×


Զազ + Ազնավուր = Զազնավուր. Արտիստները զուգերգ են ձայնագրել :)

Լեգենդար Շառլ Ազնավուրը նոր երգ է ձայնագրել ֆրանսիացի երիտասարդ երգչուհի Զազի հետ։ Երկու սերնդի ներկայացուցիչները միասին երգում են “J'aime Paris au mois de mai” երգը, որը թարգմանաբար նշանակում է “Սիրում եմ Փարիզը մայիսին”։ Ազնավուրն իրենց դուետը “Զազնավուր” է կոչել, որն էլ զվարճացրել է Զազին:
 

Զազը եւ Շառլ Ազնավուրը


Աշխույժ եւ անմիջական մթնոլորտում անցկացված ձայնագրումը նկարահանվել է, երգիչները նաեւ իրենց հույզերն են արտահայտել` խոսելով միմյանց մասին։ Զազն ուրախ եւ հպարտ է աշխարհահռչակ երգչի հետ զուգերգ կատարելու առիթով. “Նա ֆրանսիական շանսոնի մեծերից է, վերջին մոհիկաններից, որ դեռ մեզ հետ է։ Երբ մի անգամ հանդիպեցինք հեռուստատեսությունում, այնպիսի տպավորություն էր, կարծես պապիկիս հետ լինեի, նա այնքան ջերմ ու հոգատար էր, քնքշություն զգացի, եւ ամեն ինչ շատ բնական էր”,-պատմել է նա:

Շառլ Ազնավուրն էլ իր հերթին է հաճոյախոսություններ շռայլել Զազին` նշելով, որ իրեն էլ է հաճելի համագործակցել երիտասարդ երգչուհու հետ.“Նա գրավիչ անձնավորություն է եւ իսկապես ժողովրդական է. կան երգիչներ, որոնք հայտնի են, բայց ոչ ժողովրդական, իսկ նա հենց այդպիսին է ծնվել, ճիշտ այնպես, ինչպես Պիաֆը”,-ասել է մեր հայրենակիցը։
 

Զազը եւ Շառլ Ազնավուրը


“Պետք է սիրված լինես հանդիսատեսի կողմից, որովհետեւ սիրում ես հանդիսատեսին։  Չպիտի գանք միայն մեր գործն անելու, այլ անենք, ինչ անում ենք, որովհետեւ սիրում ենք մեր գործը։ Պիտի սիրենք մեր մասնագիտությունն առավել, քան փողն ու փառքը”,-հավելել է աշխարհահռակ արտիստը։

Ազնավուրի կայքում լուսանկարներ են հրապարակել` հետեւյալ գրությամբ.“Շատ լավ պահեր անցկացրի Զազի հետ “Սիրում եմ Փարիզը մայիսին” երգի ձայնագրման ընթացքում: Այն տեղ է գտնելու նրա նոր ալբոմի երգացանկում։ Սա նաեւ հնարավորություն էր տեսնել հին ընկերներիս, որոնք եւս աշխատում են այդ ձայնասկավառակի վրա”։
 

Զազը եւ Շառլ Ազնավուրը


Զազի նոր ձայնասկավառակը մի քանի օր է` լույս է տեսել։ Իր անբռնազբոսիկ ոճով հայտնի երգչուհին հաճախ է անակնկալներ մատուցում երկրպագուներին, այս անգամ էլ հետաքրքիր միտք է հղացել մի ամբողջ ալբոմ նվիրել սիրելի քաղաքին, որի փողոցներում երգելով էլ բեմական կարիերա է սկսել։

“Փարիզ” կոչվող ձայնասկավառակում տեղ են գտել սիրո քաղաքին նվիրված հին ու բարի երգեր, որոնց արտիստուհին նոր շունչ է հաղորդել իր ձայնի յուրօրինակ տոնայնությամբ։ Նա համագործակցել է ճանաչված մի շարք դեմքերի հետ։ CD-ն հանրությանն է ներկայացվելու 50 երկրում։

Տեքստը` Էլլադա Ղուկասյան-Բարսեղյանի/Bravo.am-ի սեփական թղթակիցը Փարիզում”
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին