×


Զոհրաբ Հարոյան.«Գեներալ դառնալու համար պետք է լինել լավ զինվոր. ես լավ զինվոր եմ»

Ի՞նչ կարող է լինել լրագրող-հաղորդավարի պայուսակում. անթիվ բեյջեր, սմարթֆոն, մեքենայի բանալի եւ... ալկոգել, որովհետեւ նա շատ մաքրասեր է: Բորշը նրա համար ատելի ուտեստ է, բորշ եփող աղջիկներն էլ նրան չեն գրավում: Աշխատանքը հաճույք է պարգեւում, կյանքին նայում է սթափ հայացքով, իր հեղինակային` «Պոստ ֆակտում» հաղորդման համար կարեւորում է որակն ու ռեյտինգը, թվացյալ անտարբերության մեջ զգացմունքների տարափ է, որն արտացոլվում է նրա գրական ստեղծագործություններում: Ինչպես լրագրողական գործունեության մեջ, այնպես էլ իմ հարցերին պատասխանում է` ամեն տառը վերլուծելով: Իմ զրուցակիցը լրագրող, հեռուստամեկնաբան Զոհրաբ Հարոյանն է:

«Պոստ ֆակտում» հաղորդման հեղինակ-վարող Զոհրաբ Հարոյանը


-Զոհրաբ, պատմեք մասնագիտական առաջին քայլերի մասին: Արդյո՞ք լրագրողական գործունեությունը ազդարարեցիք ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ ընդունվելու պահից:

- Մինչ ժուռնալիստիկայի ֆակուլտետ ընդունվելը ես չընդունվեցի ժուռնալիստիկայի ֆակուլտետ եւ գնացի ծառայության: Երկու տարի շարունակ բանակում հերթապահում էի եւ պարապում շարադրություն, հայոց եւ ռուսաց լեզուներ: Անդադար կարդում էի, նույնիսկ բաներ եմ կարդացել, որոնց անհրաժեշտությունը չկար:

Իսկ մինչ ընդունվելը տարբեր հեռուստաընկերություններ էի գնում եւ ասում` գիտեք, ես հետո լրագրող եմ դառնալու, ինձ աշխատանքի ընդունեք: Ասում էին` գնա, կսովորես, կգաս: Ու այդպես` անիմաստ ծեծում էի դռներ, որոնք իմ առաջ չէին բացվում: 

- Գիտեմ, որ ակտիվ, նախաձեռնող ուսանող եք եղել: Գերազա՞նց եք սովորել:

-Ես գերազանցիկ երբեք չեմ եղել: Անգիր սովորելն ինձ համար դժվար է, ես սիրում եմ ամեն ինչ վերլուծել: Եթե ամեն ինչ սովորես գերազանց, մոռանալու ես ամեն ինչ: Գերազանցիկն այն տեսակն է, ով ձեռքը գցում է ամեն տեղ: Իսկ ես լավ սովորում էի այն առարկաները, որոնք ինձ հետաքրքիր էին:

-Ինքս էլ ոլորտում լինելով` գիտեմ մասնագիտական դժվարությունների մասին: Ինչպե՞ս մուտք գործեցիք «Արմենիա» հեռուստաընկերություն:

-«Արմենիա»-ում իմ աշխատանքն արդյունք էր: Նախ` դասախոսներիցս մեկը` Վանիկ Հակոբյանը, ինձ առաջարկեց ուժերս փորձել «Շանթ»-ում: Այդտեղից սկսվեց ամեն ինչ: Անգամ ընտրության առաջ կանգնեցի` որ թիմում աշխատել:

Իմ առաջ խնդիր չեմ դրել կոնկրետ հեռուստաընկերությունում գործունեություն ծավալել, իհարկե, կան նաեւ այնպիսի հեուստաընկերություններ, որտեղ չեմ աշխատի: Իմ թիմի հետ կաշխատեմ ամեն տեղ, որովհետեւ լավ գեներալ դառնալու համար պետք է լինել լավ զինվոր. ես լավ զինվոր եմ:

«Պոստ ֆակտում» հաղորդման հեղինակ-վարող Զոհրաբ Հարոյանը


-Նախաձեռնեցիք մի հաղորդում, որը բնույթով բարդ է եւ պահանջում է քաղաքական գիտելիքներ: Կարծես` ճանապարհներից ամենաբարդն եք ընտրում:

-Ես քաղաքական լրագրող եմ: Լրագրությունը ամենեւին էլ բարդ գործ չէ. այնքա՜ն բարդ գործեր կան: Ընտանիքս մինչեւ հիմա լուրջ չի վերաբերվում իմ աշխատանքին. երեւի մտածում են` երեխա է, խաղում է:

«Պոստ ֆակտում»-ը եթերում եղել է մի փոքր այլ ձեւաչափով: Քաղաքական ցանկացած լրագրողի մեծագույն երազանքն է ունենանալ վերլուծական հաղորդում: Երբ ինձ առաջարկեցին անել այդ հաղորդումը, առանց ձեւեր թափելու միանգամից համաձայնեցի:

Նախորդ դարի հեռուստատեսային մարդիկ ասում են, թե հաղորդման ռեյտինգն էական չէ, այլ կարեւոր է որակը: Բայց չէ՞ որ պետք է մտածել նաեւ ասելիքը տեղ հասցնելու մասին: Ինձ համար կարեւոր է եւ որակը, եւ ռեյտինգը:

Իսկ ամենաբարդն ինձ համար մշակութային լրագրությունն է:

- Հայկական լրատվադաշտում ի՞նչն է Ձեզ համար անընդունելի:

- Մենք մոռացել ենք մեզ հարգել: Կարող ենք վազել մի գործարարի ետեւից, ով կասի մի նախադասություն ոչ մի բանի մասին: Վաղուց չենք զբաղվում ինֆորմացիայի ճշտմամբ: Պատրաստ ենք գրել ցանկացած բան, ինչ լսեցինք երթուղայինում, տաղավարում: Առաջ տեղեկություն ստանալն ու ճշտելը բարդ էր, հիմա էլեկտրոնային դաշտում դա անելը հեշտ է, բայց չենք անում: 

Կարծում եմ` ամեն խմբագրություն պետք է ունենա իր քաղաքականությունը: Իսկ այն խմբագրությունը, որը չունի քաղաքականություն, ոչ թե խմբագրություն է, այլ` «Ֆեյսբուք»-ի էջ:

-Զոհրաբ, իսկ ինչպիսի՞ն եք դասախոսի կերպարում: Ձեր ուսանողները Ձեզ որակում են ամենադաժան, բայց եւ` ամենասիրելի: Ինչո՞ւ եք այդքան խիստ, չէ՞ որ ոչ վաղ անցյալում Դուք էլ ուսանող եք եղել:

-Ես դաժան չեմ, սիրում եմ պահանջել: Հենց ոչ վաղ անցյալում ուսանող լինելն է պատճառը, որ գիտեմ բոլոր ուսանողների հնարավոր քայլերը: Մեր կրթական համակարգն այնպիսին է, որ խթանող որեւէ ուժ չկա, որպեսզի ուսանողները կատարեն հանձնարարությունները: 

Աշխատանքի ընթացքում իմ մեջ էներգիա է կուտակվում, որն ուզում եմ պարպել ինչ-որ տեղ. չասված խոսքերը ասում եմ ուսանողներիս:

Սիրում եմ փոխադարձություն. ես այդպիսին եմ: Բոլորի հետ կռվում եմ, բոլորից նեղանում եմ, բոլորն ինձնից նեղանում են, բայց հասնում եմ իմ նպատակին. ես իրենց եմ սիրում, իրենք` ինձ:

Զոհրաբ Հարոյանը դասավանդում է հեռուստալրագրություն


-Երիտասարդ լրագրողներին, ովքեր առաջ գնալու փորձեր են անում, ի՞նչ կոչ կանեք: Որպես հաջողակ լրագրող, աշխատանքում  ո՞րն է լրագրողի զենքը:

-Համբերությունը: Իմ հաջողության բանաձեւը մեկն է. ես համբերատար եմ: Հայտնի լրագրող դառնալու համար երկու տարբերակ կա. հավաքի ժամանակ մոտենում ես ոստիկանին եւ հայհոյում, նա քեզ կխփի, դու կհայտնվես բոլոր լրատվամիջոցներում, կամ էլ գլուխդ կախում ես եւ երկար տարիներ աշխատում: Ամեն մեկն ընտրում է իրեն հարմար ճանապարհը:

-Թեեւ խիստ կերպար եք, Ձեր գրական ստեղծագործություններում նկատելի են նուրբ, զգայական թելեր: Գուցե իրական Զոհրաբ Հարոյանը հենց այնտե՞ղ է:

-Ժուռնալիստիկան ստեղծագործություն չէ, այն բանաձեւ է: Սիրում եմ օգտագործել դետալներ: Սակայն լրագրության մեջ հաճախ չեմ կարողանում տեղավորել դրանք, կուտակում եմ եւ օգտագործում պատմվածքներ գրելիս: Այդ դետալներն են, որ զգայական ֆոն են հաղորդում:

-Ամիսներ առաջ, երբ Ձեր գործընկերները շնորհավորում էին Ձեր տարեդարձը, մաղթում էին, որ ամուսնանք: Կարծում եմ` երկրպագուհիների մեծ բանակ ունեք:

-Անձնականի մասին կամ լավը, կամ` ոչինչ (ծիծաղում է-հեղ.): 

Ինձ բոլորը հորդորում են ամուսնանալ: Այնքան դժվար է այս մասին խոսել…

Ես փնտրում եմ մեկին, ով կարող է ինձ թեւեր տալ: Ես պատրաստ եմ Նոբելյան մրցանակ ստանալ: Չեմ գտնում մարդու, ով կօգնի ինձ դա անել: Չեմ ներում նրան, ում համար ժամանակի ընթացքում դառնում եմ սովորական:

-Ինչպիսի՞ն պետք է լինի թեւեր տվող աղջիկը:

Նա պետք է լինի գեղեցիկ, աստղով: Եփել-թափել իմանալը կարեւոր է, բայց պետք է չիմանա բորշ պատրաստել, ինչն ինձ համար անտանելի է: 

-Փաստորեն, սիրում եք խոհանոց:

-Սիրում եմ նաեւ ինքս պատրաստել: Դա էլ ստեղծագործելու մի ձեւ է: Մի քանի մթերք եմ վերցնում, խառնում իրար ու համեղ բան ստանում:

«Պոստ ֆակտում» հաղորդման հեղինակ-վարող Զոհրաբ Հարոյանը


-Հաճախ ճամփորդում եք, եւ դրանք առանց փորձությունների չեն անցնում: Պատմեք ամենաճակատագրականի մասին:

-Այդ բոլոր փորձություններն ուրախ ավարտ են ունենում. ինձ հաջողակ մարդ եմ համարում: Ինձ հավաքում եմ ու կողմնորոշվում` ինչ պետք է անել տվյալ խնդրի դեպքում: Տիեզերքից նայում եմ գոյություն ունեցող խնդրին. եթե այնտեղից իսկապես երեւում է, ուրեմն խնդիր է, եթե չի երեւում, ուրեմն թվացյալ է եւ տարիներ հետո չեմ էլ հիշելու դրա մասին: 

-Էկրանի մարդիկ հաճախ դիմագծերը փոխող ակնոցներով են շրջում հանրային վայրերում: Նման բարդույթ, կարծես, չունեք: 

-Ես սովորական լրագրող եմ, աստղ չեմ: Բժիշկը, ով օրական մի քանի կյանք է փրկում, իրեն աստղ չի համարում: 

Պատահում է` ճանաչում են, մոտենում ու ասում, որ ինձ սիրում են, ասում եմ` ես էլ իրենց եմ սիրում:

Հ.Գ. Զոհրաբն ընկերների համբերությունը փորձում է իր հետ ճամփորդելու առաջարկով: Խիստ ռեժիմով է հանգստանում եւ կարծում է` հիմնականում ընկերները ձանձրանում են իր հետ:

Կարծում է, որ իրենից թեթեւ մարդ աշխարհում չկա: Տիեզերքից դեպի խնդիր հեռավորությունը չափող Զոհրաբը վստահ է, որ մեր հաջորդ հանդիպումը կլինի իր գրքի շնորհանդեսին…

Զրուցեց Լիանա Կարապետյանը/Bravo.am/
Լուսանկարները` Զոհրաբ Հարոյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին