×


Դրեզդենի սիմֆոնիկ նվագախմբի «Աղետը»՝ Երեւանում

Դրեզդենի սիմֆոնիկ նվագախումբը երեկ հայ հանդիսատեսին է ներկայացել «Աղետ» խորագիրը կրող համերգով: «Արամ Խաչատրյան» համերգասրահում նրանց հետ ելույթ են ունեցել Դրեզդենի կամերային երգչախումբը, Հայաստանի ֆիլհարմոնիկ, կամերային եւ երիտասարդական նվագախմբերի երաժիշտները: Դիրիժորը Անդրեա Մոլինոն էր, իսկ մենակատարները՝ Մարկ Սինանը, Մաթիաս Վորմը, Կարլ Թիմտը եւ Արայիկ Բախտիկյանը:

Դրեզդենի սիմֆոնիկ նվագախմբի երեւանյան համերգին


Նախագիծը նվիրված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, մեկնարկել է 2015 թվականին՝ իրականացվելով Բեռլինում, իսկ այս տարի՝ Դրեզդենում եւ Բրանդերբուրգում: Ծրագրում ներկայացված են Զեյնափ Գեդիզլիօղլուի «Գրառումներ լռակյացից», Հելմուտ Օհրինգի «Դիմում Էրդողանին. Դա ցեղասպանություն էր» եւ Վաչե Շարաֆյանի «Արթնացեք, փառքեր իմ» ստեղծագործությունները: Ի դեպ, խումբը նախատեսել էր այս ամիս ելույթ ունենալ նաեւ Ստամբուլում: Մեծ եղեռնի 100-րդ տարելիցի առթիվ համերգը, որին որին հրավիրված էր Թուրքիայի նախագահը, մեծ աղմուկ բարձրացնելով, չեղարկվել է:

Դրեզդենի սիմֆոնիկ նվագախմբի երեւանյան համերգին


Դրեզդենի սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն եւ նախագծի համահեղինակ Մարկուս Ռինտը նշել է, որ համերգային ծրագրի գաղափարը ծագել է դեռ 6 տարի առաջ, երբ հանդիպել է կիթառահար Մարկ Սինանին.«Նա պատմեց, որ իր տատիկի ծնողները նրան փոքր տարիքում թուրք ընտանիքի են տվել, ինչից հետո զոհվել են: Տատիկը որպես թուրք է մեծացել, անունը փոխել են, եւ եթե երբեւէ ասեր, որ հայ է, կպատժվեր: Այս պատմությունն ինձ այնքան հուզեց, որ միասին որոշեցինք երեւույթի մասին նախագիծ ստեղծել»:

Դրեզդենի սիմֆոնիկ նվագախմբի երեւանյան համերգին


Մարկուսը դիմել է խմբավար Անդրեա Մոլինոյին, ով տեղեկացված է Հայոց ցեղասպանությունից  ու սիրով համաձայնել է համագործակցել.«Հետո դիմեցինք Վաչե Շարաֆյանին: Տարբեր նախագծերից ծանոթ էի նրա երաժշտությանն ու շատ էի հավանում: Հայ երաժիշտների հետ համագործակցեցինք, հոյակապ երաժիշտներ են»,- ասել է Ռինտը:

Վաչե Շարաֆյանն էլ հետեւյալն է նշել.«Վստահ եմ՝ նախագիծը մեծ շարունակություն կունենա եւ պիտի իր նպատակին հասնի, որովհետեւ այն մարդկությանն ու ճշմարտությանն է ծառայում»:

Տեքստը՝ ԼենաԳեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Մարիամ Լորեցյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին