×


Դքսուհի Քեյթ Միդլթոնի ոճային էվոլուցիան :)

Ապրիլին արքայազն Ուիլյամն ու դքսուհի Քեյթ Միդլթոնը նշեցին իրենց ամուսնության մեկ ամյակը: Այս 12 ամսվա ընթացքում Քեթրինը հասցրել է գրավել հանրությանն իր վարքով, ինչպես նաեւ էլեգանտ ու ինքնատիպ հանդերձներով: Նա ներկայացել է շքեղ զգեստներով, զուսպ կոստյումներով` դրանք, բնականաբար, հիմնականում համադրելով անգլիական մշակույթին բնորոշ ամենակարեւոր աքսեսուարով` գլխարկներով:

Արքայազն Ուիլյամն ու Քեթրինն օրերս կայացած միջոցառմանը


Օրերս արքայական զույգը մասնակցել է “Our Greatest Team Riders Gala Dinner’’-ին: Միջոցառմանը Քեյթը շլացուցիչ տեսք է ունեցել՝ ներկայանալով Ջենի Փեքհեմի զմրուխտագույն զգեստով,  իսկ ավանդական գանգուրների փոխարեն, հավաքել է մազերը:

Ի դեպ, վերջերս քննադատել են դքսուհուն, թե իր զբաղեցրած դիրքին ոչ սազական աշխատանքային կոշիկներ է հագնում: Քեթրինը կարծես ընդունել է մասնագետի քննադատությունը՝  այս եւ նախորդ միջոցառմանը ներկայանալու համար ընտրելով “Jimmy Choo” հայտնի ապրանքանիշի բարձրակրունկ շքեղ կոշիկները:

Փոքրիկ Քեյթը 1986 թվականին


Արդյո՞ք Միդլթոնը միշտ այսքան նրբաճաշակ է եղել: Այսօր ներկայացնում ենք Քեյթի ոճային էվոլուցիան: 1986 թվականին փոքրիկ Քեյթը ընտանիքի հետ բնակություն է հաստատել Հորդանանում: Ստորեւ ներկայացված  նկարի ձախ կողմում ապագա արքայադուստր եւ նորաձեւության խորհրդանիշ Քեթրինն է, ինչպես տեսնում ենք, կրկին նորաձեւ` վարդագույն շապիկով եւ “պրինտներով” շրջազգեստով:

2002 թվականին 20-ամյա Քեյթն արդեն ճանաչում էր Ուիլյամին, բայց կարծես չէր էլ մտածում արքայազնի կին դառնալու մասին:): Համալսարանական նորաձեւության ցուցադրության ընթացքում աղջիկը պոդիում է բարձրացել ուսանողուհի Շարլոտա Թոդի հեղինակած 30 դոլարանոց զգեստով, որը, ի դեպ, վերջերս աճուրդի ընթացքում վաճառվել է 104 հազար դոլարով:

Քեթրինը ուսանողուհի Շարլոտա Թոդի 30 դոլարանոց զգեստով


2004 թվականին Քեյթն ու Ուիլյամն արդեն ընկերներ էին, սակայն աղջիկն իր ոճով ավելի ներդաշնակ կլիներ Շերլոք Հոլմսի, քան արքայազնի հետ:):

2006 թվականին Ուիլյամն ու Քեյթն այլեւս չէին թաքցնում իրենց ռոմանտիկ հարաբերությունները: Զույգն արդեն համադրում էր հագուստի գույները, բայց քանի որ Միդլթոնը դեռեւս անձնական ոճաբաններ չուներ, ըմբռնումով ենք մոտենում աղջկա` այդ շրջանում ընտրած հանդերձներին:):

Քեյթն 2004 թվականին


2007-ին ապագա դքսուհին նշեց իր 25-ամյակը շատ ձանձրալի մի զգեստով եւ սեւ բաճկոնով: Հենց այս թվականին էլ զույգը բաժանվեց: Ինչպես հետագայում պարզ դարձավ, բաժանումը ժամանակավոր բնույթ էր կրում:

2008 թվականին սիրահարները կրկին միասին էին, ինչը անդրադարձավ նաեւ Քեթրինի հագուստի վրա: Լոնդոնում կայացած բարեգործական միջոցառմանը նա ներկայացավ վարդագույն նուրբ զգեստով՝  չմոռանալով կրել ամենակարեւոր աքսեսուարը` ժպիտը:): Նույն թվականին կայացած բարեգործական դիսկոտեկի ժամանակ աղջիկն ապշեցրեց բոլորին կարճ շորտերով ու գույների “ցնցող” համադրությամբ:

Քեյթն 2008 թվականին


2009 թվականին աղջիկը հասկացավ, որ Անգլիայի ապագա թագավորի կինն է դառնալու ու սկսեց ավելի մեծ ուշադրություն դարձնել արտաքին տեսքին: 2010 թվականին զույգը հայտարարեց նշանադրության մասին: Այս առիթով երիտասարդ հարսնացուն կրում էր մուգ կապույտ զգեստ, որը չափազանց համահունչ էր նշանադրության մատանու հետ: Ի դեպ, այդ մատանին պատկանում է Ուիլյամի վաղաժամ մահացած մայրիկին` արքայադուստր Դիանային:

Ուիլյամի ու Քեյթի նշանադրությանը


2011 թվականից Քեյթն արքայադստերը վայել է հագնվում՝ էլեգանտ, զուսպ, շքեղ, բայց միեւնույն ժամանակ հասարակ: Հենց նախորդ տարի էլ զույգն ամուսնացավ: “Ալեքսանդր ՄաքՔուին” ապրանքանիշի եւ դիզայներ Սարա Բերթոնի զգեստով հարսնացու Քեյթն  անզուգական էր:

Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը՝  VEV

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW