×


Երբ Իվետա Մուկուչյանը վստահեց Սերժոյին :)

Իվետա Մուկուչյանը գարունը սկսել է նոր երգով: Նրա եւ Սերժոյի համագործակցության արդյունքը` “Արի, յար”-ի նոր մեկնաբանությունն ու տեսահոլովակն արդեն ներկայացրել ենք: Այս օրերին Երգչուհին Հայաստանում է եւ նոր աշխատանքի մանրամասներով կիսվել է BRAVO.am-ի հետ:

Իվետա Մուկուչյանը


“Երբ լսեցի բնօրինակը, մի քիչ կասկածեցի, որ այն կարող է ինձ հետ կապ ունենալ: Բայց Սերժոն բացի դիջեյ լինելուց, շատ լավ պրոդյուսեր է եւ կարողանում է տասը քայլ առաջ մտածել: Նա արդեն գիտեր` ինչ ստանալ եւ պարզապես հարցրեց` վստահում եմ իրեն… Վստահեցի եւ արդյունքից շատ գոհ եմ”:

Իվետայի խոսքով` վաղուց էր ծրագրել հայկական երգ ներկայացնել, սակայն դժվարացել է ընտրության հարցում.“Դա նաեւ իմ երկրպագուների ցանկությունն էր. նրանց տպավորել էր “Մարտիկի երգը”, որ կատարել էի “Հայ սուպերսթար” նախագծի շրջանակում”: Բայց հայկական շոու-բիզնեսում երգերը մեկը մյուսին շատ նման են. մեղեդային գործերը սիրահարված, կոտրված եւ լքված լինելու մասին են, իսկ ռիթմիկները հիմնականում գրվում են հարսանիքներում գումար վաստակելու համար: Ես ինձ չեմ տեսնում ինձ այդպիսի երգարվեստում, դրա համար էլ հայկական ճիշտ երգ գտնելը շատ երկար տեւեց”:

Իվետա Մուկուչյանը


Երգչուհին շեշտել է, որ իր վերոնշյալ կարծիքը ոչ բոլորին է վերաբերում.“Սխալ չհասկանաք. մենք ունենք նաեւ շատ տաղանդավոր արտիստներ եւ երգահաններ, որոնք, ցավոք սրտի, այդքան հայտնի չեն: Իսկ “Արի, յար”-ը, կարծում եմ, կամուրջ կդառնա հնի եւ նորի մեջ: Ունենք հին հայկական երգեր, որոնք պատմում են մեր գյուղերի, ժողովրդի առօրյայի մասին, հումորային են եւ շատ հոգեհարազատ: Ինչո՞ւ չաշխատենք մեր գանձերի հետ”:

“Եթե կգտնվի մեկը, ով “Արի, յար”-ը կհամարի շատ համարձակ, ապա նա տխուր եւ ձանձրալի կյանքով է ապրում”


Խոսելով տեսահոլովակի մասին` Իվետան տեղեկացրել է, որ նկարահանվել են իր ընկերները Գերմանիայից.“Ցանկանում էի, որ բոլորս լինենք այնպիսին, ինչպես կանք: Չկար սցենար, դիմահարդար, վարսահարդար, պարզապես կար լավ տրամադրություն: Սա, կարծես, կամուրջ է Հայաստանի եւ Եվրոպայի միջեւ. մասնակիցներից ոմանք եղել են Հայաստանում եւ սիրում են մեր երկիրը, գիտեն նաեւ պատմությունը, համտեսել են մեր խաշը եւ խորովածը, գիտեն անգամ հայերեն մի քանի նախադասություն: Այս տեսահոլովակը կարող եք անվանել “Մեկ օր Իվետայի կյանքից”, իսկ եթե կգտնվի մեկը, ով այն կհամարի շատ համարձակ, ապա նա շատ տխուր եւ ձանձրալի կյանքով է ապրում”:

Իվետա Մուկուչյանը


Երգչուհին համոզված է` նոր տեսահոլովակը լավ կընդունվի.“ Եթե չհավանեի, չէինք ցուցադրի, իսկ քննադատողները Հայաստանում չափազանց շատ են, այդ պատճառով ինձ համար կարեւոր կլինի լսել մասնագետների կարծիքը:Շատ անհամբեր կսպասեմ նրանց արձագանքին, համենայն դեպս, իմ ընկերներին դուր է եկել: Կարծում եմ` եթե Եվրոպացիներն այն հավանել են, ապա մերոնք էլ կհավանեն, քանի որ մեր ազգին երգը հոգեհարազատ է”: 

Տեքստը` Սիրանուշ Գրիգորյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Իվետա Մուկուչյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին