×


Ելենա Արշակյան. “Հաճելի էր առավոտյան ժամը 6-ին զանգեր ու շնորհավորանքներ ստանալ”

2006 թվականից Կանադայի Տորոնտո քաղաքում տեղի է ունենում “Pomegranate Film Festival” հայկական ֆիլմերի փառատոնը: Այս տարի նոյեմբերի 5-ից 9-ը կայացած փառատոնին ժյուրիի կողմից 2014 թվականի լավագույն ֆիլմ է ճանաչվել ռեժիսոր Ելենա Արշակյանի “Մեր գյուղը”, որը նաեւ ստացել է “Հանդիսատեսի համակրանք” մրցանակը:

Ռեժիսոր Ելենա Արշակյանը


BRAVO.am-ի հետ զրույցում Ելենա Արշակյանը պատմել է, թե ինչու է որոշել նախորդ տարի աշնանը “Առաջին ալիք”-ով ցուցադրված 16 մասից բաղկացած ֆիլմաշարը փառատոններին ներկայացնել որպես 96 րոպե տեւողությամբ գեղարվեստական լիամետրաժ ֆիլմ.“Քանի որ հեռուստադիտողի կողմից սիրվել էր, մեր թիմն այն մոնտաժեց եւ դարձրեց գեղարվեստական ֆիլմ: Լոռու մարզի Դսեղ գյուղում նկարահանված այս ֆիլմն իսկապես մեծ սիրով ու ջերմությամբ ենք ստեղծել, երեւի այդ պատճառով գնահատվեց Կանադայում: Կարծում եմ` այս փառատոնը լավ հարթակ է աշխարհով մեկ սփռված ստեղծագործող հայերի համար, որ իրենց ֆիլմերը ներկայացնեն”:

“Մեր գյուղը” ֆիլմը Կանադայի փառատոնում երկու մրցանակ է ստացել


Թեեւ ֆիլմի անձնակազմից որեւէ մեկը Կանադայում չի եղել, բայց նրանք ոգեւորված են եւ որոշել են հաղթանակը նշել.“Քանի որ զբաղված էի նոր ֆիլմիս նկարահանումներով, չկարողացա մեկնել: Շատ հաճելի էր մրցանակաբաշխության ընթացքում` Երեւանի ժամանակով առավոտյան ժամը 6-ին, այնտեղից զանգեր ու շնորհավորանքներ ստանալ: Անսպասելի մրցանակից շատ էի ուրախացել”:

“Մեր գյուղը” ֆիլմը Կանադայի փառատոնում երկու մրցանակ է ստացել


Նախքան Կանադայի հայկական փառատոնում հաղթելը, “Մեր գյուղը” մասնակցել է “Ոսկե ծիրան” եւ “Կին” կինոփառատոններին, սակայն որեւէ մրցանակ չի ստացել. “Ցավոք, այստեղ մրցանակի չենք արժանացել, ժյուրիի անդամներն են որոշում հաղթողներին, պարտադիր էլ չէ բոլոր փառատոններին մրցանակ ստանալ: Այս ֆիլմում անդրադառնում ենք ոչ միայն գյուղացու կենսակերպին, այլեւ հայր ու զավակ փոխհարաբերություններին, արտագաղթին եւ արդիական այլ թեմաների”:

Ռեժիսորը տեղեկացրել է, որ չեն ցանկանում այս մրցանակով եզրափակվել, եւ ֆիլմը շուտով կմասնակցի հայկական ու միջազգային այլ կինոփառատոնների:

BRAVO.am
Լուսանկարները տրամադրել է Ելենա Արշակյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին