×


Երեւանում նշել են ճապոնական «Հինամացուրի» տոնը

«Հիկարի» հայ-ճապոնական գիտակրթամշակութային կենտրոնը գարնանամուտին նշեց ճապոնական “Հինամացուրի» ազգային ավանդական տոնը: Այն ունի 300 տարվա պատմություն եւ համարվում է գարնան գալստյան եւ փոքրիկ աղջիկների տոն: Միաժամանակ կոչվում է նաեւ Դեղձի ծաղկման տոն, որի հիմքում ընկած է ընտանիք ստեղծելու եւ ընտանիքի բարօրության գաղափարը: Նախկինում Ճապոնիայում թղթից հինա տիկնիկներ էին պատրաստում, մարմնին հպում եւ հավատում, որ տիկնիկն իր վրա է վերցնում մարդու հիվանդությունները, դժբախտությունները: 

Երեւանում նշել են ճապոնական «Հինամացուրի» տոնը


«Հինա նշանակում է փոքրիկ: Ճապոնիայի բոլոր տներում, որտեղ կան փոքրիկ աղջիկներ, տեղադրում են աստիճանահարթակներ եւ դրանց վրա դնում համապատասխան հանդերձանքով եւ գունային տեսակով տիկնիկներ: Դրանք ճենապակուց են եւ փոխանցվում են սերնդեսերունդ` խորհրդանշելով բարեկեցություն եւ հաջողություն»,- նշեց «Հիկարի» հայ-ճապոնական գիտակրթամշակութային կենտրոնի ղեկավար Կարինե Փիլիպոսյանը: Նրա խոսքով` այդ օրն աղջիկները կրում են իրենց ազգային հագուստները, զարդարվում դեղձենու ծաղիկներով:

Կենտրոնի երեխաները, ովքեր շատ են սիրում ճապոներենը եւ ճապոնական մշակույթը, անակնկալ էին պատրաստել հյուրերի համար: Նրանք «Ալիսը հրաշքների աշխարհում» գիրքը թարգմանել էին ճապոներեն եւ յուրահատուկ բեմադրություն պատրաստել: Պահպանելով հերոսների կերպարները` երեխաները ճապոնական շունչ էին հաղորդել դրանց: Գլխավոր հերոսուհին` Ալիսը, կրում էր կարմիր, սեւ եւ սպիտակ գույների համադրությամբ հետաքրքիր զգեստ, բայց հիշեցնում էր ճապոնուհու` իրենց հատուկ սանրվածքով եւ դիմահարդարմամբ: Հեքիաթի մյուս հերոսներն էլ ` սպիտակ ճագարը, խելագար գլխարկագործը, քնամուկը, մարտյան նապաստակը եւ դքսուհին, առանձնանում էին յուրօրինակ հագուստներով եւ կերպարներով, որոնց հեղինակը հենց իրենք էին:

Երեւանում նշել են ճապոնական «Հինամացուրի» տոնը


Գլխավոր հերոսուհու` Ալիսի կերպարը մարմնավորում էր 15 -ամյա Դիանան, ով կենտրոնի սաներից է.«Արդեն 2 տարի է` ճապոներեն եմ ուսումնասիրում: Փոքր տարիքից սիրել եմ ճապոնական անիմեները: Տեսնելով` ինչ գեղեցիկ լեզու է, որոշեցի ավելի խորացնել գիտելիքներս»:

«Հիկարի» կենտրոնի փոխնախագահ Լուսինե Թանգյանն էլ հետեւյալն է նշել. «Հայաստանում ճապոնական արվեստի մասին շատերը գիտեն: Արդեն 8 տարի է` նշում ենք այս տոնը: Միշտ ցուցադրում ենք թղթե ճապոնական տիկնիկները, որոնք երեխաները պատրաստում են մեծ խանդավառությամբ: Այս անգամ նույնպես ներկայացված են նրանց ձեռքի աշխատանքները` ճապոնական ծիսական առարկաներ` տիկնիկներ, թիթեռներ, հովհարներ, կենդանիներ եւ այլն»:

Երեւանում նշել են ճապոնական «Հինամացուրի» տոնը


Միջոցառմանը ներկա էին ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Էյջի Տագուչին` կնոջ հետ, նաեւ Հայաստանում բնակվող ճապոնացի հյուրեր.««Հիկարի» կենտրոնը կապող կամուրջ է Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ: Ցուցահանդեսին ներկայացված տիկնիկներն, իհարկե, պատրաստված են թղթից, բայց լիովին հաղորդում են Ճապոնիայի շունչը: Չափազանց հետաքրքիր էր հետեւել` ինչպես են հայ պատանիները ներկայացնում անգլիացի հեղինակի ստեղծագործությունը ճապոներենով»,- ասաց դեսպանը:
Նշենք, որ տոնակատարության ընթացքում ճապոնական տարազներով աղջիկները քաղցրավենիք եւ գինի հյուրասիրեցին հյուրերին:

Տեքստը` Մագդալինա Միրիջանյանի/Bravo.am/
Լուսանկարները` Մարինե Մելիքյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին