×


Էմմա Ասատրյան.“Մտածում եմ` ինչպես եմ առաջ ապրել”

Էմմա Ասատրյանը տեւական ժամանակ է` երաժշտական նորություններով հանդես չի գալիս, բայց շարունակում է աշխատել բեմից ու կադրից դուրս: Ջազ երգչուհին BRAVO.am-ի հետ զրուցում պատմել է իր նոր աշխատանքի, աշակերտների եւ առողջ ապրելակերպ վարելու մասին:

Էմմա Ասատրյանը


Շուրջ 6 ամիս նա կանոնավոր հաճախում է մարզասրահ եւ ֆիտնեսի շնորհիվ զգալիորեն փոխել է կազմվածքը.“Հիմա այնքան հաճույքով եմ մարզվում, որ մտածում եմ` ինչպես եմ առաջ ապրել. կյանքս առանց մարզվելու արդեն չեմ պատկերացնում: Դադար եմ վերցրել միայն սեպտեմբերի սկզբին, երբ դասերը նոր էին սկսվել: Դեռ փոքրուց հետեւել եմ տարբեր սննդակարգերի, հաճախել պարի ու լողի դասերի, բայց մի տարիք եկավ, երբ առանց կողմնակի միջոցների միանգամից նիհարեցի: Հիմա մկանային համակարգս ճիշտ եմ մարզում, աշխատանքից հետո թեեւ հոգնած եմ լինում, բայց հաճույքով եմ պարապմունքի գնում”:

Էմմա Ասատրյանը


Էմման 2008 թվականից դասավանդում է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում, նրա խոսքով` սկզբում բոլորովին չի ցանկացել երեխաների հետ աշխատել, բայց խոստովանում է, որ այժմ երաժշտական դպրոցը դարձել է իր ոչ թե երկրորդ, այլ առաջին տունը: Նրա աշակերտների թվում են նաեւ վերջին տարիներին Հայաստանը “Մանկական Եվրատեսիլ”-ում ներկայացրած մասնակիցներ Դալիթան, Մոնիկա Ավանեսյանը եւ Բեթթին.“Իմ ճակատին երեւի գրված է “Մանկական Եվրատեսիլ”:): Օրեր առաջ մի ծնող իր աղջկան բերել էր ընդունելու եւ հարցնում էր` ինչ պլաններ ունեմ երեխային առաջ տանելու համար, բայց պատասխանեցի, որ պրոդյուսեր չեմ, ընդամենը վոկալի ուսուցիչ եմ: Կան երեխաներ, որ երգն իրենցը չէ, եւ նրանց ասում եմ այդ մասին, բայց կան երեխաներ, որ այնքան շնորհալի են, որ խորհուրդ եմ տալիս ուսումն արտերկրում շարունակել: Աշակերտուհիներիցս մեկը` Տաթեւը, որի անունը դեռ կլսեք որպես ջազ երգչուհի, այս ամառ պետք է ընդունելության քննություն հանձնի Ավստրիայի կոնսերվատորիայում, որտեղ ես եմ սովորել: Հիմա օրվա մեծ մասն աշակերտներիս հետ եմ լինում, դպրոցի անձնակազմն էլ արդեն շատ հարազատ է դարձել”:

Նա 2013-ի սեպտեմբերից նաեւ աշխատում է Երեւանի կոնսերվատորիայի ջազ վոկալի բաժնում` որպես Ռաիսա Մկրտչյանի օգնական.“Նա ինձ շատ ջերմ ընդունեց: Երբ Երվանդ Երզնկյանը զանգահարեց ու առաջարկեց, որ Ռաիսա Հրանտովնայի օգնականը դառնամ, իսկապես ուրախացա, հետո նա էլ ինձ ասաց, որ փոխադարձ ուրախ է: Առաջ Աստված, հուսամ` այս տարվա սեպտեմբերից կաշխատեմ որպես դասախոս”:

Էմմա Ասատրյանը


Երգչուհին բեմական կյանքում դադար է վերցրել, բայց ինչպես նշել է` բացակայությունը ժամանակավոր է.“Սպասում եմ, թե երբ Մարտին Միրզոյանը կգործիքավորի երգերս: Նա իմ լեզուն լավ է հասկանում, իմ հեղինակած նոր երգերը նրան եմ վստահել: Դրանցից մեկի հիման վրա տեսահոլովակ կներկայացնեմ, Մարտինի խոսքով` ռիսկային երգ է, դեռ փակագծերը չեմ բացի, բայց վստահ եմ, որ ուզում եմ հույզերս լսարանին ներկայացնել”:

Մեր հարցին, թե ում հետ կցանկանա զուգերգ կատարել, Էմման նշել է “Ռեինկարնացիա” խմբի անունը.“Ինձ թվում է` հետաքրքիր կլինի, դեռ այս մասին նրանց ոչինչ չեմ ասել: Երբ հստակ պատկերացնեմ` ինչպիսի երգ կարելի է կատարել, ինքս սիրով կառաջարկեմ: Ռոլանդն այնպիսի արտիստ է, որ հաճույքով կցանկանամ համագործակցել”:

Էմման նաեւ հայտնել է, որ իր ազատ ժամանակը տրամադրում է ընթերցանությանը` այս շրջանում կարդալով Հարուկի Մուրակամիի, Ռիչարդ Բախի, Էրիխ Էմանուել Շմիդտի ստեղծագործությունները.“Նրանց գրեթե բոլոր գործերն արդեն կարդացել եմ: Ընթերցում եմ առավոտյան` մինչեւ սուրճ խմելը, կամ էլ քնելուց առաջ` համացանց մտնելու փոխարեն: Կարդալն ինձ առօրյայից կտրում ու հանգստացնում է”:

BRAVO.am
Լուսանկարները տրամադրել է Էմմա Ասատրյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին