×


Ելենա Արշակյան.«Գեւորգը լուրջ վնասվածք ունի, որը սերիալում ցույց չենք տալիս»

«Եթե գտնեմ քեզ»` այսպես է կոչվում նոր սերիալը, որը ցուցադրվում է «ATV»-ի եթերում: Նկարահանումների, դերասանական կազմի մասին BRAVO.am-ը զրուցել է Ելենա Արշակյանի հետ, որի համար սա պրոդյուսերական երրորդ փորձն է.«Այժմ ավելի ինքնավստահ եմ այս բնագավառում, բայց որպես ռեժիսոր չեմ կարող աշխատանքներին չմասնակցել: Հիմնականում քասթինգներն եմ անում, երբեմն նաեւ մասնակցում եմ նկարահանումներին եւ ռեժիսորի թույլտվությամբ աշխատում»:

«Եթե գտնեմ քեզ» սերիալի նկարահանումներին


Ռեժիսորը Գուրգեն Սարգսյանն է, ով հանրությանն ավելի հայտնի է որպես դերասան: Սերիալում նկարահանվում են Սամվել Սարգսյանը, Նաիրա Շահիրյանը, Ագնեսա Շահնազարյանը, Գեւորգ Գրիգորյանը, Էմմա Մանուկյանը, Ռոզի Ավետիսովան, Դավիթ Մարդյանը, Նաիրա Մովսիսյանը, Գայանե Կաթունյանը, Սարգիս Չոլոյանը եւ ուրիշներ.«Ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ աշխատել պրոֆեսիոնալ դերասանների հետ. շատ հայտնի անուններ կան, օրինակ՝ Սամվել Սարգսյանը: Հեռուստադիտողը սիրված դերասանին նոր կերպարում կտեսնի»,-նշել է Ելենան:

«Եթե գտնեմ քեզ» սերիալի նկարահանումներին


Այս անգամ եւս նա համագործակցում է սցենարիստ Անահիտ Մխիթարյանի հետ. «Երկար տարիներ է` աշխատում ենք միասին, կես բառից իրար հասկանում ենք: Սա այն բացառիկ դեպքերից է, որ որոշել ենք սոցիալական լուրջ խնդիրներ վերհանել, այդ թվում` վթարային շենքերի հարցը: Քանի որ սերիալները մեծ լսարան ունեն, հույս ունենք, որ մեր բարձրացրած խնդիրները տեղ կհասնեն պատկան մարմիններին»:

Ելենան նշել է, որ գլխավոր կերպարներից 10-ամյա Աննային մարմնավորող աղջնակին միանգամից է ընտրել.«Քասթինգին շատ երեխաներ էին մասնակցում, բավականին դժվար էր որոշելը, որովհետեւ բոլորն էլ լավն էին, բայց հենց Անիտային տեսա, զգացի` ինքը պետք է լինի «կինոյի աղջիկը»»:

«Եթե գտնեմ քեզ» սերիալի նկարահանումներին


Պրոդյուսերը պատմել է նաեւ, թե ինչ խնդիրներ են ծագում նկարահանումների ընթացքում.«Ցուրտ ձմեռ է, եւ մեր թիմը մեծ դժվարությունների միջով է անցնում: Գլխավոր դերակատարներից Գեւորգ Գրիգորյանն էլ ոտքի շատ լուրջ վնասվածք ունի, ծանր վիրահատություն է սպասվում, բայց ամեն ինչ անում ենք, որ դիտողը դա չզգա եւ հետեւի սերիալի ընթացքին»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Ելենա Արշակյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին