×


Երկու սրճաբույր երեկո՝ Անիտա Հախվերդյանի եւ հայկական աստղաբույլի հետ

#ԿոֆեԿենտրոն #Երգ #Անիտա՝ երբ այս հեշթեգերը հայտնվեցին երգահան, հաղորդավարուհի Անիտա Հախվերդյանի ֆեյսբուքյան էջում, հասկանալի դարձավ, որ նա իր ծանոթ ու անծանոթ ընկերներին հրավիրում է սուրճ խմելու եւ լավ երաժշտություն լսելու: Իհարկե, նրա կողմից նման հրավերներ հաճախ են լինում, բայց այս մեկն առանձնահատուկ էր: Հանդիպման վայրը Երեւանի երգի թատրոնն էր, որտեղ երկու օր շարունակ հայ երգրավեստի բազմաթիվ ներկայացուցիչներ հանդես եկան Անիտայի հեղինակած երգերով:

«#ԿոֆեԿենտրոն հեշթեգն ընդունված է սոցիալական ցանցերում: Երբ ես կենտրոնում եմ լինում, գրում եմ իմ էջում, եւ ով արձագանքում է, միանում է ինձ՝ սրճելու: Դա միացման խորհրդանիշն է, եւ ես ուզեցի, որ բոլորը գան: Սա պարզապես հրաշալի առիթ էր ավելի շատ մարդկանց կանչելու, որ համերգից հետո ամեն մեկն իր հետ տանի մեկ գավաթ երգ»,- BRAVO.am-ի հետ զրույցում ասաց Անիտա Հախվերդյանը:

Անիտա Հախվերդյանի հեղինակային երեկոյին


Երկօրյա համերգների ընթացքում նրա երգ-պատմությունները ներկայացրին Արթուր Գրիգորյանը, Արամեն, Արսեն Սաֆարյանը, Էրիկը, Նառան, Սիլվա Հակոբյանը, Սարոն, Նունե Եսայանը, Մարտան, Մաշա Մնջոյանը, Էմմա Ասատրյանը, Տիգրան Պետրոսյանը, Լեյլա Սարիբեկյանը, Նարեկ Բավեյանը, Գրիգոր Կյոկչյանը, Գեւորգ Մարտիրոսյանը եւ այլք: Անիտա Հախվերդյանն իր խոսքում նկատեց` սա այն դեպքն է, երբ նստատեղերն ավելի քիչ են, քան ելույթ ունեցող արտիստների թիվը:

«Իմ բոլոր ընկերները մեծ սիրով ու պատրաստակամությամբ եկել են այսօր երգելու, ամեն մեկն իր փոքրիկ լուման է ներդրել այս գործում, այնպես որ, սա ոչ միայն իմ, այլեւ բոլորիս համերգն է: Դահլիճում հավաքվել են լավագույն արտիստները, եւ միայն մեկ օրով համերգ կազմակերպելն անհամություն կլիներ: Տոմսերն էլ վաղուց էին սպառվել, քանի որ Երգի թատրոնի դահլիճը փոքր է: Սա իմ տունն է, դրա համար էլ այստեղ եմ կանչել բոլորին: Իմ բնակարանը 4-սենյականոց է, ավելի փոքր է, այլապես այնտեղ կհավաքվեինք (ժպտում է,- հեղ.)»:

Անիտա Հախվերդյանի հեղինակային երեկոյին


Երբ Անիտան բոլորին հրավիրում էր սուրճ խմելու, շատերը գուցե թերահավատորեն էին վերաբերվում նրա այս մտքին: Բայց ամեն ինչ ասված էր ուղիղ, այլ ոչ թե փոխաբերական իմաստով: Համերգի դեռ սկզբում, երբ ելույթ էր ունենում Իրինա Մալխասյանն՝ իր «Գիշերը» երգով, թատրոնի աշխատակիցները բոլոր ներկաներին սեւ սուրճ հյուրասիրեցին: Դրանից չհրաժարվեցին նույնիսկ այն փոքրիկները, ովքեր նստած էին իրենց ծնողների կողքին:

Համերգային երեկոն վարում էր Ավետ Բարսեղյանը, ով իր խոսքում ընդգծեց՝ Անիտա Հախվերդյանը պարզապես երգերի խոսքերի հեղինակ չէ, այլ պատմություններ գրող է.«Ես էլ եմ գրող, գուցե գրողուցավ, բայց Անիտան ունի այն կանացի, այն երեւանցի աղջկա մտահորիզոնը, որից միայն ինքն է տեսնում՝ ինչպես ապրել, ինչպես զգալ: Ուրախ լինի, թե տխուր, սուրճով լինի, թե առանց սուրճ, անձրեւ լինի, թե արեւ, միեւնույն է՝ նա ունի Հախվերդյաններին բնորոշ իր ձեռագիրը»:

Ավետ Բարսեղյանը, Արթուր Գրիգորյանը եւ Նառան


Անիտա Հախվերդյանը մոտ չորս հարյուր երգի խոսքերի հեղինակ է: Մեզ հետ զրույցում նա դժվարացավ առանձնացնել դրանցից մեկը կամ մի քանիսը, քանի որ այդ երգերից յուրաքանչյուրն ունի իր պատմությունը: Հետաքրքրվեցինք նաեւ, թե ինչպես է ընտրել համերգի երգացանկը, ասաց՝ դժվար է եղել, քանի որ երեք մասնագետ միասին են ընտրել, եւ ամեն մեկն իր նախընտրությունն ուներ այդ հարցում.«Մեկն ուզում էր՝ ավելի հիթային երգեր լինեն, մյուսը՝ ավելի խորիմաստ, բայց ամեն դեպքում փորձեցինք ընտրել տարբեր ժանրերի եւ ռիթմերի երգեր, որ հետաքրքիր լինի բոլորին»:

Երգչուհի Նառան այն արտիստներից է, ում համար Անիտա Հախվերդյանը մեկ տասնյակից ավելի երգեր է հեղինակել, բացի այդ, նրանք նաեւ մոտ ընկերներ են: Կա՞ արդյոք կապ այս ամենի միջեւ՝ հարցրինք Նառային.«Ես ուղղակի այն երջանիկներից  եմ, ով համագործակցում է Անիտայի հետ, եւ հպարտ եմ, որ նա նաեւ իմ շատ մտերիմ ընկերուհին է: Սկզբում, իհարկե, մենք աշխատում էինք միասին, հետո աշխատանքը վերափոխվեց ընկերության, որը երկուսս էլ շատ փայփայում ենք: Ստացվել է այնպես, որ նա ինձ ավելի լավ գիտի, եւ կարողանում է տալ այն ամենը, ինչ իմ ներսից բխում է: Նրա գրած բառերն ուղղակի մեղրի պես հոսում են երգերի մեջ: Եվ ինձ համար՝ որպես երգչուհի, շատ կարեւոր է, որ խոսքերը նաեւ ինչ-որ բան սովորեցնող լինեն»,- ասաց Նառան:

Մաշա Մնջոյանը եւ Արսեն Սաֆարյանը


Իսկ երբ Արթուր Գրիգորյանից հետաքրքրվեցինք, թե ինչ դեր ունի Անիտա Հախվերդյանը Երգի թատրոնի զարգացման ու կայացման գործում, որտեղ աշխատում է 1997թ.-ից, Գրիգորիչն ասաց՝ մնայուն արժեք է.«Երգիչները գալիս են, սովորում, մեծանում գնում են, բայց Անիտան մնում է»:

Անիտա Հախվերդյանի երգերը ծնվում են մեկ բաժակ սուրճի հետ, որը նա եփում է առավոտյան ու նստում է նոր պատմություն գրելու: Ասում է՝ կա՛մ կհաջողվի, կա՛մ էլ կջնջես, հետո ի վերջո կստացվի: Հիմա էլ նոր ստեղծագործության վրա է աշխատում. նոր երգ է գրում Սերգեյ Գրիգորյանի համար: Պատմելու է այն մտքերի մասին, որոնք ծնվում են խցանումների ժամանակ, երբ երկար կանգնած ես լինում նույն տեղում: Այնպես որ, մնում է սպասել նրա «մեկ գավաթ երգին»:

Տեքստը` Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին