×


Էմմա Ասատրյանի որդու մկրտության լուսանկարները

Մեկ ամիս առաջ` Երեխաների պաշտպանության միջազգային օրը, BRAVO.am-ը ներկայացրել է ջազ երգչուհի Էմմա Ասատրյանի եւ դուդուկահար Էմմանուել Հովհաննիսյանի որդու առաջին լուսանկարները: Անրիի երեք ամսականի օրը ծնողները կազմակերպել են նրա մկրտության արարողությունը` լուսանկարները կրկին առաջինը տրամադրելով մեր կայքին:

Էմմա Ասատրյանն` ամուսնու եւ որդու հետ


«Ըստ առաքելական եկեղեցու` երեխային կնքում են ծննդից 7 օր անց, բայց մերն ավելի ուշ ստացվեց: Ամուսինս շատ էր ուզում, որ իր մանկության ընկերը լինի մեր ձագուկի կնքահայրը, իսկ նա Լոս Անջելեսում էր: Այդ պատճառով էլ հետաձգեցինք»,-պատմել է երգչուհին:

Զույգի առաջնեկին կնքել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանը` Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցում.«Մեր պսակադրությունն էլ կատարել է սրբազանը եւ հենց այս եկեղեցում: Փոքրիկի ծննդից հետո խոստացել էինք հնարավորինս շուտ կնքել նրան եւ անհամբեր սպասում էինք մեր կյանքի այդ կարեւոր օրվան ու մեծ խորհրդին»:

Փոքրիկ Անրիի մկրտությանը


Էմմայի խոսքով` որդին իրեն հրաշալի է դրսեւորել արարողության ողջ ընթացքում. «Սրբազանն էլ ասաց, թե խելոք-խելոք լսեց ու քնեց: Իրեն ծանոթ էր աղոթքը, քանի որ ծնված օրվանից ուտելիս «Հայր մեր»-ն է լսել, նաեւ քնելուց առաջ միասին «Նարեկ» ենք կարդում»:

Բագրատ սրբազանը եւ Էմմա Ասատրյանը` որդու հետ


Ի դեպ, տարոսիկները երգչուհին է պատրաստել` փոքրիկի լուսանկարներով. «Եկեղեցուց դուրս գալիս բաժանեցի, այնուհետեւ բակում զբոսնեցինք, զրուցեցինք ու տուն գնացինք: Առհասարակ. կարելի է մեծ քեֆ անել, ցանկություն ու ժամանակ է պետք, բայց մկրտության պարագայում ռեստորանային ճոխ ուտեստները կարեւոր չեն»:

Էմման նշել է, որ որդին մկրտության հաջորդ օրվանից կարծես փոխվել է.«Ես ու ամուսինս զգացել ենք այդ ֆենոմենը. ասես մեծացել է, շատ բան է փոխվել: Իսկապես հզոր ուժ ունի երեխային կնքելը, համենայն դեպս, երբ հավատում ես, օրհնված քրիստոնյա ես դառնում»:

Էմմա Ասատրյանը` հայրիկի եւ որդու հետ


Ավանդույթի համաձայն, Էմման եւ Էմմանուելը ամեն ամիս կազմակերպում ու նշում են փոքրիկի ամսական ծնունդները.«Ամեն ամիս մի կենդանի է լինում տորթի վրա, իսկ 12-րդը լինելու է մարդուկ: Իր սենյակում աստիճանի նման դարակներ կլինեն, որոնցից յուրաքանչյուրի վրա էլ կտեղադրենք կենդանիներին»:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Վահե Մինասյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին