×


Էմին Արիստակեսյան.“Մոդելը “տրամադրում” է իր մերկ մարմինը, ես էլ փորձում եմ փոխհատուցել”

BRAVO.am-ի լուսանկարիչ Էմին Արիստակեսյանն այս տարի իր անհատական ցուցահանդեսին առաջին անգամ ներկայացրեց “նյու” ոճի աշխատանքներ: Կնոջ մերկ մարմնի գեղեցկությունը ֆիքսելն Էմինի համար էմոցիաներն արտահայտելու միջոց է, իսկ մեզ համար նրա հետ այս թեմայով զրուցելու առիթ:):

Էմին Արիստակեսյանը


-Ե՞րբ միտք ծագեց  “նյու” ոճի նկարահանումներ իրականացնել:


-Կարծում եմ, գրեթե բոլոր լուսանկարիչներն էլ նման ֆոտոշարք անելու ցանկություն ունենում են: Շատ նուրբ ոճ է, անհաջողությունը` ցավոտ: Անցյալ տարի սկսեցի լրջորեն մտածել այդ ուղղությամբ, բայց մի ընտանեկան հանգամանք կար՝  չգիտեի` կինս ինչպես կարձագանքի: Լինելով նկարչուհի եւ հասկանալով մերկ մարմին նկարելու էությունը` նա ոչ միայն դեմ չեղավ, այլ նաեւ հորդորեց փորձել ուժերս:

Էմին Արիստակեսյանի աշխատանքներից

Էմին Արիստակեսյանի աշխատանքներից


-Իսկ առաջին նկարահանումը հիշո՞ւմ ես:


-“Ֆեյսբուք”-ում հայտարարություն տեղադրեցի, որ մոդել եմ փնտրում “նյու” ոճի ֆոտոշարքի համար: Մի անծանոթուհի գրեց, թե համաձայն է: Զրուցեցինք, ասաց` առաջին անգամ է մերկանալու ֆոտոխցիկի առջեւ, ես էլ խոստովանեցի, որ նույնպես առաջին անգամ եմ նման նկարահանում իրականացնելու:):

Ամենից դժվարը նկարահանման առաջին վայրկյաններն են. լուսանկարիչն իր վերաբերմունքով պետք է ցույց տա մոդելին, որ միեւնույն է` նա հագուստով է, թե մերկ: Նրա աչքերում չպետք է տղամարդկային ցանկություն նկատվի: Բայց նաեւ մոդելի հմտությունից է կախված ընթացքն ու արդյունքը: Ի դեպ, այդ ամենն իսկապես զգացվում է լուսանկարներում:

-Որո՞նք են ժանրային դժվարություններն ու բարդությունները:


-Հենց առաջին նկարահանման ընթացքում հասկացա, որ Հայաստանում բավական դժվար է մոդել գտնել, որը կհամապատասխանի փնտրածդ չափանիշներին եւ ճիշտ կընկալի “նյու” նկարահանումը: Շատերն այն անբարոյականություն են համարում, բայց այդպես չէ: Հրաշալի կլիներ, եթե հայ մոդելները համապատասխան կրթություն ստանային, ճանաչեին իրենց մարմինը, լինեին ճկուն, արտիստիկ: Իսկ այսօր հանդիպում ենք ծայրահեղությունների. նրանք կամ շատ փակ են, կամ էլ` չափազանց գռեհիկ:

Էմին Արիստակեսյանի աշխատանքներից


-Այդ դեպքում ո՞րն է “նյու”-ի, էրոտիակայի եւ պոռնոգրաֆիայի սահմանը:

-Կան ընդունված եւ տարանջատող նորմեր, բայց կա նաեւ անհատական մոտեցում: Վերոհիշյալ ժանրերը տարբեր զգացողություններ են առաջացնում. պոռնոն` կենդանական ցանկություն, էրոտիկան` երեւակայություն, իսկ “նյու”-ն` էսթետիկա: Համենայնդեպս, ես այդպես եմ կարծում: Իմ աշխատանքներն արտահայտում են ներաշխարհս: Մերկ մարմինը միջոց է, որի շնորհիվ փորձում եմ գաղափարներ, էմոցիա եւ հոգի ներկայացնել:

-Ովքե՞ր են քո մոդելները:


-Աշխատում եմ նրանց հետ, ովքեր մեծ ցանկություն ունեն մերկ լուսանկարվել: Իմ մոդելները կիրթ աղջիկներ են` սկսած բանկի աշխատակցուհուց մինչեւ բուհի ուսանողուհի, ունեն լավ ընտանիքներ: Նրանք մերկանալու իրենց պատճառներն ունեն. մեկն ուզում է ինքնահաստատվել ու ազատվել հոգեբանական բարդույթներից, մյուսին հետաքրքրում է լուսանկարների գեղեցիկ պորտֆոլիո ունենալը եւ այլն: Երբեք չեմ լուսանկարում մերկապարուհիներին եւ թեթեւաբարո կանանց: Նրանք համահունչ չեն իմ էսթետիկային, իսկ նրանց մարմնի էներգետիկան էլ ավելի հարմար է էրոտիկ կամ պոռնոգրաֆիկ ժանրին:

-Ի՞նչ է տեղի ունենում նկարահանման հրապարակում:

-Շատերը երեւակայում են, թե “նյու” նկարահանումն էրոտիկ պրոցես է, բայց ֆոտոշարքերն իրականացվում են սովորական աշխատանքային մթնոլորտում: Լուսանկարիչը պետք է նաեւ հոգեբան լինի: Երբ մոդելը մերկանում է, դառնում է անպաշտպան, միանգամից անհետանում են բոլոր պատնեշները, երբեմն նա պատմում է այնպիսի գաղտնիքներ, որոնց մասին նույնիսկ ընկերները չգիտեն: Հարգում եմ նրանց եւ լուսանկարներն էլ հրապարակում համաձայնություն ստանալուց հետո: Սա երկկողմանի աշխատանք է. նա “տրամադրում” է ինձ իր մարմինը, ես էլ փորձում եմ փոխհատուցել: Պատրաստ եմ պատասխան տալ յուրաքանչյուր լուսանկարիս համար եւ ապացուցել, որ որեւէ գռեհկություն չկա:

Էմին Արիստակեսյանի աշխատանքներից


-Կոնֆլիկտներ եղե՞լ են մոդելների հարազատների, փեսացուների հետ:

-Դարեր ի վեր նկարիչները նկարել, քանդակագործները կերտել են մերկ մարմին, իսկ մենք ապրում ենք նախապաշարմունքների եւ հին ավանդույթների երկրում, ինչը թույլ չի տալիս մարդկանց լիովին ազատվել: Շատերն ունեն մերկ լուսանկարվելու ցանկություն, մեկին խոչընդոտում են ծնողները, մյուսին` փեսացուն: Ի դեպ, աղջկա եմ լուսանկարել, որի ընկերը դեմ էր, սակայն, տեսնելով արդյունքը, զղջացել է:

-Ի՞նչ կասես տղամարդկանց մերկ լուսանկարելու մասին:

- Եթե մոդելը համապատասխանի “նյու”-ի չափանիշներին, ապա ինչո՞ւ ոչ, կարելի է նման փորձ կատարել: Բայց կա մի ճշմարտություն. կինը գեղեցիկը ներկայացնելու ավելի շատ հնարավորություն է տալիս: Ի դեպ, կարծում եմ` գեղեցիկ կլինի լուսանկարել տղամարդուն եւ կնոջը միասին: Կնոջ մարմնի գեղեցկությունն անհավանական է: Չկա տգեղ կին, կա սխալ ռակուրս:

Էմին Արիստակեսյանի աշխատանքներից


-Զրույցի սկզբում նշեցիր, որ կինդ` Ալիսան, աջակցում է քեզ “նյու” ոճում ստեղծագործելու հարցում, տեղյակ եմ, որ հաճախ ներկա է լինում նկարահանումներին եւ օգնում է քեզ: Ինչպե՞ս կարձագանքես, եթե նա որոշի մերկ լուսանկարվել:

-Նախ` կնոջս “պաշտոնական’’ լուսանկարիչը ես եմ:): Դեմ չեմ լինի, բայց նրան պետք է լուսանկարի մեկը, որին հարգում եմ եւ հավանում եմ աշխատանքները: Մոռացա նշել` անպայման պետք է հետեւեմ նկարահանման ընթացքին:

-Խորհուրդ տուր ապագա մոդելներիդ, ովքեր պատրաստվում են մերկանալ.  ինչպե՞ս իրենց դրսեւորեն  լուսանկարչի առջեւ:

- Կարեւոր է, որ մոդելը գիտակցի` մերկանում է ֆոտոխցիկի, ոչ թե լուսանկարչի առջեւ: Նա պետք է լինի այնպիսին, ինչպիսին է հայելու առջեւ միայնակ կանգնած ժամանակ: Չպետք է կաշկանդվի տարբեր դիրքեր ընդունելիս: Եթե եկել եք մերկ լուսանկարվելու, ուրեմն վստահեք լուսանկարչին:
Յուրաքանչյուր նկարահանումից նոր բան եմ հայտնաբերում ինձ համար. անընդհատ սովորելու գործընթաց է: Երեկ ավելի վատ էի նկարում, քան այսօր, վաղն ավելի լավ եմ լուսանկարելու:):

Զրուցեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին