×


Եվրոպական մշակութային գունեղ շաբաթ Հայաստանում :)

BRAVO.am-ը տեղեկացրել էր, որ Եվրոպան ուղիղ մեկ շաբաթ հայաստանցիների համար հասանելի կլինի առավել, քան երբեւէ:): Եվ ահա, մայիսի 17-ից 24-ը Եվրոպայի օրվան նվիրված տեղեկատվական շաբաթվա ընթացքում հայաստանցիները ծանոթացել են նորարարական ու մշակութային Եվրոպային:

Եվրոպայի օրվան նվիրված տեղեկատվական ցուցահանդեսին


Այս տարի Հայաստանում ԵՄ պատվիրակության կազմակերպած միջոցառումների  մեկնարկը տրվել է Գյումրիում` երիտասարդական քննարկմամբ, լիտվական ֆիլմերի ցուցադրությամբ, տեղեկատվական ցուցահանդեսով եւ “Բամբիռ” ռոք-խմբի բացօթյա համերգով: 

Երեւանում, Գյումրիում եւ Կապանում անցկացվող տեղեկատվական շաբաթվա ընթացքում մասնակիցները բացահայտել են եվրոպական ոգին` Շվեդիայից եւ Իսպանիայից ժամանած արվեստագետների կողմից անցկացվող վարպետության դասերի, իտալական, լիտվական ու այլ երկրների արտադրության ֆիլմերի ցուցադրությունների, ԵՄ անդամ պետությունների դեսպանություններում բաց դռների ու այլ միջոցառումների ժամանակ:

“Լույս գիշեր” ներկայացման մասնակիցներից


BRAVO.am-ը հետեւել է մշակութային միջոցառումներին, հետաքրքիր կադրեր ֆիքսել, որոնք էլ ներկայացնում ենք մեր ընթերցողներին:): Եվ այսպես, մայիսի 22-ին “Թումո” ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում երաժշտական յուրահատուկ մթնոլորտ էր. Մեծ Բրիտանիայից ժամանած երաժիշտ Դենիել Ուեյփլսն անցկացրել է վարպետության դաս` ներկայացնելով իր երաժշտական գործիքը, որը կոչվում է “Hand pan” կամ “Hang drum”: Թեեւ Դենիելը Հայաստանում այնքան էլ ճանաչված չէ, որոշ երաժշտասերներ հաճելիորեն զարմանք են ապրել, երբ իմացել են, որ “YouTube”-ից իրենց հայտնի երաժիշտը հյուրընկալվել է Երեւանում.“Այս գործիքը ստեղծվել է մոտ 14 տարի առաջ: Այն նվագելիս մեծ հաճույք եմ ստանում, կարծում եմ` հայ հանդիսատեսի համար էլ նորություն է: Ծնվել եմ Լոնդոնում, բայց հաճախ եմ ճամփորդում, ուստի այս տարի առաջին անգամ եմ պաշտոնապես նշում Եվրոպայի օրը”,-մեզ հետ զրույցում ասել է նա: 

Հետաքրքրաշարժ հաջորդ միջոցառումը Շառլ Ազնավուրի անվան հրապարակում էր, որտեղ տեղի է ունեցել “Լույս գիշեր” ներկայացումը. արվեստագետները, որոնց կտեսնեք մեր ֆոտոշարքում, հանդիսատեսի ներկայությամբ Եվրոպան արտացոլող գործեր են ստեղծել:  

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան


Եվրոպական շաբաթվա ամփոփիչ միջոցառումը կայացել է մայիսի 24-ին` Ազատության հրապարակում: Պաշտոնական արարողությանը ներկա են եղել ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան, ինչպես նաեւ նրա գործընկերները Հունաստանից, Լիտվայից, Գերմանիայից, Չեխիայից եւ եւս մի քանի երկրից.“Այս տարի տոնակատարությունը սկսեցինք Գյումրիից` ողջ շաբաթվա ընթացքում Հայաստանի քաղաքացիներին հրավիրելով տարբեր միջոցառումների: Եվրոպայի օրը` մայիսի 9-ը, մեզ համար հիանալի առիթ է` նշելու, թե ինչպես ենք կարողացել հաղթահարել վաղեմի տարակարծությունները եւ միասնաբար կերտել ապագան: Եվրոպայի օրը նշվում է ոչ միայն Եվրոպական Միությունում, այլեւ հարեւան երկրներում, այդ թվում` Հայաստանում: Հուսով ենք` բոլոր այցելուներն այս առիթը կօգտագործեն եւ կծանոթանան նորարար Եվրոպային, եւ կուտակված դրական լիցքերը կփոխանցվի բոլորին”, - նշել է Տրայան Հրիսթեան:

Ազատության հրապարակում տեղեկատվական ցուցահանդեսին ներկայացված էին Հայաստանում Եվրամիության օժանդակությամբ իրականացվող շուրջ 60 ծրագիր` կրթության, աղքատության նվազեցման, առեւտրի, բնապահպանության եւ այլ ոլորտներից: Մարդիկ, որոնց թվում կային ինչպես երիտասարդներ, այնպես էլ տարեցներ, շրջում էին տաղավարներով, հարցեր հղում, տեղեկատվական գրքույկներ վերցնում: Ի դեպ, այդ օրը շրջանառության մեջ դրվեցին “Եվրոպա 2014. Ազգային երաժշտական նվագարաններ” թեմային նվիրված երկու նամականիշ:

Լուկա Նիժետիչը


Մշակութային շաբաթվա վերջին ակորդն Ազատության հրապարակում բացօթյա համերգն էր, որի կայացմանը նույնիսկ անձրեւը չխոչընդոտեց: Ելույթ են ունեցել Դենիել Ուեյլփսը եւ “Թումո”-ի սաների “Թբա-թա” նվագախումբը, այնուհետեւ “Միքայել Ոսկանյան եւ ընկերներ” բենդը Գերմանիայից ժամանած դիջեյ Pixie-ի հետ միախառնել են հայկական ֆոլք ու էլեկտրո ռիթմերը: Միջոցառումը եզրափակել է Խորվաթիայից ժամանած Լուկա Նիժետիչը:

Բալկանյան երկրների ֆոլք երաժշտությունը ժամանակակից էլեկտրո ռիթմերին միախառնող  Dj Pixie-ն BRAVO.am-ի հետ զրույցում կիսվել է իր տպավորություններով` նշելով, որ հատկապես շատ է հավանել թառ երաժշտական գործիքը.“Հրաշալի համագործակցություն ստացվեց, իմ բիթերին թառը մեղեդայնություն էր հաղորդում, իսկ անձրեւի տակ հանդիսատեսը պարում էր: Շատ ուրախ եմ, որ Եվրոպայի օրվա առթիվ եկա Հայաստան: Մեզ մոտ հատուկ չենք նշում, քանի որ Գերմանիայում ամեն օր Եվրոպայի օր է համարվում:): Հասցրեցի սիրել հայկական ուտեստները, լեռները եւ հայերին, որոնք ընկերասեր են ու բարեհամբույր:)”:

Միքայել Ոսկանյանը


Նշենք, որ 1950 թվականի մայիսի 9-ին Ռոբերտ Շումանը ներկայացրել է կազմակերպված Եվրոպայի կառուցման իր տեսլականը, եւ այդ օրը վերածվել է Եվրոպայի խորհրդանիշ օրվա, որը դրոշի, զինանշանի, նշանաբանի եւ միասնական արժույթի` եվրոյի հետ արտահայտում է Եվրոպական Միության քաղաքական ինքնությունը: Հայաստանում Եվրոպայի օրը նշվում է 2010 թվականից: 

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/BRAVO.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին