×


Էմմա Ասատրյանը ներկայացրել է իր շիկահեր ու կարճատես կատվին :)

Երգի թատրոնում ժամեր առաջ տեղի է ունեցել Էմմա Ասատրյանի նոր` “Շիկահեր ու կարճատես կատու” երգի տեսահոլովակի շնորհանդեսը: Այս առիթով թատրոնում հավաքվել էին երգչուհու ընկերներն ու հարազատները, որոնք մինչեւ պրեմիերան վայելել են նաեւ համերգային փոքրիկ ծրագիր:

Էմմա Ասատրյանը


Էմման երաժիշտների նվագակցությամբ կատարել է ջազային հանրահայտ ստեղծագործություններ` վերջինը` Ռոմանոս Մելիքյանի “Վարդը”, նվիրելով Էլվինա Մակարյանի հիշատակին.“Այսօր արդեն հրեշտակ դարձած այս երգչուհին նախատեսում էր համերգով այցելել Հայաստան: Այդ առիթով նա մի ձայնասկավառակ էր ուղարկել` կազմված այն ստեղծագործություններից, որոնք նախատեսում էր կատարել: Ինձ բախտ վիճակվեց ունենալ այդ CD-ն ու լսել դրանում առկա երգերը, որոնց թվին էր պատկանում նաեւ “Վարդը”` հենց նույն հարմոնիաներով, որոնցով էլ, ինձ իրավունք վերապահելով, ներկայացրի”, - BRAVO.am-ի հետ զրույցում ասել է նա:

Հուզիչ կատարումից հետո երգչուհին ներկաների ուշադրությունը հրավիրեց մեծ էկրանին` դիտելու “Շիկահեր ու կարճատես կատու” երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը, որի ռեժիսորը Դավիթ Բաբայանն է, իսկ օպերատորը` Արտավազդ Խաչատուրյանը:

Էմմա Ասատրյանը


Ռեժիսորի փոխանցմամբ` տեսահոլովակի` “Հայֆիլմ” կինոստուդիայում իրականացված նկարահանումները տեւել են ընդամենը երկու օր, իսկ կատվի հետ աշխատանքը հավելյալ բարդություններ չի առաջացրել.“Երբ գիտես ու պատկերացնում ես, թե ինչ ես ուզում ստանալ, ամեն ինչ բավական հեշտ ու արագ է ստացվում: Այս աշխատանքում ժամանակատար էին միայն համակարգչային էֆեկտները. մոտ մեկ ամիս պահանջվեց տեսահոլովակը վերջնական տեսքի բերելու համար”:

Ռեժիսոր Դավիթ Բաբայանը եւ Էմմա Ասատրյանը


“Շիկահեր ու կարճատես կատվի” գործիքավորումը կատարել է Մարտին Միրզոյանը, իսկ խոսքերի ու երաժշտության հեղինակը հենց Էմմա Ասատրյանն է. “Հումորային երգ է, չնայած` ինչպես գիտենք, ցանկացած հումորի մեջ ճշմարտության բաժին կա: Կատուները տնից փախչելու սովորություն ունեն, տղամարդիկ էլ ունեն նման սովորություն. հենց ամուսնանում են, դեպքեր են լինում, երբ տնից փախչում են:)”, - կատակել է երգչուհին:

Էմմա Ասատրյանի “Շիկահեր ու կարճատես կատու” երգի տեսահոլովակի շնորհանդեսին


“Շարմ Հոլդինգ” ընկերության ներկայացրած նոր տեսահոլովակի առաջին ցուցադրության ավարտին հնչած բուռն ծափահարություններից հետո Էմման ներկաներին հրավիրել է հյուրասիրության, ինչի մեկնարկը տրվել է շիկահեր ու կարճատես կատվով զարդարված տորթի կտրմամբ:):

Տեքստը` Դիանա Հովհաննիսյանի /BRAVO.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /BRAVO.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին