այս անգամ արտահայտված է փոքր կտավներում: Այս ցուցահանդեսը նախորդի շարունակությունն է, որը վերածվել է առանձին նախագծի. “Կան գործեր, որ նախորդ ցուցահանդեսից հետո եմ նկարել: Ներկայացրել եմ կաղապարի ու շերտի տակ գտնվող հոգեվիճակ, որը ճեղքում է՝ փորձելով դուրս գալ, ազատություն ստանալ: Երբ նկարում եմ ու գոհ եմ լինում պատկերածս ասելիքից, բավարարված եմ զգում, իսկ եթե ոչ` նորից ու նորից նկարում եմ: Շարքը դեռ չի ավարտվել, ընթացքում ծնվում են նոր մտքեր, որոնք դեռ կնկարեմ, կտավի կվերածեմ նաեւ գրաֆիկ աշխատանքներիցս մի քանիսը: Հետագայում ամբողջական շարքով արտ-գիրք թողարկելու միտք ունեմ, որն իր դիզայնով արվեստի գործ կլինի:”

Նանա Արամյանի կտավներից


Ցուցահանդեսի համադրող Նարեկ Բախտամյանը, երբ “Դալան”-ում առաջին անգամ դիտել է նկարները, միանգամից պատկերացրել է` ինչպես դրանք կդիտվեն սրճարանի միջավայրում.“Մարդկանց մոտեցնում ենք արվեստին՝ միաժամանակ արվեստը չիջեցնելով: Սրճարան գալիս են մարդիկ, որոնց մեծամասնությանն արվեստը չի հետաքրքրում, չեն մտածում, որ ժամացույցից բացի, կարելի է կտավ փակցնել պատին: Այո, մարդկանց մեծամասնությունը նախընտրում է շատ գումար ծախսել բազկաթոռի վրա, քան նկարի, իսկ այսպես մտածելու առիթ ենք ստեղծում, որ իր բազկաթոռի վերեւում սիրուն կդիտվի նկարը, եւ կարելի է գնել”:

Նանա Արամյանի “Դռներն” առաջիկայում կներկայացվեն նաեւ եվրոպական քաղաքներում:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին