×


Երեւան Մոլի նվերը երեւանցիներին. Fly Project-ի համերգի հետաքրքիր դրվագները

Երեւան Մոլի բացօթյա ավտոկայանատեղին երեկ վերածվել էր մի հսկայական պարահրապարակի, որտեղ շարժումների հաջորդականությունն ու պարային ռիթմերը թելադրում էր ռումինական հանրահայտ Fly Project խումբը: Վերջինս Հայաստան էր ժամանել հենց Երեւան Մոլի հրավերով՝ ներկայացնելու վերջին տարիների իրենց լավագույն հիթերը: Նշենք, որ համերգն անվճար էր, եւ այն Երեւան Մոլի հերթական նվերն էր երեւանցիներին ու մայրաքաղաքի հյուրերին:

Fly Project խմբի համերգը Երեւան Մոլում


Միջոցառման մեկնարկից առաջ կայանատեղին արդեն լեփ-լեցուն էր, ինչը խոսում էր այն մասին, որ համերգն իսկապես սպասված էր: Երեւան Մոլի միջոցառումների եւ վաճառքի մենեջեր Ինգա Մուրադյանը BRAVO.am-ի հետ զրուցում ասաց՝ որոշել են հենց Fly Project-ին հրավիրել, քանի որ խմբի բոլոր երգերը հիթեր են, ինչպես նաեւ հոգեհարազատ են ու սիրելի ցանկացած տարիքի մարդու համար.«Երեւան Մոլը շուտով կդառնա 4 տարեկան, եւ այս տարիների ընթացքում մենք գեղեցիկ ավանդույթ ենք դարձրել նման համերգների ու մեծամասշտաբ միջոցառումների կազմակերպումը: Յուրաքանչյուր տարվա սկզբից մենք բանակցություններ ենք վարում տարբեր խմբերի, արտիստների հետ՝ մեր հավատարիմ հաճախորդներին ու ընդհանրապես բոլոր երեւանցիներին նման հաճելի նվերներ մատուցելու համար: Այնպես որ, առջեւում նոր անակնկալներ են սպասվում»:

Քանի որ բոլորը վաղուց իրենց տեղերում էին, ու ժամանակն էր համերգը սկսելու, նախ բեմ բարձրացավ DJ Guevo-ն եւ իր ուրախ պարային ռիթմերով է՛լ ավելի թեժացրեց մթնոլորտը: Այնուհետեւ ելույթ ունեցավ հայ հանդիսատեսի կողմից արդեն սիրված SWAG խումբը, որն այս անգամ ներկայացավ հիփ-հոփ պարային ոճում:

SWAG խումբը


«Շատ ուրախ ենք, որ մեզ է հնարավորությունն ընձեռված Fly Project-ի ելույթից առաջ հանդես գալ շոու-ծրագրով եւ բարձրացնել ներկաների տրամադրությունը: Երեւան Մոլը միշտ էլ հրաշալի միջոցառումներ է կազմակերպում, ու չեմ կասկածում, որ այս մեկն էլ չի զիջելու եւ անգամ գերազանցելու է նախորդներին: «SWAG Dance Studio»-ն առհասարակ հանդես է գալիս գրեթե բոլոր պարային ոճերում, բայց այսօր ելույթ ունեցանք հիմնականում street dance-ի շրջանակում: Փորձելու ենք այնպես անել, որ Fly Project-ը երբեք չմոռանա հայ հանդիսատեսին»,- մեզ հետ զրույցում նշեց SWAG խմբի գեղարվեստական ղեկավար Հովհաննես Սարգսյանը:

Հենց SWAG-ի ելույթից հետո էլ բեմ բարձրացան երկար սպասված հյուրերն ու միանգամից բոլորին ստիպեցին պարել ու շարժվել իրենց հետ: Առաջին երգը, որ հնչեց նրանց կատարմամբ, բոլորին քաջ հայտնի «Musica»-ն էր: Հետո հերթը «Toca Toca», «Back in My Life» եւ այլ հայտնի հիթերինն էր:

«Բարի երեկո, Հայաստան: Որքա՜ն շատ մարդ է այսօր հավաքվել այստեղ, հրաշալի է ուղղակի: Արդեն երկրորդ անգամ է, որ մենք Երեւանում ենք, եւ նախեւառաջ ուզում եմ  շնորհակալություն հայտնել բոլորիդ՝ մեր երեկոյին ներկա գտնվելու համար: Հատուկ շնորհակալություն Երեւան Մոլին՝ մեզ այստեղ հրավիրելու համար: Միանգամից ասեմ, որ մենք այսօր չենք պատրաստվում համերգ ունենալ այստեղ, մենք պատրաստվում ենք անել ամենամեծ փարթին, որ երբեւէ եղել է Հայաստանում»,- իր խոսքում նշեց խմբի հիմնադիր, վոկալիստ Թուդոր Իոնեսկուն`միանգամից արժանանալով ներկաների բացականչություններին:

Fly Project խմբի համերգը Երեւան Մոլում

Fly Project խմբի համերգը Երեւան Մոլում


Ի դեպ, երեկոյի ընթացքում տեղի ունեցավ նաեւ երգի պրեմիերա. Fly Project-ը ներկայացրեց իր նոր`«Get Wet» երգը, որը նույնպիսի ոգեւորությամբ ընդունեց հայ հանդիսատեսը. միանշանակ հավանել էին նոր պարային հիթը: «Շատ հպարտ ենք, որ առաջին անգամ հենց այստեղ ու այս բեմում ենք ներկայացնելու մեր նոր երգը»,- ասաց Թուդորը:
Շուտով հերթը հասավ հանդիսատեսի հետ սելֆիին, որն արդեն հասանելի է խմբի ֆեյսբուքյան ու ինստագրամյան պաշտոնական էջերում: Իսկ վերջում որպես բիս կրկին հնչեց «Toca Toca» երգը, որը վստահաբար վերջին տարիների լավագույն հիթերից է: Բավական է` հնչեն երգի առաջին նոտաները, եւ հանդիսատեսի շարքերում իսկական պարային իրարանցում է սկսվում:

Համերգային երեկոն, սակայն, այսքանով չավարտվեց: Քանի որ բոլորի տրամադրությունը շատ բարձր էր, ու թեժ մթնոլորտն էլ հասել էր գագաթնակետին, Fly Project-ի ելույթից հետո DJ Guevo-ն կրկին բեմ բարձրացավ ու շարունակեց ուրախացնել ներկաներին: Նրանց մնում է միայն սպասել Երեւան Մոլի հաջորդ անակնկալին, որը, ինչպես երեւում է, սարերի հետեւում չէ:):

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Արշակ Կոստանդյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին